Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅԵՐԸ ՕԴԱՆԱՎԵՐՈՒՄ ԷԼ ԵՆ ԱՉՔԻ ԸՆԿՆՈՒՄ

Հունվար 14,2011 00:00

Ուղեւորները ծխում են, խմում՝ առանց պատժվելու

Սովորաբար հենց տոնական օրերին են արտերկրում ապրող հայերը Հայաստան վերադառնում՝ հարազատներին շնորհավորելու կամ տոները միասին անցկացնելու համար: Այս օրերին օդանավում բոլոր նստելատեղերը զբաղված են լինում: Տոնական տրամադրությամբ մեր հայրենակիցները սովորականից ավելի ակտիվ են ոչ միայն օդանավակայաններում, այլեւ օդանավերում:

«Արմավիա» ավիաընկերության օդանավերում հայ ուղեւորների ոգեւորությունը կրկնապատկվում է. գուցե պատճառը հայկական միջավայրն է. հիմնականում ուղեւորներից սկսած՝ ուղեկցորդներից վերջացրած, բոլորը հայեր են: Ամեն ինչ սկսվում է նրանից, որ հայկական սովորության համաձայն՝ որոշ ուղեւորներ անհոգ ուշանում են չվերթից՝ ստիպելով օդանավում հավաքված ուղեւորներին առնվազն կես ժամ սպասել: Ընտանիքներով կամ գերդաստանով ուղեւորվող որոշ ուղեւորներ էլ, որ օդանավում ցաքուցրիվ չնստեն, սկսում են համոզել կողքին նստած անծանոթներին՝ տեղափոխվել… Ինքնաթիռում շատ արագ կարելի է հասցնել ծանոթանալ միանգամից մի քանի տարբեր ուղեւորների կյանքի պատմությանը: Ինքնաթիռի մի ծայրից մյուսը որոշ ուղեւորներ բղավելով սկսում են պատմել Ռուսաստանում իրենց գլխին եկածը կամ հպարտանում ռուս աղջիկների հետ խիստ մտերմիկ հարաբերություններով: Որոշ ծխամոլներ էլ դարդոտված սկսում են ծխել՝ ոմանք գաղտնի, ոմանք էլ՝ ակնհայտ: Իսկ ալկոհոլի հետ սեր ունեցող ուղեւորներն էլ կերուխում է, որ սկսում են: Օդանավի մի ծայրից մյուսը լավաշ ու օղի է, որ փոխանցում են: Նրանց կարգի հրավիրող ուղեկցորդուհիներն էլ իզուր են փորձում հիշեցնել, թե անկարգապահության համար կպատժվեն. նրանց կարգի հրավիրելը իսկապես բարդ գործ է: Նրանք ուղեկցորդի աչքից հեռու էլ շարունակում են կոնծել: Անկարգությունը շարունակվում է մինչեւ վերջ, երբ ինքնաթիռը դեռ վայրէջք չկատարած՝ հայ ուղեւորները միանգամից ոտքի են կանգնում ու սկսում հագնվել, հավաքել իրերը՝ աննկարագրելի եռուզեռ…

«Առավոտի» հետ զրույցում «Արմավիա» ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան ասաց, որ անկարգապահ ուղեւորների նկատմամբ բավականին խիստ են, ու կարգապահական կանոններին չհետեւողները պատժվում են: Նրա տեղեկացմամբ, այս տարի դեռ անկարգապահ ուղեւորներ չեն գրանցել, բայց նախորդ տարվա ընթացքում «Արմավիա» ավիաընկերության օդանավերում գրանցվել է ուղեւորների կողմից կարգապահական կանոնների խախտման 17 դեպք: Նրա խոսքով, խախտումները հիմնականում եղել են թռիչքների ընթացքում օդանավերում ծխելու կամ ոգելից խմիչքների ազդեցության տակ անկառավարելի վարքի դրսեւորման դեպքեր: Արձանագրված խախտումները մեծամասամբ կատարվել են հայազգի ուղեւորների կողմից: «Բոլոր անկարգապահ ուղեւորները հանձնվել են ժամանման օդանավակայանների ավիացիոն անվտանգության կամ ոստիկանության ծառայություններ, որոնք էլ նշված ուղեւորների նկատմամբ կիրառել են վարչական կամ ֆինանսական տույժեր»,- ասաց տիկին Ավետիսովան: Նրա խոսքով, «Արմավիա» ավիաընկերությունը կարգազանց ուղեւորների նկատմամբ ոչ մի տիպի տույժ չի կիրառում եւ սահմանափակվում է ժամանման օդանավակայանների՝ վերը նշված ծառայություններին կարգազանց ուղեւորներին հանձնելու գործընթացով: «Առավոտը» ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից հետաքրքրվեց, թե անկարգապահ քանի՞ ուղեւոր է տուգանվել: Ըստ ոստիկանության տվյալների, 2010-ին «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի կողմից ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 119 հոդվածի հատկանիշներով կազմվել է 50 վարչական իրավախախտման նյութ: Իրավախախտման 2 դեպքը կատարվել է «Արմավիա» ավիաընկերության չվերթների ժամանակ: Հայաստանի կառավարությանն առընթեր Քաղավիացիայի գլխավոր վարչության կողմից այդ 2 ուղեւորը տուգանվել է՝ յուրաքանչյուրը 100 000 դրամով, 1 ուղեւորի վերաբերյալ դեռ որոշում չի կայացվել, իսկ մնացած 47 դեպքերում Քաղավիացիայի գլխավոր վարչությունը կարճել է վարչական վարույթները: Թե ինչո՞ւ է «Արմավիա» ավիաընկերության տրամադրած 17 ուղեւորից միայն 2-ը տուգանվել, ոստիկանության լրատվական ծառայությունից պարզաբանեցին, որ մինչ անկարգապահները ոստիկանության աշխատակիցներին հասնելը՝ անցնում են օդանավակայանի անվտանգության ծառայությունով, հետո նոր հասնում ոստիկանության աշխատակիցներին: Անկարգապահ ուղեւորներին այստե՞ղ էլ է ծանոթ-բարեկամ-խնամի հարաբերությունները փրկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել