Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Արգամիկին» անօրինական հանեցին

Հունվար 14,2011 00:00

«ԷկոԼուր»-ը տեղեկացնում է, որ Վայոց ձորի մարզպետարանն անօրինական է համարել «Արգամիկ» ընկերության գործունեությունը, որը Ելփին գյուղ ծանր տեխնիկա էր մտցրել Կեչուտ տեղամասում պղնձի պաշարների հետախուզման համար: «Կեչուտ» կոչվող տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքները իրականացվում են «Արգամիկ» ընկերության կողմից՝ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կողմից 24.03.2009թ. տրամադրված ընդերքի օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության թիվ 65/1 հատուկ լիցենզիայի հիման վրա, սակայն աշխատանքներն իրականացվում են Ելփին համայնքի ավագանու կողմից նշված տարածքը օգտագործման տրամադրելու համաձայնության եւ համայնքի ղեկավարի ու «Արգամիկ» ՍՊԸ-ի միջեւ կնքված հողհատկացման պայմանագրի բացակայության պայմաններում»,- նշված է Վայոց ձորի մարզպետարանի գրավոր եզրակացության մեջ (թիվ 01/10/4011-10): Դրանով խախտվել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի դրույթը՝ հոդված 16, 1-ին մաս, 2-րդ կետ: Ի դեպ, Ելփինի բնակիչներին ուղղված ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության 2-րդ բաժնի վարիչ Հ. Փանոսյանի ստորագրությամբ պատասխանում (նամակ՝ թիվ 20-7199, 16.09.2010թ.) նշված է, որ «Արգամիկ» ընկերությունը գործում է ՀՀ գործող օրենսդրության պահանջների համաձայն:

Նշենք, որ «Արգամիկ» ՍՊԸ-ն գրանցված է Արարատի մարզի Մխչյան գյուղում եւ, ըստ որոշ աղբյուրների, պատկանում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Թեպետ ներկա դրությամբ ընկերությունը գյուղից դուրս է բերել ծանր տեխնիկան, բնակիչները շարունակում են անհանգստանալ, որ ընկերությունը եւ նրա հովանավորները կհասնեն իրենց ուզածին եւ կվերսկսեն իրենց գործունեությունը: Հիմնական հարցը, որը նրանց մտահոգում է, գյուղի ջրամատակարարման հարցն է. ջրի աղբյուրները գտնվում են հանքավայրի տարածքում: Բացի այդ, այդ վայրերը հայտնի են յուրահատուկ բնությամբ եւ կենսաբազմազանությամբ: «Մեր տարածքները նախկինում էլ էին հայտնի որսորդության համար, հիմա էլ: Հաճախ ենք մենք կրակոցներ լսում: Չենք մոտենում, քանի որ կարող ենք կրակահերթի տակ ընկնել»,- ասում են տարեցները: Իր կողմից «ԷկոԼուր»-ը դիմում է ՀՀ բնապահպանության նախարարությանը եւ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակին առաջարկով՝ քննարկել տվյալ տարածքի հարցը եւ հազվադեպ հանդիպող եւ ոչնչացող տեսակների պահպանման համար ներառել այն Հայաստանի հատուկ պահպանվող տարածքների ցանկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել