2011-ին էլ հույս չկա, որ ուսումնարանների ու քոլեջների հիմնախնդիրները կլուծվեն
ՀՀ կրթության ոլորտում ներկայումս թերեւս ամենախոցելին նախնական եւ միջին մասնագիտական կրթության ոլորտներն են: Այստեղ գոյություն ունեն բազում հիմնախնդիրներ՝ սկսած շենքային պայմաններից մինչեւ ուսումնական պլանների շիլաշփոթը: «Առավոտի» կատարած փոքրիկ ուսումնասիրությունը տարբեր քոլեջների եւ ուսումնարանների շրջանում ցույց տվեց, որ այս դաշտում գոյություն չունի նույնիսկ գնահատման ընդհանուր համակարգ. մի ուսումնարանում գործում է 5, մյուսում՝ 10 միավորանոց գնահատման համակարգը: Դեռ լուծված չէ դասագրքերի հարցը, մասնագիտական ծրագրերի մի մասն արդեն հնացած է, հիմնականում բացակայում են առարկայական ծրագրերը, մեթոդական ձեռնարկները, հանրակրթական առարկաների մասով ավարտական քննությունների կարգը: Տնօրենների հետ զրույցում պարզ դարձավ, որ մի ուսումնարանում ավարտական քննությունը թելադրություն է, մյուսում՝ թեստ, մեկ ուրիշում՝ փոխադրություն:
Այս խնդիրների մասին զրուցեցինք նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների որոշ տնօրենների հետ: Թիվ 5 ուսումնարանի տնօրենին փոխարինող Անահիտ Մանուկյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց. «Մենք ոչ մի լաբորատորիա չունենք, երբ մեզնից ուսումնարանի վիճակի մասին տեղեկություններ են պահանջում, դա միշտ շեշտում ենք: Մինչ այսօր հարցն այդպես էլ չի լուծվել: Շենքային պայմաններն էլ են չափից ավելի անմխիթար, պատուհանները հին են, տանիքն ունի վերանորոգման կարիք, չունենք լոկալ ջեռուցում, դասարանները փորձում ենք տաքացնել էլեկտրական սալիկներով: Ուսումնական պլաններ, իհարկե, ունենք, բայց դասագրքեր չունենք, ընդամենը ուսուցիչների համար նախատեսված մի քանի ձեռնարկներ են հատկացրել»:
Երեւանի պետական տեխնոլոգիական քոլեջի տնօրեն Անահիտ Մելքոնյանն էլ այս խնդիրների կապակցությամբ ասաց. «Գնահատման ընդհանուր համակարգ իրոք գոյություն չունի, սակայն, իմ տեղեկություններով, ԿԳ նախարարությունում այդ առումով աշխատանքներ են տարվում: Դասագրքեր եւս մեզ չեն հատկացվել, դրանք կամ մենք ենք ձեռք բերել, կամ ծնողներն են բերել: Սկզբում իհարկե ցանկություն կար քոլեջներին եւս դասագրքեր տրամադրել, սակայն հետո պարզվեց, որ դա ֆինանսական մեծ խնդիրների հետ է կապված, ու որոշեցինք, ինչպես ասում են, մեր յուղով տապակվել: Խնդիրների խնդիրն այն է, որ քոլեջների մանկավարժները ամենացածր աշխատավարձն ունեն՝ 32 000 դրամ»:
ԿԳՆ նախնական եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Աբրահամյանի հետ զրույցում «Առավոտը» պարզեց, որ քոլեջներն ու ուսումնարաններն այս տարի էլ հույս չեն ունենա, թե իրենց հուզող խնդիրները կլուծվեն. պետական ֆինանսավորումը կրկին չնչին է, այն հիմնականում ուղղված է այս համակարգում պետպատվերի ձեւավորմանը: Գնահատման համակարգի մասին էլ վարչության պետը հայտնեց. «Իրոք, այսօր նախնական եւ միջին մասնագիտական դաշտում ընդհանուր գնահատման համակարգ գոյություն չունի, ինչը որոշակի դժվարություններ է առաջացնում, երբ դպրոցից 10 բալանոց համակարգով աշակերտները տեղափոխվում են ուսումնարաններ, իսկ բուհերում՝ 20 բալանոց համակարգով սովորելով՝ երբեմն նաեւ տեղափոխվում են քոլեջներ: Հնարավոր է՝ այս տարի ունենանք ընդհանուր գնահատման համակարգ»: Լաբորատորիաների եւ ուսումնարանների ու քոլեջների շենքային անմխիթար պայմանների մասին խոսելով՝ պարոն Աբրահամյանը նշեց, որ այս ոլորտում ծրագրեր են իրականացվում դոնոր կազմակերպությունների, տարբեր հիմնադրամների միջոցով: Իհարկե, գործում է պետական համաֆինանսավորման համակարգը, սակայն այն չնչին է: «Առավոտը» պարզեց, որ միայն պետական ֆինանսավորմամբ 2010-ին որեւէ քոլեջ չի վերանորոգվել, 2011-ին եւս դա չի սպասվում: Անդրադառնալով քոլեջների եւ ուսումնարանների ուսումնական պլանների հետ կապված շիլաշփոթին, վարչության պետը նշեց. «Ստեղծվել են օրինակելի ուսումնական պլաններ, եւ ուսումնական հաստատություններն առաջնորդվելու են դրանցով: Ներդրվել է նաեւ հաստատությունների խորհուրդների համակարգը»: Պարոն Աբրահամյանին հիշեցրինք, որ երբ ԿԳ նախարարն արգելեց էքստեռն քննությունները, ուսումնարաններն ու քոլեջները դպրոցը ժամանակից շուտ ավարտել ցանկացողների համար լավ թաքստոց դարձան: Այնուհետեւ հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք վերահսկողությունն այս ուսումնական հաստատությունների նկատմամբ չի խստացվել: Վարչության պետը պատասխանեց. «Պիտի այդ մոտեցումից վերջապես կարողանանք ձերբազատվել, ի վերջո՝ նախնական կամ միջին մասնագիտական կրթական հաստատությունները Հայաստանում պիտի ուղղված լինեն նրան, որ շրջանավարտը կարողանա իր ձեռք բերած մասնագիտությամբ մուտք գործել աշխատաշուկա, ոչ թե դառնան տրամպլին՝ դեպի բուհ»: