Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱՐԶՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔՆԵՐ

Հունվար 14,2011 00:00

ՀՀ մարզպետները միայն Ամանորից-Ամանոր եւ այն էլ միայն ուղերձի տեսքով են հիշում սիրո, բարության, հանդուրժողականության համատեղ եւ միասնական լինելու մասին:

Ինչպես ամեն տարի, 2010-2011 սահմանագլխին էլ ՀՀ 10 մարզպետները շնորհավորական ուղերձ են հղել, որոնք, սակայն, 2010-ի իրականությունից տարբեր պատկեր են ուրվագծում:

10 մարզպետներից միայն չորսն են՝ Շիրակ, Արմավիր, Տավուշ, Սյունիք, ուղերձ հղել հենց մարզի բնակիչներին: Մյուսները՝ բոլոր հայրենակիցներին:

Հասկանալի է, որ մարզպետների ուղերձները իրենք չեն գրում, սակայն հասկանալի չէ, դրանցից որոշների հեղինակների օգտագործած բառապաշարը: Օրինակ՝ Կոտայքի մարզպետի ուղերձում կան «մշտամնա ներկայություն», «հարազատ ժողովրդի բարօրությանը միտված բոլոր գործընթացների համակողմանի իրագործում» արտահայտությունները: Տեսնես ի՞նչ է մտածել ժողովրդի ներկայացուցիչների հետ հայհոյանքներով խոսող մարզպետը, երբ ստորագրել է այս ուղերձի տակ:

Միայն Գեղարքունիքի եւ Արմավիրի մարզպետներն են նկատել, որ ավարտվեց ոչ միայն 2010-ը, այլեւ՝ 21-րդ դարի առաջին տասնամյակը: Միայն Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանն է, որ 2010-ը ամփոփել է կոնկրետ թվերով՝ «հավաքվեց 109 000 տոննա հացահատիկ, 233 հազար տոննա կարտոֆիլ, 51500 տոննա բանջարեղեն, 21000 տոննա պտուղ եւ հատապտուղ, կուտակվեց 400 հազար տոննա անասնակեր: Կատարվեց 11 հազար հեկտար աշնանացան, հիմնանորոգվեց 26 կիլոմետր ճանապարհ, 21 դպրոցական շենք, 2 պետական քոլեջ, 3 մշակույթի տուն, 1 գրադարան…»: Մյուսները բավարարվել են հերթապահ արտահայտություններով՝ «Տարին խաղաղ էր եւ արդյունավետ։ Կայուն զարգացումը ակնհայտ էր տնտեսության բոլոր բնագավառներում: Իրականություն դարձան նախանշված սոցիալական բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են մեր քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանը…» (Արագածոտն) կամ «2010 թվականը անբարենպաստ էր գյուղատնտեսության համար, սակայն հողի աշխատավորների տքնաջան եւ համառ ջանքերի շնորհիվ ցանկալի արդյունքներ արձանագրվեցին նաեւ այս բնագավառում…» (Արարատ): Միայն Վայոց ձորի մարզպետն է, որ Ամանորի մաղթանքներին զուգահեռ՝ խոստացել է. «մարզային իշխանության ներկայացուցիչներն ամեն ինչ կանեն, որպեսզի գալիք տարում էլ ավելի զարգանա մարզի տնտեսությունը, մեղմվի սոցիալ-տնտեսական դժվարություններ ունեցողների վիճակը, որ մանուկներն ապրեն անհոգ, երիտասարդները մասնակից դառնան մարզի զարգացման գործընթացին, իսկ տարեցներն զգան մեր սերն ու հոգածությունը»: Սիրո մասին հիշել է նաեւ Շիրակի մարզպետը: Զարմանալի է, բայց սիրո եւ բարության մասին իր ուղերձում մեկ էլ Սյունիքի մարզպետն է հիշել, ով հայտնի է ագրեսիվ պահվածքով եւ քրեական աղմկոտ պատմություններին մասնակցություններով: «Մաղթում եմ, որ բազմապատկվի ձեր օջախներում իշխող բարությունը, որ գալիք տարին լինի սիրո եւ միասնության տարի»,- սա է Սյունիքի մարզպետի մաղթանքը: Ոչ պակաս զարմանալի է Շիրակի մարզպետի մի նկատառում: Թեեւ Ախուրյանի շաքարի գործարանը բացվելուն պես փակվել է, սակայն մարզպետը շնորհավորական ուղերձում վստահաբար նշում է, որ «շահագործման հանձնվեց տարածաշրջանում մրցակիցը չունեցող շաքարի գործարանը, որը լուծելու է զբաղվածության խնդիրը»:

Էլ ավելի զարմանալի է Շիրակի մարզպետի մեկ այլ դիտարկում: Ըստ նրա, 2010 թվականը «պատմական եղավ՝ պայմանավորված Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցով Գյումրի»: Իսկ մեր մարզիկների հաջողությունները, այդ թվում՝ շիրակցի Նազիկ Ավդալյանի աշխարհի չեմպիոն դառնալը, ըստ Շիրակի մարզպետի, ընդամենը աննախադեպ են:

Եթե 2010-ի շեմին Արագածոտնի մարզպետը մոռացել էր համաշխարհային ճգնաժամի մասին եւ պնդում էր, որ «2009 թվականը ամենահաջողներից էր, պահպանվեց տնտեսական աճի բարձր տեմպը», ապա մեկ տարի անց՝ 2011-ը դիմավորելիս, նա հիշել է ճգնաժամի մասին՝ «տնտեսական ճգնաժամի պայմաններում անգամ բոլոր աղբյուրներով մարզում իրականացվել են շուրջ 12 մլրդ դրամի կապիտալ ներդրումներ»:

1992-94 թվականներին՝ Հայաստանի եւ Ղարաբաղի բնակչության հերոսական դիմակայության տարիներին, երբ մարդկանց զրկանքների հաշվին հարստացողները առաջարկում էին ըմբռնումով մոտենալ դժվարություններին, մի խելոք մարդ, ոչ առանց հեգնանքի, նկատել էր. «Կարեւոր չէ, որ հաց չկա, գազ չկա, լույս չկա, կարեւորը, որ հայ ժողովուրդը միշտ էլ դուրս է եկել դժվար կացություններից»: Այս տրամաբանության մեջ են Տավուշի եւ Սյունիքի մարզպետների մաղթանքները: Այս մարզերում պետական կառույցները տասնյակ միլիոնների չարաշահումներ են հայտնաբերել, պետական կառույցների տվյալներով, այս մարզերի գյուղերը դատարկվում են, սակայն Տավուշի մարզպետը վստահ է, որ «տավուշցիները կարողանում են կրել իրենց բաժին հասնող պատասխանատվությունը: Կրում են արժանապատվությամբ, արածը գնահատողի, բայց եւ ավելի մեծ հույս ու հավատ, ակնկալիք ունեցողի վստահությամբ»: Իսկ Սյունիքի մարզպետն էլ նկատել է. «Տարիները ցույց տվեցին, որ բոլոր կարգի փորձությունները մեր ժողովուրդն ի զորու է հաղթահարել միայն համատեղ ջանքերի, խաղաղ ու ստեղծագործ աշխատանքի շնորհիվ»: Տավուշի ղեկավարը չի ասում, թե ինչու իր պատասխանատվության կրումը դրսեւորվում է նոր, շքեղ մեքենաների ձեռքբերմամբ, իսկ Սյունիքի ղեկավարը բան չի ասում, թե ինչու է իր ստեղծագործ աշխատանքը ուրիշից հանք խլելու եւ սեփական գործարան կառուցելու տեսքով սկսվում եւ ավարտվում:

Եվ որպեսզի իրականությունից շատ չկտրվեն եւ հոգատար ղեկավարի դերի մեջ ամբողջանան, մարզպետները ամեն տարվա նման փոքրիկ վերապահումներ են արել: Օրինակ՝ Լոռու մարզպետը նկատել է. «Մենք չենք կարող բավարար համարել նաեւ մեր քաղաքացիների զբաղվածության, նոր աշխատատեղերի ապահովման գործընթացը՝ իր բոլոր անցանկալի հետեւանքներով», իսկ Արմավիրի մարզպետը հույս է տվել. «դեռ անելիքներ շատ կան, որոնք անպայման իրագործվելու են՝ առավել բարեկեցիկ եւ արժանապատիվ կյանք ապահովելով մեր մարզի ազգաբնակչության համար: Այդ ամենին մենք հասնելու ենք մեր համախմբված եւ նպատակաուղղված աշխատանքի միջոցով: Մեր ժողովուրդը միշտ հաջողություններ է ունեցել հատկապես միասնական լինելու արդյունքում»: Իսկ թե ինչու միասնականությունն ու հանդուրժողականությունը կարեւորող պաշտոնյաները նեղ ու ոչ տոնական օրերին մարդկանց կողքին չեն, վկան՝ խմբագրության ստացած բողոքները՝ մարզպետների Ամանորի ուղերձներում ասված չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել