Երեկ ՀՀ կառավարության շենքի առջեւ սովորականի նման նախարարական ծառայողական մեքենաների առատություն էր: Հենց այստեղ արձանագրեցինք, որ ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի՝ 002 ԼԼ 55, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի՝ 011 ԼԼ 55, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի՝ 012 ԼԼ 55, սպորտի եւ երիտասարդության նախարար Արմեն Պետրոսյանի 088 ԼԼ 55, պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի՝ 009 ԼԼ 55, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի՝ 001 ԼU 01 ծառայողական մեքենաներն ապահովագրված չեն: Ոմանք անգամ հերթական տեխնիկական զննություն չեն անցել: Մեքենաների դիմապակիների վրայից բացակայում են թե՛ ապահովագրության, թե՛ տեխզննության կտրոնները: Հետաքրքիր է, ՀՀ ոստիկանությունը կտուգանի՞ ծառայողական մեքենաների սեփականատեր նախարարություններին եւ նախարարական վարորդներին: Նկատենք, որ սովորական քաղաքացիներ արդեն տուգանվել են: Իսկ ավելի հետաքրքիր է, որ հենց երեկվա նիստում իր խոսքի ժամանակ վարչապետը անդրադարձել է ԱՊՊԱ-ների ներդրման կարեւորությանը՝ համարելով այն «լրջագույն բարեփոխում», եւ նույնիսկ ասել՝ «2011-ը այդ առումով բեկումային է լինելու, որովհետեւ կձեւավորվեն պարտադիր ապահովագրության ինստիտուցիոնալ կառույցներ: Ինչը ենթադրում է, որ հազարավոր մարդիկ առնչվելու են այս համակարգին, եւ այս ոլորտում նոր մտածողություն է ներդրվելու՝ բավական լուրջ հետեւանքներով»: