Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԻՏՊԵՏԿՈՄԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱԿԱԴԵՄԻԿՈՍՆԵՐԸ «ԿՏՐԵԼ» ԵՆ

Հունվար 14,2011 00:00

\"\"Սամվել Հարությունյանը չի մեկնաբանում իր հետ կատարվածը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ գիտությունների ակադեմիայի (ԳԱԱ) ընդհանուր ժողովը դեկտեմբերի 27-28-ին անցկացրեց ակադեմիկոսների եւ թղթակից անդամների ընտրություններ: ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն էլ մեկնել է Փարիզ՝ հանգստանալու: Այս ընտրություններում էլ հետաքրքիր փաստեր են արձանագրվել: Թեկուզ այն, որ ԳԱԱ թղթակից անդամ չի ընտրվել Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Թեեւ նա եւ ԳԱԱ մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի տնօրեն Աննա Բոյաջյանը բավարար ձայներ են հավաքել բնագիտական գիտությունների բաժանմունքում, սակայն տապալվել են ԳԱԱ ընդհանուր ժողովի գործողությունների արդյունքում:

Գիտպետկոմի նախագահ Սամվել Հարությունյանը երեկ ձեռնպահ մնաց իր «մասով» մեկնաբանել ընտրությունների արդյունքները, հեռախոսով «Առավոտին» ընդամենը փոխանցեց. «Եթե ինչ-որ բան է հետաքրքրում, ակադեմիայից հարցրեք»:

«Առավոտը» ժամանակին գրել էր, որ կենսաֆիզիկայի եւ մոլեկուլյար կենսաբանության բնագավառում ֆիզիկոս Սամվել Հարությունյանի՝ ԳԱԱ թղթակից անդամի թեկնածու առաջադրվելը աչք է ծակում («Առավոտ», 23. 12. 2010, «Գործարք պետական միջոցների հաշվի՞ն»): ԳՊԿ տնօրենն էլ պատասխանել էր, թե այսօր ֆիզիկան, քիմիան, կենսաբանությունն այնքան են սերտաճել, որ դժվար է ասել՝ որտեղ է սկսվում ֆիզիկան եւ վերջանում կենսաբանությունը: Հետո հավելել էր. «Ես դոկտորական եմ պաշտպանել կենսաֆիզիկա մասնագիտությամբ եւ զբաղվում եմ կենսաբանական օբյեկտներով: Իմ աշխատանքների մեծ մասը տպագրված է կենսաֆիզիկայի, մոլեկուլյար կենսաբանության ոլորտի ամերիկյան ամսագրերում»:

ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Վիլեն Հակոբյանից, որի համար էլ կոմիտեն մի գիտական խումբ է ստեղծել կենսաքիմիայի ինստիտուտում, հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է պատահել, որ Ա. Բոյաջյանն ու Ս. Հարությունյանը «անցել» են բաժանմունքով, «ջնջվել»՝ ընդհանուր ժողովում: Արդյո՞ք դրա մեջ անառողջ բան չկա: Վ. Հակոբյանը նշեց, որ հարցն առանձնապես մեկնաբանության կարիք չունի, ուղղակի բաժանմունքում քվեարկողները 22 հոգի են, ԳԱԱ ընդհանուր ժողովում՝ 190-ից ավելի: «Բոյաջյանին ընդամենը երեք ձայն չբավարարեց, Հարությունյանին՝ ավելի շատ»,- շարունակեց ակադեմիկոսը ու պարզաբանեց բաժանմունքով թեկնածուների անցնելու մեխանիզմը. «Բաժանմունքում քվեարկողները ոլորտի մասնագետներ էին, թեկնածուներին իմացող մարդիկ, իսկ ընդհանուր ժողովում քվեարկել են ֆիզիկներ, մաթեմատիկներ, քիմիկներ, դրա համար էլ բացասական ձայներն ավելի շատ են ստացվել»:

Նա ընդունեց այն փաստը, որ ակադեմիայի անդամների մեծամասնությունը չի տիրապետում օտար լեզվի, համակարգչային գիտելիքներից զուրկ է: Իսկ ի՞նչ չափանիշներով են ընտրություն կատարել, ինչպե՞ս է կոնկրետ ինքը վերաբերվում ռեյտինգ ասվածին: Վ. Հակոբյանն ասում է, որ համապատասխան հանձնաժողովը՝ կազմված ակադեմիկոսներից եւ թղթակից անդամներից, ուսումնասիրում է տվյալ գիտնականի հետազոտությունների գիտական ու հանրապետական նշանակությունը եւ անպայման հասարակական դեմքը ու որոշում՝ որ թեկնածուն է ավելի արժանի. «Ինչ վերաբերում է ռեյտինգին, դա հարաբերական բան է»:

Ըստ ակադեմիային մոտ կանգնած մեր աղբյուրների, ակադեմիան, դուրս թողնելով Սամվել Հարությունյանին, վրեժխնդիր է եղել այն բանի համար, որ Գիտության պետական կոմիտեն խլել է ԳԱԱ-ից փորձաքննություն իրականացնելու, հետեւաբար՝ գիտության գումարները ըստ ճաշակի տնօրինելու գործառույթը: Ինչ վերաբերում է Ա. Բոյաջյանին, ինչպես ԳԱԱ մյուս ինստիտուտներում, այնպես էլ նրա ղեկավարած ինստիտուտում Վերահսկիչ պալատը խայտառակ խախտումներ է գտել: Ըստ մեր տեղեկությունների, մյուս պատճառն էլ այն է, որ տիկին Բոյաջյանը մոլեկուլյար կենսաբանության հետ կապված որեւէ տպագրված հոդված չունի, չնայած նրան երաշխավորել է համապատասխան բաժանմունքը:

Ա. Բոյաջյանը եւս չմեկնաբանեց իր ԳԱԱ թղթակից անդամ չընտրվելը: «Քանի որ դիմել էի, չեմ ուզում ինչ-ինչ մեկնաբանություններ անել, որպեսզի հայկական վարիանտը չգործի: Ավելի ուշ գուցե խոսեմ դրա վերաբերյալ»,- փոխանցեց նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել