Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱՐՏԻ 1»-Ի ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՊԱՏԱՐԱԳ ՄԱՏՈՒՑՎԵՑ

Հունվար 14,2011 00:00

\"\"Իսկ զոհերի հարազատներն իրենց սպանված զավակների մահվան հանգամանքները բացահայտելու հույսը դեռ չեն կորցրել

Երեկ Սուրբ Կաթողիկե եկեղեցում Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնությամբ «Մարտի 1»-ի զոհերի հիշատակին պատարագ մատուցվեց: Հոգեհանգստի արարողության ժամանակ, սակայն, հիշատակվեցին ոչ միայն մարտիմեկյան իրադարձությունների զոհերի, այլեւ մաեստրո Օհան Դուրյանի, դերասանուհի Տաթեւիկ Ղափլանյանի եւ թարգմանչուհի, իրավապաշտպան Անահիտ Բայանդուրի անունները: Պատարագին ներկա էր ավելի քան հարյուր մարդ՝ զոհերի հարազատները, շարքային քաղաքացիներ, նաեւ ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ:

Եկեղեցում մատուցված պատարագից հետո «Մարտի 1»-ի զոհերի հարազատները շարժվեցին Հայաստանում ԵԽ ներկայացուցչություն՝ խնդրելով հանդիպում կազմակերպել իրենց եւ հունվարի 18-21-ը Հայաստան այցելող ԵԽ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ: Նա, որ Հայաստան է այցելել «Մարտի 1»-ի իրադարձություններից անմիջապես հետո եւ հանդիպել ոչ միայն այդ դեպքերի ժամանակ տուժած քաղաքացիների, այլեւ զոհերի հարազատների եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ, իսկ վերջին անգամ Երեւանում է եղել 2009թ. նոյեմբերին, ԵԽ այն բացառիկ պաշտոնյաներից մեկն է, որի նկատմամբ հայաստանյան ընդդիմությունը, նախկին քաղբանտարկյալները, իրավապաշտպան կառույցներն ու մասնավորապես նաեւ մարտիմեկյան զոհերի հարազատները անկեղծ հարգանք են տածում եւ ում հետ իրենց խնդիրների լուծման համատեքստում որոշակի հույսեր են կապում:

«Համմարբերգը եվրոպական կառույցներից միակ ներկայացուցիչն է, ով բարձրացրել է «Մարտի 1»-ի 10 սպանությունների բացահայտման հարցը, քաղբանտարկյալների առկայությունը համարել է քաղաքական վենդետա: Նրա հորդորով ՀՀ իշխանությունները ստեղծեցին Փաստահավաք խումբը, որը հետո փակեցին: Պարոն Համմարբերգը մեզ հավատ է ներշնչում»,- երեկ ԵԽ ներկայացուցչությանը իրենց նամակը հանձնելուց հետո հայտարարեց մարտիմեկյան զոհերից մեկի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ նախորդ օրը Համմարբերգի այցի հետ որոշակի հույսեր կապելու մասին «Ա1+»-ի հետ զրույցում շեշտել էր նաեւ ՀԱԿ իրավական աջակցության հանձնախմբի համակարգող, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը: Երեկ նա իր այս կարծիքը պնդել է նաեւ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում. «Համմարբերգը եվրոպական այն պաշտոնյաներից է, որոնց այցերի ընթացքում եւ հետո «Մարտի 1»-ի գործերով որոշակի փոփոխություններ եղել են: Կարծում եմ, որ այս անգամ եւս նրա այցելությունը որոշակի ազդեցություն կունենա մեր քաղբանտարկյալների թվի կրճատման վրա: Նաեւ վստահ եմ, որ այդ այցելության արդյունքում ներկայացվող զեկույցին հետագայում անդրադարձ կլինի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի բանաձեւում»:

Ե՛վ ընդդիմության ղեկավարները, ե՛ւ մարտիմեկյան զոհերի իրավահաջորդները համակարծիք են նաեւ մեկ այլ հարցում. եթե իշխանություններին մնա, եւ միջազգային հանրության կողմից ճնշումներ չլինեն՝ նրանք չեն կատարի ո՛չ ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովի բանաձեւերի պահանջները, ո՛չ կբացահայտեն «Մարտի 1»-ի սպանդն իրականացնողներին եւ կրակելու հրաման տվողներին, ո՛չ էլ քաղբանտարկյալներին ազատ կարձակեն: Թերեւս դրանով էր պայմանավորված նաեւ 2008թ. մարտի 1-ին «Չերյոմուխա-7» հատուկ միջոցի կիրառման հետեւանքով սպանված Գոռ Քլոյանի հոր՝ Սարգիս Քլոյանի թերահավատությունը, թե՝ Համմարբերգին ուղղված իրենց նամակը կարող է որեւէ արդյունք ունենալ իրենց զավակների սպանության հանգամանքները բացահայտելու հարցում. «Տեսնենք մեզ կընդունի՞ (Համմարբերգը), թե՞ չէ: Ընդունելու դեպքում մենք մեր պահանջները կներկայացնենք, բայց որեւէ ակնկալիք չունենք, որովհետեւ այս իշխանությունները Համմարբերգին էլ են խոստանալու, որ ամեն ինչ կանեն, փափուկ բարձ կդնեն գլխի տակ, ու նա կգնա, իսկ դրանից հետո ոչինչ չեն անի»:

Իսկ Հայաստանում ԵԽ ներկայացուցչությանը հանձնված եւ պարոն Համմարբերգին հասցեագրված նամակում մարտիմեկյան զոհերի հարազատները փաստագրել են. «Շուտով կլրանա մարտի 1-ի ոճրագործության երեք տարին, երբ խաղաղ հանրահավաքին մասնակցելու համար վարչախմբի հրոսակները գնդակահարեցին մեր որդիներին:

Սպանությունների բացահայտման գործում երեք տարվա մեջ ոչ մի առաջընթաց չկա: Ավելին, իշխանությունների կողմից արվում է ամեն ինչ՝ սպանությունները կոծկելու համար: Փաստահավաք խումբը, որը բավական աշխատանք էր կատարել սպանությունների կատարման հանգամանքների բացահայտման հարցում, լուծարվեց նախագահի կարգադրությամբ:

2010թ.-ին զոհերի հարազատներս դիմել ենք դատարան՝ վիճարկելով Հատուկ քննչական ծառայության եւ Գլխավոր դատախազության անգործությունը: ՀՀ դատական բոլոր ատյանները միահամուռ մերժել են մեր բողոքները: Այժմ ստիպված պատրաստվում ենք դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Խնդրում ենք Ձեզ՝ մեզ ընդունել մարտի 1-ի սպանությունների հանգամանքները քննարկելու եւ մեզ հուզող հարցերը լսելու համար»:

Ակնկալվում է, որ առաջիկա երկու օրերին արդեն պարզ կլինի՝ Համմարբերգը «Մարտի 1»-ի զոհերի հարազատների հետ հանդիպելու ժամանակ կգտնի՞, թե՞ ոչ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել