Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻ ՔԱՆԻ ՕՐԵՆՔ ԿՎԵՐԱՆԱՅԵՆ

Հունվար 14,2011 00:00

Երեկ Հայաստանի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը կառավարությանը ներկայացրեց ԱԺ պատգամավորներ Արա Բաբլոյանի, Մկրտիչ Մինասյանի ու Արեւիկ Պետրոսյանի՝ «Հոգեբուժական օգնության մասին» եւ «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Պատգամավորներն առաջարկում են վերանայել հոգեկան խանգարումներ ունեցող անձանց՝ բուժհաստատության տարբեր բաժանմունքներում գտնվելու մոտեցումները: Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ այս առնչությամբ ասաց. «Այսօր նախարարություններում չունենք բավարար կարողություններ, որ բոլոր նորմատիվ ակտերի ազդեցության գնահատականները տանք, դեռ անցած տարի պայմանավորվեցինք, որ մեզ համար անցումային փուլ կսահմանենք ու նախարարները կընտրեն 2011-ի միջոցառումների ծրագրից կարեւորագույն 3-4 օրենսդրական փաթեթ եւ կփորձենք ակրոբացիա անել մեր մեթոդներն այդ ակտերի վրա: Մի կողմից կտեսնենք, թե որքանով են աշխատունակ կառավության կողմից հաստատված մեթոդիկաները, մյուս կողմից պետք է նախարարություններում ձեւավորենք ինտելեկտուալ կարողություններ, որ այդ վարժությունը մշտապես կատարենք»: Նախարարներին վարչապետը հանձնարարեց մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել նորմատիվ ակտերի ցանկը, որոնց ի վիճակի կլինեն ազդեցության գնահատականներ տալ:

Երեկ կառավարությունը հավանության արժանացրեց նաեւ Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2011 թվականի ծրագիրը: Ըստ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի, վերջին տարիներին զբոսաշրջության ոլորտում արագընթաց զարգացումները նկատելի են. «2010-ի արդյունքներով ոլորտում սպասում ենք մոտ 15% աճ, իսկ այս տարվա համար նախատեսել ենք ապահովել առնվազն 10% աճ եւ հասնել մինչեւ 700000 զբոսաշրջիկի քանակին»: Նա նաեւ նշեց, որ ծրագրում ներառված են կոնկրետ միջոցառումներ, որոնք պետք է իրականացվեն այս տարվա ընթացքում: Նախարարը նշեց նաեւ, որ ոլորտի զարգացման համար պետբյուջեից նախատեսված է 50 միլիոն դրամի չափով գումար. «Պետբյուջեի հատկացումները բավականին սահմանափակ են, դրա համար նախատեսել ենք լրացուցիչ գումարներ՝ դոնոր կազմակերպություններից»:

Կառավարությունը հավանություն տվեց նաեւ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների» եւ «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել