Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԿՈԶԵՌՆԸ «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱ» ՉՍԱՐՔԵՆ»

Հունվար 14,2011 00:00

\"\"Նրանք տարածքն իրացնողից պահանջում են ոչ թե գումար, այլ բնակարան՝ տեղում

ՀՀ կառավարության 2004 թվականի որոշմամբ՝ իրացման գոտի ճանաչված Կոզեռն թաղամասի բնակիչները երեկ հավաքվել էին կառավարության շենքի առաջ՝ պահանջելով իրենց բնակարաններին համարժեք փոխհատուցում: Նշյալ տարածքն իրացրել է «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությունը, որի սեփականատերն է «հ2» հեռուստաընկերության ղեկավար Սամվել Մայրապետյանը: Կոզեռնի բնակիչները համաձայն չեն պարոն Մայրապետյանի՝ բնակիչներին ներկայացրած գնային առաջարկներին՝ 1 քմ-ի համար միջինը 318 դոլար, համարելով, որ իրենց տարածքներն ավելի բարձր գին ունեն, քան առաջարկում են: Մինչդեռ, ըստ կառուցապատողի, ինքը գումարային առաջարկ արել է պարզապես օրենքով սահմանված ընթացակարգերը պահպանելու համար: «Ո՞վ ասաց, որ գումար պիտի վերցնեն։ Կարող են նույն տեղում բնակարան ուզել՝ որպես փոխհատուցում: Գումարը շատ հարաբերական հասկացություն է։ Ինչքան էլ գումար լինի՝ ես կարող եմ ասել՝ շատ է, իրենք կարող են ասել՝ քիչ է։ Ինչպե՞ս չափենք»,- մեզ հետ զրույցում ասաց պարոն Մայրապետյանը: Նա հայտնեց, որ ինքը պետք է փոխհատուցի միայն բնակիչների ծախսերը։ Իսկ եթե նրանք պահանջեն ավելին, ապա, Ս. Մայրապետյանը վստահեցրեց, որ պարզապես հետ կկանգնի իր ծրագրերից, եւ տարածքը դուրս կգա գերակա շահից, քանի որ ինքը չի պատրաստվում ուժով ստիպել մարդկանց թողնել իրենց բնակարանները։

«Նրանք ասում են՝ մեզ էնքան փող տվեք, որ մի հատ տուն առնենք, մի էդքան էլ մեզ մնա: Ով որ տեղում բնակարան է ուզում, ուրեմն կտանք»,- ասաց նա:

Ըստ բնակիչների, իրենց տները պետք է քանդվեն ու դրանց փոխարեն էլիտար շենքեր կառուցվեն: «Պահանջում ենք, որ կառուցապատողին հրավիրեն, «կլոր սեղանի» շուրջ քննարկենք ու խնդիրը պատշաճ ձեւով լուծենք: Եթե քանդում են, ապա թող բնակիչներին բնակարաններով ապահովեն, մենք տուն վաճառող չենք, որ եկել՝ գումար են առաջարկում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց թաղամասի բնակիչ Սուրեն Մելքոնյանը: Նրա խոսքերով, իր հողի 1 քմ-ի դիմաց առաջարկել են $200. «Աբսուրդ է ուղղակի քաղաքի կենտրոնում գտնվող տարածքը նման գումարներով հաշվել: Պահանջում ենք մակերեսը՝ մակերեսով նորմալ փոխհատուցում, բնակարանն էլ՝ տեղում՝ Կոզեռնում: Մենք չենք ուզում Կոզեռնից հեռանալ»,- ասաց Ս. Մելքոնյանը: «Էս ի՞նչ կարգավիճակ է, չեմ հասկանում, կառավարությունը պետք է առոք-փառոք ապրի, մենք էլ գնանք որտեղ պատահի՝ ծայրամասե՞րը: Մեր տեղը երեւի Սովետաշենի գերեզմանոցն է, գնանք ու պրծնենք»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Վալենտինա Թելոյանը:

Կոզեռնի մեկ այլ բնակիչ՝ իրավապաշտպան Սամվել Մկրտչյանն էլ ասաց, որ իրենք բոլորովին դեմ չեն կառուցապատմանը: Նրա խոսքերով, կոզեռնցիներն էլ են հասկանում, որ Երեւանում այսօր կան մի շարք թաղամասեր, որտեղ ամենահասարակ նորմերն ապահովված չեն, ու 21-րդ դարում երեւանցու կենցաղը բարելավելու անհրաժեշտություն կա. «Սակայն դա չպետք է ենթադրի, որ պետք է ունենանք Հյուսիսային պողոտայի պատկերը: Պաշտոնապես հայտարարում ենք, Կոզեռն թաղամասը Հյուսիսային պողոտա չէ, այդպիսի բան չի լինելու: Միանշանակ, կառուցապատողը մեզ հետ կգա համաձայնության՝ տեղում կապահովի համարժեք բնակարաններով, հետո կկարողանա իր գործընթացը սկսել»: Նրա խոսքերով, Կոզեռն թաղամասի իրացման գոտում ընդգրկված է 190-200 տուն՝ ավելի քան 1200 բնակչով. «Բարենպաստ պայմաններ ենք առաջարկում, որ վաղը չճարվեն անհատներ, որոնք ստիպված կլինեն նստել կառավարության շենքի աստիճաններին ու ասեն՝ ինձ տնավեր արեցիք: Նույնիսկ Հանրապետության հրապարակում գտնվող կառավարության շենքն առաջարկվի Կոզեռնի բնակիչներին, բնակիչները չեն նախընտրում, միմիայն իրենց ապրած թաղամասում են ուզում ապրել: Նրանք ունեն ապրած տարիներ, պատմություն, ավանդույթներ, մեր անցյալից հրաժարվել ոչ ոք չի ցանկանում: Նույն թաղամասում 2 շենքը բավական է, որ բոլոր բնակիչներին ապահովեն տներով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել