Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

3 տարով սխալվե՞լ են

Հունվար 14,2011 00:00

Հայրենական պատերազմի հաշմանդամին ու նախկին ռեւիզորին ուզում են «քցել»

Հայրենական մեծ պատերազմի եւ արցախյան ազատամարտի մասնակից, երկրորդ կարգի հաշմանդամ Հայկազ Հակոբյանը Նոր Խարբերդում 2 ավտոտնակ է ունեցել: Հետեւելով ընկերների խորհրդին, թե «88-ամյա մարդ ես, ի՞նչ ես անում 2 ավտոտնակ, ոչ ընտանիք ունես, ոչ էլ ժառանգներ, քո մահվանից հետո ունեցվածքդ ալան-թալան է լինելու», Հայկազ պապը համոզվում է մի ավտոտնակը վաճառել իր հարեւանին ու այդ փողը ուտել-խմել: Հ. Հակոբյանը այդպես էլ անում է, ավտոտնակի համար գնորդ է գտնում ու վաճառում:

Գումարի մի մասը որոշում է ներդնել իր մյուս ավտոտնակի բարեկարգման աշխատանքներին, 2009-ին նոր դարպաս է պատվիրում, բայց ինչ-ինչ պատճառներով չի կարողանում տեղադրել. «Ես հիվանդացել էի, օգտվելով առիթից ու մտածելով, որ մեծ մարդ եմ, չեմ կարող իմ իրավունքները պաշտպանել, հարեւանս նոր դարպասն իրենով է արել՝ ասելով, թե իբր գարաժի հետ էդ դարպասն էլ եմ ծախել: Բայց մեր միջեւ կնքված ավտոտնակի վաճառքի պայմանագրում այդ դարպասի մասին խոսք չկա, ես հո խելառ չե՞մ, որ մի գարաժի համար 2 դուռ տամ: Ես ժամանակին ռեւիզոր եմ եղել, կապիտանի կոչում ունեմ, ես հերոսական պայքար եմ մղել ու արժանացել պետության շնորհակալագրերին, եթե խելք չունենայի՝ ինձ այդ գործը չէին վստահի»,- ասում էր «Առավոտի» խմբագրություն եկած Հայկազ պապը, որն իր հետ բերել էր իր հերոսական կռիվների մասին մի տրցակ փաստաթղթեր ու հրապարակումներ: Տեսնելով, որ «զոռբայության» այս ժամանակաշրջանում իր 230 հազար դրամ արժողության դարպասն ուզում են ձեռքից խլել՝ Հայկազ Հակոբյանն անցնում է փաստերի հավաքմանը: Գտնում է այն «ուստաներին», որոնք կատարել են դարպասի պատրաստման իր պատվերը եւ գրավոր արձանագրություն ու ստորագրություն վերցնում, ըստ որի՝ Նոր Խարբերդի բնակիչներ Վահան Գասպարյանը, Ժորա Գասպարյանը, Սամվել Պողոսյանն ու Վրեժ Հովհաննիսյանը 2009-ի նոյեմբերին Հայկազ Հակոբյանի պատվերով դարպաս են պատրաստել ու տեղափոխել նշված հասցե:

Ավելին՝ այդ, այսպես կոչված, ցուցմունքի մեջ նրանք, որպես վկա, նշել են, որ երբ դարպասը տարել են Հայկազ պապի ավտոտնակի մոտ ու 1 ամիս հետո գնացել են այն տեղադրելու՝ տեսել են, որ իրենց պատրաստած դարպասն իրենց դրած տեղում չէ, իսկ Հայկազ պապի դարպասի պատերը՝ համարյա քարուքանդ եղած են: Սակայն մի քանի օր անց, երբ Հ. Հակոբյանն իր ավտոտնակի գնորդին տեղյակ է պահում, որ փաստեր ունի, այդ դարպասը բոլորովին վերջերս է պատրաստվել եւ չէր կարող ավտոտնակի հետ վաճառվել, հարեւանը ինչ-ինչ միջոցներով այդ նույն «ուստաներից» նորից գրավոր ստորագրությամբ, բայց այլ բովանդակությամբ մի թուղթ է պոկում, որտեղ նույն մարդիկ գրում են. «Հայկազ Հակոբյանի հայտարարության մեջ թույլ ենք տվել սխալմունք, մասնավորապես՝ մեր կողմից նշված դարպասը սարքել ենք ոչ թե 2009-ին, այլ՝ 2006-ին: Մեր կողմից մատնանշված ավտոտնակի պատերի քանդված լինելու հանգամանքը եւս չի համապատասխանում իրականությանը, այդ ավտոտնակի պատերը կառուցված են եղել հենց այդպես թեքված: Այս հայտարարությունը գրված է մեր թելադրանքով, ճիշտ է, որի համար ստորագրում ենք»: Ըստ Հայկազ Հակոբյանի՝ «Այդ տղաները, պարզ է, որ վախից են այդպես գրել, սպառնալիքի տակ: Եթե առաջ ես մտածում էի, որ մեծ եմ եւ չարժե հարեւանի հետ վատամարդ լինել մի դարպասի պատճառով, հիմա, տեսնելով, թե ինչ ստոր քայլերի են դիմում, պիտի դիմեմ ոստիկանություն ու դատախազություն, որովհետեւ տանել չեմ կարողանում սուտն ու անարդարությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել