Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻՋՆՈՐԴԵԼ ԵՆ ՎԿԱՅԱԿՈՉԵԼ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻՆ

Հունվար 14,2011 00:00

\"\"Լեյտենանտ Նարեկ Այվազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով, մասնավորապես՝ 365 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Հայաստանի Հանրապետության վրա անակնկալ հարձակումը ժամանակին չհայտնաբերելու եւ դրան դիմակայելու կամ ՀՀ անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կամ մարտական ծառայության կանոնները խախտելու, սպառնալիք ստեղծելու համար: 3 օր առաջ նշանակված դատական նիստը դարձյալ հետաձգվեց:

11 ամիս է, ինչ ՀՀ ՊՆ թիվ N զորամասի 1-ին գումարտակի 1-ին վաշտի լեյտենանտ Նարեկ Այվազյանը կալանավորված է եւ գտնվում է արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Այվազյանը հասցրել է փոխել 8 պաշտպան. ներկայումս նրա պաշտպանը ՀՀ փաստաբանների պալատի անդամ, զինվորական գործերով հայտնի փաստաբան Էդիկ Չինարյանն է:

Տեղեկացնենք, որ մեղադրական եզրակացությունը կազմվել է 2009թ. դեկտեմբերի 9-ին եւ ուղարկվել Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան:

Մեղադրյալները 4-ն են. Նարեկ Այվազյանը, հենակետի ավագի կրտսեր օգնական Անդրեյ Տրաշինը, զինծառայողներ Անդրանիկ Քյոսեյանն ու Գագիկ Եղոյանը: Միայն Նարեկի նկատմամբ է ընտրվել խափանման միջոց կալանքը:

Ըստ մեղադրական եզրակացության, 2009թ. հուլիսի 30-ին «Նաիրի» մարտական հենակետի ավագ Ն. Այվազյանը իր տեղակալ Ա. Տրաշինի հետ ինքակամ թողել են հենակետը, գնացել «21» մարտական հենակետ՝ հացկերույթի նպատակով, օգտագործելով ոգելից խմիչք:

Նրանց են միացել մյուս երկու ամբաստանյալները: «Մարտական թաքցրած դիզելային վառելիքը տնօրինելու հարցով վերջիններս վիճաբանել են Այվազյանի հետ, որի ընթացքում Այվազյանը սեռական բնույթի հայհոյական արտահայտությամբ վիրավորել է Տրաշինին, իսկ վերջինս այդ առթիվ հարվածել է Այվազյանին, ապա սկսված քաշքշուկի ընթացքում Քյոսեյանի հետ միասին հարվածներ են հասցրել նրան, պատճառել են թեթեւ մարմնական վնասվածք առողջության կարճատեւ քայքայումով» (անհասկանալի է, թերեւս, «զինվորների թաքցրած տնտեսված դիզվառելիքը» քննիչի միտքը):

Ն. Այվազյանի մայրը մեզ հետ զրույցի ժամանակ ասաց, որ տղան այդ ժամանակ ստացել է ուղեղի ցնցում, վնասվել է տեսողությունը, իսկ դատաբժշկի ուղեգիր նրան տրվել է դեպքից 15 օր հետո:

Ըստ Նարեկի մոր՝ տիկին Աիդա Այվազյանի, իրականում զինվորները 100 լիտր դիզվառելիքը գողանալու նպատակով ծեծի են ենթարկել հենակետի ավագին՝ իր որդուն եւ որդին էլ փորձել է պաշտպանել զորամասի ունեցվածքը:

Նարեկը ուշագնաց է եղել եւ երբ գիտակցության է եկել՝ խնդրել է դիրքերից իջեցնել:

Այվազյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, որի մասին նա տեղյակ չի եղել, քանի որ նույն ժամանակահատվածում նախաքննության ժամանակ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողության տակ հանձնելը. լինելով վկայի կարգավիճակում, նա ուղարկվել է ավտոհավաքակայան՝ տնտեսական աշխատանքներ կատարելու, այն է՝ խոտածածկը մաքրելու: Նա, ըստ գործի նյութերի, դիմել է զինվոր Հայկ Սիմոնյանին՝ խոտածածկի մաքրման համար, նա էլ ասել է՝ արեւածաղիկը ուտելուց հետո ավագի հանձնարարությունը կկատարի. «Զինվորների շրջանում հեղինակություն վայելելու շահագրգռվածությամբ անցել է պաշտոնեական լիազորությունների սահմանը, մոտենալով եֆրեյտոր Հայկ Սիմոնյանին, ծեծի է ենթարկել նրան՝ պատճառելով թեթեւ մարմնական վնասվածք, առողջության կարճատեւ քայքայումով»:

ՀՀ պաշտպանության նախարարին է դիմել Նարեկ Այվազյանի պաշտպանը, խնդրելով իր պաշտպանյալին մեղսագրվածի վերաբերյալ իրավական տեսակետ, այն է՝ արդյոք Նարեկի կողմից դիզվառելիքի ապօրինի վաճառքը, այդ վաճառքին Նարեկի խոչընդոտելը, այդ պատճառով ենթակաների կողմից ծեծի ենթարկվելը համարվո՞ւմ է ՀՀ քրօրով սահմանված ՀՀ անվտանգությունն ապահովելուն ուղղված մարտական հերթապահությանը վնաս կամ այդպիսի վնաս պատճառելու սպառնալիք:

ՀՀ ռազմական ոստիկանության պետին զորամասի հրամանատար Պ. Պողոսյանը հայտնել է. «ՀՀ անվտանգությունն ապահովելուն ուղղված մարտական հերթապահությանը վնաս կամ այդպիսի վնաս պատճառելու սպառնալիք լեյտենանտ Նարեկ Այվազյանի գործողությունները չեն ստեղծել»: Ի դեպ, պաշտպանության նախարար Ս. Օհանյանը դիմել է դատարանի դատավոր Ա. Բեկթաշյանին, միջնորդելով, որ Նարեկի նկատմամբ նշանակվի ազատազրկման հետ չկապված պատիժ, պատիժը ժամանակավորապես չկիրառվի, հնարավորություն ընձեռելով, որպեսզի վերջինս իր ծառայությունը շարունակի ՀՀ զինված ուժերում, նկատի ունենալով, որ նա գերազանց է ավարտել ռազմաուսումնական հաստատությունը, խնամքին ունի հաշմանդամ մայր եւ անչափահաս քույր (կալանքի մեջ գտնվելու պատճառով Նարեկը աշխատավարձ չի ստանում, չի կարող հոգալ սոցիալապես անպաշտպան իր ընտանիքի կարիքները):

Պաշտպան Էդիկ Չինարյանը դատարանում հանդես է եկել միջնորդություններով, մասնավորապես՝ գործի վարույթը կարճելու, Ն. Այվազյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, կալանքը փոխելու, դատաքննությանը նոր ապացույցներ ձեռքբերելու եւ հետազոտելու պահանջներով:

Դատաքննության ժամանակ պաշտպանական կողմը միջնորդել է դատարան հրավիրել զորամասի նախկին հրամանատար Գենադի Խաչատուրովին՝ գլխավոր շտաբի պետի որդուն, որպեսզի նա ներկայացնի, թե ինչպես են իրեն զեկուցել դեպքի եւ մի շարք հանգամանքների մասին: Նաեւ Արֆուդ Մուրադյանին, որը նախաքննության ժամանակ հայտնել էր, թե Այվազյանը եւ Տրաշինը հենակետից չեն բացակայել: Դատարանը դեռ չի բավարարել հրամկազմի 10 անձանց դատարան կանչելու միջնորդությունները:

Այվազյանը հայտնել է, որ ինքը դիրքերը չի լքել, խնդրել է հրամկազմին բուժօգնություն ցույց տալու նպատակով դիրքերից իջեցնել: Դիրքերից նրան իջեցրել են, սակայն բուժօգնություն ցույց չեն տվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել