Ընդդիմությունը կարծում է, որ կոալիցիան խաղեր է տալիս, իսկ ՀՀԿ-ն դրա մեջ մեղադրում է Ռուբեն Թորոսյանին
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ձեւավորված աշխատանքային խումբը, որը զբաղված է «Ընտրական օրենսգրքի» փոփոխություններով, երեկ հերթական աշխատանքային քննարկումն անցկացրեց: Դեռ նախորդ քննարկման ժամանակ աշխատանքային խմբի ղեկավար, հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հայտարարել էր, թե հաջորդին (երեկվա քննարկմանը) կհրավիրվեն նաեւ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները, որոնք կանխավ հրաժարվել են մասնակցել կոալիցիոն այս քննարկումներին։ Երեկվա աշխատանքային քննարկումներին եւս ընդդիմադիր ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները չէին մասնակցում: «Առավոտի» հետ զրույցում ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը տեղեկացրեց, որ իրենք, ճիշտ է, պաշտոնապես գրավոր հրավեր չեն ստացել, բայց եղել է հրավեր հեռախոսազանգի միջոցով: Նույն կարգի հրավեր ստացել էր նաեւ «Ժառանգություն» խմբակցությունը, որի մասին մեզ հայտնեց խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։ Արտյուշա Շահբազյանի ներկայացմամբ, իրենք չեն ընդունել հրավերը, քանի որ ունեն իրենց կոնկրետ առաջարկները, դրանք հայտնի են, եւ պատրաստ են քննարկումների մասնակցել միայն իրենց առաջարկների շրջանակում. «Մենք այս փուլում նպատակահարմար չենք գտել մասնակցել, փոխանցվել են մեր առաջարկությունները, որոնք ուղարկվել են Վենետիկի փորձագետներին, բացի այդ, աշխատանքային քննարկումների մեջ ենք «Ժառանգություն» խմբակցության հետ»:
Ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները գրեթե համոզված են, որ իրենք մասնակցեն-չմասնակցեն, միեւնույն է՝ կոալիցիան ներկայացնելու եւ առաջ է մղելու իր իսկ տարբերակը, եւ վերջում փորձելու են այդ նախագիծը ներկայացնել որպես համատեղ, իսկ ընդդիմությունն այս դեպքում չի ուզում այդ խաղին մասնակից լինել:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը հենց այդպես էլ ասաց. «Մենք չենք ուզում մասնակից լինել Դավիթ Հարությունյանի լրամշակումների լրամշակմանը»: Ստեփան Սաֆարյանը կրկին պնդեց, որ իրենք պատրաստ են քննարկել միայն իրենց ներկայացրած տարբերակը, քանի որ այն, ինչ անում է կոալիցիան, ընդդիմադիրների համար ընդունելի չէ:
ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը այլ կարծիքի է եւ իր ընդդիմադիր գործընկերների հրաժարականի կապակցությամբ ասաց. «Հրաժարվելը կամ քննարկումներին չմասնակցելը այն լավագույն ճանապարհը չէ, որով փորձում են ցույց տալ իրենց ընդդիմադիր լինելը, որովհետեւ քննարկվում է մի փաստաթուղթ, որը հետագայում դրվելու է ԱԺ քննարկմանը, չեմ կարծում, որ այնտեղ էլ իրենք բոյկոտելու են: Եթե այդպես վարվեն, դա կլինի շատ վատ որոշում, որովհետեւ հատկապես այս աշխատանքային խումբը տրամադրված է կառուցողական, աշխատանքային մթնոլորտի»: Ըստ Հովհաննես Սահակյանի, այս գործընթացին ընդդիմության չմասնակցությունից կտուժի եւ հասարակությունը, եւ ընդդիմությունը:
Ի դեպ, աշխատանքային խումբը իր նախորդ քննարկման ժամանակ կետ առ կետ քննարկեց եւ անգամ ընդունեց Ռուբեն Թորոսյանի կողմից ներկայացված առաջարկներից մի քանիսը, ընդ որում՝ այդ քննարկումներին պարոն Թորոսյանը ներկա չէր, ինչի մասին եւ մենք գրել էինք: Ռուբեն Թորոսյանը ավելի ուշ եւ էլեկտրոնային լրատվամիջոցներով, եւ մեր թերթին ուղարկած նամակով հերքեց, թե ինքը առաջարկներ է ներկայացրել աշխատանքային խմբին: Երեկ մենք հարցրինք աշխատանքային խմբի անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանին, թե այդ ինչպես է լինում, երբ մարդը առաջարկներ չի ներկայացնում, եւ այդ չներկայացված առաջարկները քննարկվում են: Ի պատասխան, պարոն Սահակյանն ասաց. «Նախ նշեմ, որ ինձ համար ոչ թե տարօրինակ է, այլ ավելի հարմար բառ չեմ գտնում բնութագրելու Ռուբեն Թորոսյանի այդ պնդումը, թե ինքը առաջարկներ չի ներկայացրել, քանի որ եւ իր հ/կ-ի համապատասխան բլանկով, եւ ստորագրությամբ առաջարկությունների մի մեծ փաթեթ, նաեւ՝ հայտարարություն, կապված ընտրական օրենսդրության փոփոխության այս գործընթացի հետ, ինքը ուղարկել է Ազգային ժողով: Եվ բոլորի աչքի առաջ, նույնիսկ իր բացակայությամբ, Դավիթ Հարությունյանը այդ առաջարկները կետ առ կետ հնչեցրել է, եւ քննարկել ենք, անգամ, եթե չեմ սխալվում, երեք առաջարկություն մեր կողմից ընդունվել է: Իսկ թե ինչու է ինքը նման բան ասել, ես չեմ կարող պատասխանել, գուցե այդ մարդը խնդիրներ ունի, ուղարկել է եւ չի հիշում: Իր տարածած հայտարարության մեջ խոսել էր ՀՀԿ-ական ինչ-որ որակի մասին, եւ ես, որպես ՀՀԿ-ական պատգամավոր, կուզենայի ասել, որ ՀՀԿ-ական պատգամավորները հոգեբան եւ հոգեբույժ չեն, որ իրեն հասկանան: Ի՞նչ է նշանակում, երբ մարդը ուղարկում է առաջարկներ, երբ նրան զանգահարում են եւ հրավիրում են, ընդունում է հրավերը եւ ասում է, թե մասնակցելու է, հետագայում չի մասնակցում եւ դեռ գրում է, թե ինքը առաջարկներ չի արել: Ես որակումներ չեմ տա, բայց ընթերցողը թող դատի: Գուցե սա է պատճառը, որ մենք իրեն չենք հասկանում: Ուրեմն թող դիմի համապատասխան մարմիններին կամ մասնագետներին, որ իրեն օգնեն»: