Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԸ «ՄԱՍԱՄԲ ԱԶԱՏ ԵՐԿԻՐ» Է

Հունվար 14,2011 00:00

Freedom House միջազգային հեղինակավոր կազմակերպության՝ երեկ հրապարակած «Ազատությունն աշխարհում. 2011» տարեկան զեկույցում Հայաստանը կրկին բնորոշվել է որպես «մասամբ ազատ երկիր»:

«Մեր գնահատմամբ, Հայաստանը շարունակում է շատ ցածր ցուցանիշներ ունենալ եւ տարվա ընթացքում չի արձանագրել որեւէ նշանակալի բարեփոխում կամ առաջխաղացում»,- «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ՝ ասել է Freedom House-ի ուսումնասիրությունների գծով տնօրեն Քրիս Ուոքերը:

Կազմակերպության ամենամյա այս զեկույցում Հայաստանը 2002 թվականից ի վեր մասամբ ազատ երկրների թվում է: Մասամբ ազատ են համարվում այն երկրները, որտեղ կա կոռուպցիա, իրավական համակարգն ու օրենքի իշխանությունը թույլ են, կան էթնիկ եւ կրոնական հակամարտություններ եւ առկա է այնպիսի քաղաքական միջավայր, որում մեկ կուսակցությունն է իշխում՝ չնայած բազմակարծության որոշակի մակարդակին:

Կազմակերպությունը ուսումնասիրվող շուրջ 200 երկրները դասակարգում է «ազատ», «մասամբ ազատ» եւ «ոչ ազատ»՝ 7 բալանոց համակարգով՝ գնահատելով քաղաքական իրավունքի դրսեւորումն ու քաղաքացիական ազատությունների պաշտպանվածությունը: Այդ սանդղակում մեկ միավորը ամենալավ ցուցանիշն է, իսկ 7-ը՝ ամենավատը: Զեկույցում ներկայացված աղյուսակի համաձայն, «Քաղաքական իրավունքներ» եւ «Քաղաքացիական ազատություններ» ցուցանիշները Հայաստանում համապատասխանաբար գնահատվել են «6» եւ «4» միավորով: Ըստ զեկույցի, վատթարացել է ազատությունների վիճակը նաեւ ԼՂՀ-ում, որն անցյալ տարի գնահատվել էր որպես «մասամբ ազատ» երկիր: Այս տարվա զեկույցում ԼՂՀ-ն գնահատվել է որպես «ոչ ազատ»: Freedom House-ը Ադրբեջանը կրկին գնահատել է որպես «ոչ ազատ» երկիր, իսկ Վրաստանը՝ «մասամբ ազատ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել