Լրահոս
Օրվա լրահոսը

62. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ

Հունվար 14,2011 00:00

\"\"
Շուշիի քաղաքապետ Կ. Ավագիմյանը եւ վարչակազմի ղեկավար Գ. Հայրիյանը:

\"\"
Շուշիի Արեւելյան բաղնիքը:

\"\"
Ամուսիններ Քրիստինե Պուպան եւ  Արմեն Ռակետջյանը:

Մինչ ցուցահանդեսի հանդիսավոր բացումը՝ դեռ ժամանակ կար, ուստի եւ Վազգեն Սարգսյանի հրապարակում հանդիպեցի Շուշիի շրջանի համայնքի վարչակազմի ղեկավար Գ. Հայրիյանին ու քաղաքապետ Կ. Ավագիմյանին, ու ծառուղով քայլեցինք դեպի խանի աղջկա պալատը։

– «Շուշի» բարեգործական հիմնադրամի հայեցակարգում գլխավոր կետերից մեկը բերդաքաղաքի 19- րդ դարի քաղաքային մթնոլորտի հնարավորին չափով պահպանումն ու վերականգնումն է,- դիմեցի ես,- ինչքանո՞վ է իրականացվում այս մոտեցումը։

– Մեր խնդիրը շինարարության ժամանակ հին քաղաքի ճարտարապետական տեսքի պահպանումն է,- պատասխանեց վարչակազմի ղեկավարը,- գործը սկսեցինք ջրամատակարարումից։ 19- րդ դարի վերջին Թադեւոսի ջրագծին զուգահեռ ջրագծի կառուցումից հետո գլխավոր խնդիրը ջրամատակարարման ներքին ցանցն է։ Նոր ջրագծով Քիրսի աղբրաջրերը հասցվել են քաղաք։ Այն լիովին կբավարարի մինչեւ ինը հազար բնակչի կարիքները։ Կկառուցվեն լրացուցիչ 1200 խմ ջրամբարներ, որտեղ կկուտակվի ջուրը։ Քաղաքի ներքին ցանցը ավելի մեծ ծավալի աշխատանքներ է ընդգրկում։ Համայն հայության տրամադրած գումարներով այս գործն իրականացնում է «Հայաստան» հիմնադրամը։ Կփոխվեն բազմաբնակարան շենքերի ներքին ջրատար խողովակները:

– Լուրջ խնդիր է կեղտաջրերի մաքրումը։ Հունոտի կիրճից երեւում է, թե ջրվեժի տեսքով ինչպես են ձորը թափվում քաղաքային կեղտաջրերը։

– Շուշիում մաքրման կայան չի կառուցվելու,- ասաց Գ. Հայրիյանը,- կոյուղու կոլեկտորը կմիացվի Ստեփանակերտից դուրս եկող կոլեկտորին, Ասկերանի մոտ կկառուցվի կեղտաջրերի մաքրման կայան։ Իսկ քաղաքի կոյուղու ներքին ցանցը այժմ անորոշ վիճակում է գտնվում։ 19- րդ դարից մնացած կոյուղին մասնակի վերանորոգումների է ենթարկվել։ Այն փողոցներում, որոնք նորոգվում են ու ասֆալտապատվում, նոր կոյուղի է անցկացվում։

– Մեր հիմնադրամի գործունեության հիմնական նպատակը Շուշիի մշակութային ժառանգության ուսումնասիրությունն է։ Թե՛ բերդաքաղաքում, թե՛ ողջ սարահարթում պետք է պարզվի, թե ինչ կա գետնի տակ։ Ղազանչեցոց փողոցը վերակառուցելու ընթացքում, հենց եկեղեցու դիմացի բացվածքում մեկուկես մետր խորության վրա երեւում էին հին Շուշիի տների թաղերը։ Դա Շուշիի իրական պատմությունն է։ Հետո այն առանց ուսումնասիրելու ծածկվեց ու ասֆալտապատվեց։ Հիմնադրամի կողմից քարտեզագրվել են սարահարթի հնավայրերը, որոնք պեղելու կարիք ունեն։ Այս վայրում կառուցապատումը կամ հողահատկացումը լուջ վնաս կհասցի դարերի խորքից եկող մեր պատմությանը։

– Կարո՞ղ եք մեզ տրամադրել այդ քարտեզը,- հարցրեց քաղաքապետ Կ. Ավագիմյանը,- Այդ հարցն էլ է մեր ուշադրության կենտրոնում։ Սակայն լուրջ խնդիր է կենսունակ քաղաքի ստեղծումը։ Կենրոնական փողոցը մենք ասֆալտապատել ենք, քանի որ այն հարմար է ավտոմեքենաների համար։ Իսկ մնացած սալարկած փողոցները կպահպանվեն, որպեսզի չխաթարվի 19- րդ դարի միջավայրը։ Հին թաղամասերում գազի խողովակներ են անցկացվում, որը միանգամից ազդում է հին տեսքի վրա։

– Եվրոպայում, այլուր գոյություն ունեն հետաքրքիր լուծումներ, որ դեղին ներկած խողովակները չազդեն հին քաղաքի տեսքի վրա,- ասացի ես։- Հինգ տարի առաջ, երբ չափագրում էինք հին թաղամասի շինությունները, շատ կարեւոր շենքեր կարելի էր վերականգնել, իսկ այսօր դրանք քանդման են ենթակա։ Պատերի մեջ շենքի ամրությունն ու առաձգականությունն ապահովող գերանները բնակիչների կողմից հանվել են ու օգտագործվել վառարաններում։ Շենքերի տանիքների թիթեղը հանել են, տարել։ Այդ շենքերը ձյան, անձրեւի տակ անպաշտպան են մնացել ու ավերվել։

– Ահա մեր առջեւ խանի աղջկա պալատն է,- ասաց Գ. Հայրիյանը,- կրող կոնստրուկցիաների տեսանկյունից թե՛ այս շենքը, թե՛ մյուս շինությունները արդեն վտանգավոր են, քանի որ ամեն պահի կարող են փլուզվել։ Սակայն դրանց ճակատագիրը Զբոսաշրջության վարչությունն է որոշում։ Շատ շենքեր այժմ անհնար է վերականգնել։ Մեր հաշվարկներով՝ քսան շինություն պետք է անհապաղ քանդվի։ Պաշտոնական գրություններ ենք ուղարկել, սակայն դրանք մերժվել են։ Իսկ բնակիչները կարող են փլուզման տակ մնալ։ Բերդապարսպի աշտարակի ճաքը մեծանում է։ Քաղաքի հուշարձանները անընդհատ հոգատարություն են պահանջում։ Կարեւոր խնդիր է Ռեալական ուսումնարանի շենքի վերականգնումը։ 2009 թ. ամռանը այն մաքրեցինք, այս տարի արդեն այդ տարածքը մտնելը խիստ վտանգավոր է, քանի որ պատերը փլուզման են ենթակա։

– Քաղաքի կենտրոնում, շուկայի հարեւանությամբ մի շենք կա, որը պատմական արժեք է ներկայացնում։ Այն պատկանել է մեծահարուստ Թառումյան եղբայրներին։ 1820 թ. այստեղ է իջեւանել Ամենայն հայոց կաթողիկոս Եփրեմը։ Նրան հյուր է եկել հետագայում կաթողիկոս դարձած Ներսես Աշտարակեցին։ Բայց այսօր ես զգուշությամբ անցա նրա պատի տակով, քանի որ այն փլուզման է ենթակա, իսկ նման շենքի վերականգնումը կարեւոր է։

– Այդ հարցով պետք է հանրապետության Զբոսաշրջության վարչությունը զբաղվի։

– Եթե Շուշիում շարունակվեն կառուցապատման այս տեմպերը, ապա շուտով մենք բարեկարգ քաղաք կունենանք,- ասաց քաղաքապետ Կ. Ավագիմյանը։

– Եթե 19-րդ դարից հրաշքով մարդ հայտնվի այստեղ, նա կճանաչի՞ իր հայրենի քաղաքը։

– Դժվար է ասել։ Եթե մեզ հաջողվի գոնե մի թաղամաս պահպանել…

– Հին թաղամասի տարբեր շենքերի պատուհանների, մուտքերի եզրաքարերով բերդաքաղաքի Գանձակյան մուտքի մոտ ռեստորան է կառուցվել, որքանո՞վ է դա արդարացվում։

– Հրաշալի ռեստորան- հյուրատուն է կառուցվել, ժամանակակից սպասարկումով, մի՞թե դա վատ է,- հարցրեց վարչակազմի ղեկավարը,- քանդվող շենքերի քարերը օգտագործվել են։

– Բայց կառուցվել է քաղաքային մուտքի՝ պատմական հուշարձանի տարածքում։ Մեկ այլ հարց. Շուշին խորհրդային տարիներին առողջարանային քաղաքի համբավ ուներ։ Հնարավո՞ր է այն վերականգնել։

– Մի անհատ լուրջ ներդրում է կատարել եւ վերականգնում է առողջարաններից մեկը։ Կարծում եմ, որ դա մեծ գործի սկիզբն է միայն,- ասաց Գ. Հայրիյանը։

– Հունոտի կիրճը կապո՞ւմ եք քաղաքի զարգացման հետ։

– Դա բիզնես է, որը դուրս է մեր իրավունքներից։

– Հանրահայտ է, որ Շուշիում բնակիչների զբաղվածության լուրջ խնդիր կա։ Շատ ընտանիքներ աղքատության մեջ են հայտվել։

– Այս խնդիրները մեզ էլ են հուզում։ Մի շարք գերատեսչություններ Ստեփանակերտից բերդաքաղաք են տեղափոխվում, որն էլ շատերի համար աշխատանքի տեղավորման հեռանկար է բացում։ Աշոտ Բեկորի փողոցում հանրակացարանային չորս շենք վերակառուցվում է Ագրարային համալսարանի համար։ Այն եւս կթեթեւացնի մեր հոգսերն այս ուղղությամբ։ Աստիճանաբար կլուծվի գործազրկության հարցը։

Զրույցն ավարտված համարելով, ես քայլեցի դեպի վարչակազմի շենքից ոչ հեռու գտնվող Ադամյան փողոց։ Մի քանի տարի առաջ ԼՂՀ կառավարությանը «Շուշի» հիմնադրամը ներկայացրել է փողոցի 19- րդ դարի միջավայրի պահպանման, վերականգնման նախագիծը, որը, սակայն, այդպես էլ թղթի վրա ու համակարգչային էջերում է մնացել։ Քաղաքային այս հատվածի վերականգնման սկզբունքում դրված է գործարարի կողմից տվյալ շինության վերականգնման ու բիզնեսի գործարկումից հետո այդ հատվածի սեփականության հաստատումը։ Փողոցի սկզբնամասում Արեւելյան բաղնիքն է։ Այն վերակառուցվել է, վերածվել է բաղնիք- ռեստորանի, որի կառավարիչն է Ռոմելա Հակոբյանը։ Դիտելով հին շինության վերականգնումն ու ներդրված բիզնեսի հաջող շահագործումը, ասես թե ծրագիրը սկսում է գործել։ Քիչ անց շտապեցի «Աղավնի» կենտրոն՝ ցուցահանդեսի բացմանը։ Արմեն Ռակետջյանը հավաքվածներին ներկայացրեց կենտրոնի բազմաթիվ ծրագրերը, որոնցից էր բազմազավակ ընտանիքներին օգնության ծրագիրը։ Այստեղ էր նաեւ 10 երեխա ունեցող Ալա Սողոմոնյանը։ Քրիստինա Պուպեն պատմեց դասերից հետո կենտրոնում տնային աշխատանքների կատարման, համակարգչային ու համացանցային դասընթացների մասին։ Ի դեպ, կենտրոնի չորս համակարգիչները նվիրել են այստեղ դասընթացների մասնակցող երեխաների ծնողները։

Լուսանկարչական աշխատանքների ցուցադրումից զատ, իր գեղանկարչական եւ գրաֆիկական աշխատանքներն է ներկայացրել Արցախի պետական համալսարանի կերպարվեստի ֆակուլտետի 4- րդ կուրսի ուսանողուհի Իլոնա Հովհաննիսյանը։

Ցուցահանդեսի բացման արարողությունից հետո Արցախի թեմի առաջնորդարանում հանդիպեցի Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանին, որին ներկայացրի երեք կարեւոր հարց։ Առաջինը վերաբերում է աշխարհի հայության վերաբերյալ յոթ հազար հին լուսանկարների հավաքածուի հիման վրա շուրջ յոթ տարի արծարծվող Շուշիում լուսանկարչության ազգային թանգարան բացելու խնդրին։ Սրբազան հայրը խոստացավ խնդիրը ներկայացնել երկրի նախագահին։ Ի դեպ, նման թանգարան հիմնելու գաղափարը հետաքրքրել է նաեւ Շիրակի մարզպետարանին, որն էլ թանգարան հիմնելու առաջարկով դիմել է ՀՀ մշակույթի նախարարությանը։ Նման թանգարանը Շուշիում կխթանի զբոսաշրջությունը, քանի որ աշխարհի հայերը կգան թանգարանում տեսնելու իրենց երկրների համայնքների վավերագրերը, պատմությունը լուսանկարներում։

Հաջորդ հարցը վերաբերում է Մարտակերտի շրջանի Տոնաշեն եւ Դաստակերտ հինավուրց գյուղերից ոչ հեռու Եղիշե առաքյալի վանքում (հնում՝ Ներսմիհրի մեհյան կամ Ջրվշտիկ) իմ հայտնաբերած 5- րդ դարի հուշասյան կանգնեցմանը։ Հուշասյունը 482 թվականին Եղիշեի պատվին կանգնեցրել է Հայոց Արեւելից թագավոր Վաչական Բարեպաշտը։ Երկու մետրանոց հուշասյան կանգնեցումը հարգանքի տուրք կլինի առաջին դարում քրիստոնեության ջատագովներից մեկին՝ Եղիշե առաքյալին եւ 5- րդ դարի հայ նշանավոր պետական գործիչ Վաչական Բարեպաշտին։ Ի դեպ, այս վանքում է գտնվում Վաչականի դամբարանը։ Հուշակոթողի կանգնեցումը հինավուրց վանքը կրկին կվերածի հայության ուխտատեղի։ Սրբազանն առաջարկեց այս գործը ձեռնարկել գարնանը՝ մասնակից անելով նաեւ ՀՀ եւ ԼՂՀ մշակույթի նախարարություններին։

«Շուշի» հիմնադրամի համար լուջ խնդիր է դարձել Մատենադարանում եւ պետական արխիվում հավաքած Արցախի պատմությանը վերաբերող արխիվային նյութերի, վավերագրերի հավաքածուի հրատարակումը։ Ժողովածուի խմբագրական աշխատանքներին «Շուշի» հիմնադրամի հետ համագործակցում են ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտը եւ Արցախի եկեղեցական թեմը։ Սրբազան հայրն առաջարկեց իր աջակցությունը այս խնդրում։

Կեսգիշերին արթնացա համատարած աղմուկից։ Ուժեղ քամին շարժում էր տանիքների թիթեղները, ծառերի ճյուղերը, փորձելով արմատահան անել ծառերը։ Շուշիի սարահարթն այն վայրն է, որտեղ հաճախակի են նման երեւույթները։

Հ. Գ. Ռեպորտաժը պատրաստ էր տպագրության, երբ խմբագրությունը տեղեկացավ, որ Նոր տարվա շեմին Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Գ. Հայրիյանը հրաժարական է տվել։ Թե ինչո՞ւ է Շուշիում հաճախակի դարձել ղեկավարների փոփոխությունները, անհայտ է։ Սակայն զգում ենք, թե կադրային նման փոփոխությունները ինչքան բացասական են ազդում քաղաքի զարգացման վրա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել