ՍԴՀԿ անդամ, ԱԱԾ համակարգի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանը համոզված է, որ հունիսի 1-ին ՀԱԿ-ը կլինի իշխանություն:
– Նոր տարվա հետ կապված նոր հույսեր են արթնացել, քաղաքական-հասարակական շրջանակներում ակտիվ քննարկման առարկա է դարձել ԲՀԿ-ի՝ անակնկալ հայտարարված համագումարը, ԱԼՄ հոլդինգի նախագահի՝ «Երեւանցիներ, միացեք» կոչը, բավականին ինտենսիվ խոսվում է, որ առաջիկայում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ինչ-ինչ փաստաթղթեր է գաղտնազերծելու (ի դեպ, առաջին նախագահը նման հայտարարություն արել էր ամառային հանրահավաքներից մեկում), արդյունքում՝ իրադարձությունները միանգամից սկսելու են զարգանալ ձնագնդի էֆեկտով եւ հասնելու են հանգուցալուծման: Որքանո՞վ են այս կանխատեսումներն իրական:
– Ամենայն հավանականությամբ, կոալիցիան կմասնատվի, կտրոհվի, որովհետեւ շահերի լրջագույն բախում կա: Ըստ իմ ունեցած տեղեկությունների, այսօր իշխանության մեջ գտնվող մարդիկ պարբերաբար հանդիպում են Ռոբերտ Քոչարյանին՝ խնդրելով, որ նա վերադառնա: Եթե իմ ունեցած լուրերը ճիշտ են, ապա Ռոբերտ Քոչարյանը կարող է վերադառնալ երկու կուսակցությամբ՝ ՀՅԴ կամ ԲՀԿ: Եվ այդ խոսակցությունները, որ տարբեր կալիբրի չինովնիկներ վազում են Ռոբերտ Քոչարյանի հետ գաղտնազրույցների, ուղղակի կասկածների տեղիք են տալիս, որ ԲՀԿ-ի այս համագումարը միգուցե կապված լինի նաեւ կուսակցության որոշակի հայտարարությամբ: Չի բացառվում, որ Ռոբերտ Քոչարյանը նաեւ դառնա կուսակցության լիդերը կամ Գագիկ Ծառուկյանի հետ հավասար դեմքերից մեկը: Այնպես որ, սպասենք համագումարին, բայց……
– «Բայց»՝ ի՞նչ. համագումար չի՞ լինի:
– Եթե ինձ եք հարցնում՝ դժվար եմ դրան հավատում. Սերժ Սարգսյանը թույլ չի տա, որ համագումար լինի:
– Ինչո՞ւ եւ ինչպե՞ս:
– Նա կօգտագործի իր հայտնի լծակները:
– Որո՞նք են «հայտնի» լծակները:
– Դրանք դագանակներն են՝ ԱԱԾ, ոստիկանություն, մաքսային եւ հարկային: Չորս դագանակ մի կետի վրա՝ ոչ մեկն էլ չի դիմանալու: Քանի դեռ այդ լծակները կոնկրետ Սերժ Սարգսյանի ձեռքում են գտնվում, ոչ մեկն էլ չի կարող դիմանալ:
– Իսկ ի՞նչ եք կարծում՝ ինչո՞վ է Սերժ Սարգսյանը զզվացրել այդ տարբեր տրամաչափի չինովնիկներին, որ վազում են Ռոբերտ Քոչարյանի ոտքը:
– Նրանք ունեն հավաստի տեղեկություններ այն մասին, որ ղարաբաղյան ճակատում ամեն ինչ տանուլ է տրված, եւ այսպես, թե այնպես, շուտով հողեր են հանձնվելու՝ արդեն այս տարվա մեջ: Անցած տարի, իհարկե, հաջողվեց ձգձգել պրոցեսը, բայց արդեն դրանից խույս տալ չի լինի: Ամեն ինչ իր գինն ունի, դրա մասին արդեն ասել ենք. ճիշտն ասած, մի քիչ երկար ասեցինք, բայց եկավ արդեն գինը վճարելու պահը, եւ նա գինը վճարելու է: Իսկ այն մնացածը, ովքեր գտնվում են Սերժ Սարգսյանի հետ նույն տրամվայի մեջ, այն տրամվայի, որի գծերը բարեհաջող հանեցին Երեւան քաղաքից եւ ոչնչացրեցին, պիտի մտածեն՝ տրամվայից թռչելու ժամանա՞կն է, թե՞ ոչ. հին կարգով թռչում են Քոչարյանի գիրկը:
– Բայց առնվազն 15 տարի խոսվում է «գինը վճարելու» մասին եւ յուրաքանչյուր նոր տարում ասվում է, որ հենց այդ տարին է վճռական լինելու:
– Ես այդ մասին սկսել եմ խոսել 2005 թվականից: 5-6 տարի մենք, ճիշտ է, խոսում ենք դրա մասին, բայց, այո, արդեն վճարելու պահը եկել է: Միգուցե իշխանությանը հաջողվի ԵԽ-ին եւ մնացյալ կառույցներին համոզել, որ հիմա արտահերթ պառլամենտական ընտրություններ կանցկացնենք ու հետո կանցնենք այդ խնդիրների կատարմանը: Էդ էլ կարող է մեկ-երկու ամիս ձգձգել, բայց ավելի չի կարող անցնել: Այսինքն՝ միանշանակ, առավելագույնը մինչեւ հունիսի 1-ն ամեն ինչ լուծված կլինի: Էլ գարնանը չենք ասի՝ թեժ աշուն կլինի: Ամեն ինչ ամռանը կվերջանա:
– Այսինքն՝ հունիսի 2-ի դրությամբ ինչպիսի՞ քաղաքական պատկեր կունենանք:
– Մենք կլինենք իշխանություն:
– Նկատի ունեք՝ ՀԱ՞Կ-ը:
– Այո: Հայ ազգային կոնգրեսը:
– Իսկ ի՞նչ փաստաթղթեր է պատրաստվում գաղտնազերծել առաջին նախագահը:
– Չեմ կարող ասել, ինֆորմացիա չունեմ: Իսկ ինչ վերաբերում է Տիգրան Կարապետյանի հայտարարությանը եւ այն վերլուծություններին, որ նա պետք է դառնա ինչ-որ բանի առանցք ու իր շուրջ մարդիկ հավաքի՝ ասեմ, որ այդ առանցքը ձեւավորված է, եւ այդ առանցքի անունը ՀԱԿ է: Եթե մարդիկ ցանկանում են իրոք ընդդիմադիր լինել, նալին-մեխին չխփել՝ ՀԱԿ-ի դռները բաց են: Համեցեք, եթե մղումներն արդար են:
– ՍԴՀԿ-ից անջատվածները հայտարարում էին, որ 2010-ի դեկտեմբերին համագումար կհրավիրեն, նոր կուսակցություն կգրանցեն. այդ ամենը ոչ միայն չեղավ, այլեւ նրանք այժմ խուսափում են մեկնաբանություններ անել այդ թեմայի վերաբերյալ: Ինչպե՞ս եք այդ ամենը որակում:
– Մեկնաբանել չեմ ուզում, բայց կասեմ, որ համահնչակյան կառույցը վերին աստիճանի լուրջ կառույց է եւ, վերջիվերջո, մեր ազգի մայր կառույցն է: Տարբեր խմորումներ կլինեն, տարբեր ալիքներ կբարձրանան-կիջնեն, մայր կառույցը միշտ կանգուն կմնա: Հավատացնում եմ, որ շատ շուտով մենք կլինենք նույն կուռ շարքերում: Մայր կառույցը չի կարող բաժանվել տարբեր ընտանիքների, տարբեր տների եւ տարբեր հասցեների: Մենք մեկ հասցե կունենանք: