Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՇՏ ՄՈՏ՝ ՀԱՅՐԵՆԻ ԵԶԵՐՔԻՆ

Հունվար 13,2011 00:00

«Լոռվա ձորի» «հաշվետվությունը»

\"\"

Ավանդական են դարձել տարեվերջյան հանդիսույթ-հաշվետվությունները «Լոռվա ձոր» հայրենակցական միության համար: Բացառություն չէ նաեւ 2010թ.-ը: Միության անդամները հավաքվել էին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Կատարածի թվարկումն իսկ ավելի քան խոսուն է. «Լոռվա ձորում» խորագրով լուսանկարչական աշխատանքների ցուցահանդես՝ Ժողովրդական արվեստների թանգարանում (հեղինակ՝ ակադեմիկոս Հանրի Ներսիսյան), Թումանյանի նոր հրատարակությունների շնորհանդես, Հաղպատավանքի եւ սայաթնովայական տոնի հիմնում Հաղպատում, ժողովրդական տոնախմբություն Ախթալայում, Թումանյանի ժառանգների այցելություն Դսեղ, Թբիլիսի, թումանյանական օրեր, նկարչական փառատոներ՝ Լոռիում, Արցախում, Վայոց ձորում, ցուցահանդեսներ Վանաձորում, Ստեփանակերտում, Երեւանում, «Թումանյանական օր» Ազգային պատկերասրահում, մեծարման երեկոներ Թեքեյան մշակութային կենտրոնում, գրքերի շնորհանդեսներ Ազգային եւ Իսահակյանի անվան գրադարաններում:
«Իհարկե, կատարվածն ամբողջությամբ թվարկելը դժվար է,- ասաց «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը,- բայց կարեւորն այն ոգին ու էությունն է, որ ունեն այդ բազմաթիվ ձեռնարկները եւ միջոցառումները: Դա առաջին հերթին մեծ սերն է հայրենի եզերքի, հայրենիքի, հայոց պետականության նկատմամբ: Մեր բոլոր միջոցառումները նպատակ են ունեցել ներկայացնել այն արժեքները, որոնք ունի Հայաստանի տարածաշրջաններից մեկը՝ Լոռին, իր պատմությամբ, նորօրյա կյանքով, այնտեղ ապրող մարդկանցով: Մենք այդ նպատակով մեծաթիվ մարդկանց հնարավորություն ենք ստեղծել այցելել Լոռի, մասնակցել տարբեր միջոցառումների: Իսկ Երեւանում էլ համախմբել լոռեցիներին եւ նրանց, ովքեր ուզում են միշտ մոտ լինել մեր երկրի այդ լեռնաշխարհին, հայրենի եզերքին: Եվ պատահական չէ, որ մենք մեր ծրագրերը իրականացնելիս միշտ համագործակցում ենք Լոռու մարզպետարանի, Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի, տարբեր կազմակերպությունների հետ»:
Այդ օրը «Հովհան Օձնեցի իմաստասեր կաթողիկոսի հետնորդ» կոչում շնորհվեց Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանին, Լոռու մարզպետ Արամ Քոչարյանին, «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Լեւոն Սարգսյանին, «Վալլեքս» խմբի նախագահ Վալերի Մեջլումյանին, Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանին, արցախյան հերոսամարտի լեգենդար կապավոր Սերգեյ Աթաբեկյանին: Ավանդույթի համաձայն, ամեն տարեվերջին շնորհվում է «Հովհաննես Թումանյանի պատվավոր հետնորդ» կոչումը, որին այս անգամ արժանացան գրող-հրապարակախոս Հրաչյա Մաթեւոսյանը, արձակագիր Վալերի Պարանյանը, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Շախկյանը, բանաստեղծ Լիպարիտ Սարգսյանը, գրող-հրապարակախոս Ֆելիքս Բախչինյանը, ՀՀ ժողովրդական նկարիչներ Հակոբ Հակոբյանը, Հենրիկ Մամյանը, ՀՀ վաստակավոր դերասան Գրետա Մեջլումյանը, ՀՀ ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը:
«Ուրախ եմ, որ մշակութային կյանքը մեր երկրում գնալով աշխուժանում է,- ասում է գրող, հրապարակախոս Հրաչյա Մաթեւոսյանը,- այստեղ պետության կողքին կանգնում են եւ օգնում հասարակական կազմակերպությունները, այդ թվում եւ հայրենակցական միությունները: Իսկ հենց մշակութային աշխուժությունն էլ իր հետ այլ զարգացումներ, ապագայի նկատմամբ հույս եւ հավատ է բերում, որի կարիքն այսօր շատ ունենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել