ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարծում է՝ այո
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ՝ հայկական պատվիրակությունը պետք է բոյկոտի Վեհաժողովում Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքները, եթե վերջինս վերականգնվի: Ըստ պատգամավորի՝ բոլորի համար հասկանալի է, որ անցած նոյեմբերից Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնած Թուրքիան՝ ի դեմս արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի եւ ԵԽԽՎ թուրք նախագահ Մեւլութ Չավուշօղլուի, փորձելու է «բարենպաստ այս ժամանակաշրջանում» առաջ մղել թուրք-ադրբեջանական լոբբիի հարցերը, մասնավորապես՝ հունվարյան նստաշրջանի բյուրոյի նիստում վերջնականապես հաստատել Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքների վերսկսման հարցը: Տիկին Զոհրաբյանը երեկ լրատվամիջոցներին ասաց, թե վստահ է, որ հայկական կողմն իր ողջ հնարավորություններով ընդդիմանալու է նման զարգացումներին, եւ այդ հարցում հայկական պատվիրակության բոլոր անդամները միակարծիք կլինեն՝ անկախ կուսակցական պատկանելությունից:
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, տիկին Զոհրաբյանն ասել է նաեւ, որ «Բարգավաճ Հայաստան»-ի համար կտրականապես անընդունելի է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատից որեւէ այլ ֆորմատ Լեռնային Ղարաբաղի խնդիրը տեղափոխելը: Եվ եթե անգամ դե յուրե Չավուշօղլուին հաջողվի բյուրոյում վերակենդանացնել մեզ համար տխրահռչակ 1416 բանաձեւում արձանագրված Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի վերականգնումը, ապա ԲՀԿ-ի գնահատմամբ, հայկական պատվիրակությունը պետք է բոյկոտի եւ չմասնակցի այդ ենթահանձնաժողովի աշխատանքներին. «Իմ տեսակետը այն է, որ նման ենթահանձնաժողով չպետք է լինի, կիսում են հայաստանյան պատվիրակության մնացած անդամները՝ թե՛ Հանրապետական կուսակցության, թե՛ «Օրինաց Երկրի», թե՛ Դաշնակցության եւ թե՛ «Ժառանգության»: Ասուլիսում պատգամավորը անդրադարձել է նաեւ փետրվարի 12-ին կայանալիք ԲՀԿ համագումարին եւ հայտնել, որ այն «լինելու է մեր հերթական, 5-րդ համագումարը, որի ժամանակ որեւէ անակնկալ, որեւէ հայտարարություն, որեւէ սենսացիա նախատեսված չէ: Սա մեր կանոնադրությամբ նախատեսված հերթական համագումարն է լինելու»:
Նաիրա Զոհրաբյանը հարկ չի համարել մեկնաբանել իշխանական կոալիցիայի ներսում հնարավոր հակասությունները. «Այդ հարցերին հստակ պատասխան տվել է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ տարեվերջյան իր ծրագրային հարցազրույցներում»: Հիշեցնենք, որ նաեւ մեր թերթին տված հարցազրույցում էր պարոն Ծառուկյանը հերքել ՀՀԿ-ԲՀԿ հակասությունների մասին լուրերը: