Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիլմ, որը կօգնի ճանաչել Արցախը

Հունվար 13,2011 00:00

Շուտով կմեկնարկի «Թեկուզ»-ը

\"\"
«Թեկուզ» ֆիլմի  սցենարիստ Արփի Վանյանն ու ռեժիսոր Գագիկ Աթասյանը:

«Տարիներն անցնում են, սակայն Արցախի հիմնահարցն այդպես էլ վերջնական լուծում չի գտնում, բանակցությունները շարունակվում են, իսկ արդյունք՝ չկա ու չկա… Ադրբեջանը տարիներ շարունակ խեղաթյուրում է Արցախի հարցը՝ այն սխալ ներկայացնելով աշխարհին։ Մեր ֆիլմը արցախյան ազատագրական պայքարի մասին է, հիմնված իրական փաստերի վրա։ Կարծում ենք, որ այն կօգնի աշխարհին՝ այլ ազգերին, համակողմանի ծանոթանալու ղարաբաղյան հիմնախնդրին, տեսնել, թե իրականում ինչ է տեղի ունեցել 1988-ին Արցախում»,- համոզված են «Թեկուզ» ֆիլմի սցենարիստ Արփի Վանյանն ու ռեժիսոր Գագիկ Աթասյանը:
Ֆիլմի գլխավոր հերոսն է Աշոտը, որը, ինչպես եւ հազարավոր արցախցիներ, ապրում է հետպատերազմյան Արցախում։ Նա շոշափելիորեն զգում է այն ամենը, ինչը հատուկ է նման ժամանակաշրջանին. գործազրկություն, դժվար հայթայթվող օրվա հաց, երկա՜ր, միանման օրեր ու հիշողություններ… Հիշողություններ, որոնք ապրում են իրենց առանձին կյանքով: Եվ օրերից մի օր նրա խաղաղ, միապաղաղ կյանքի ընթացքը խաթարում է վաղեմի ընկերոջից՝ Մուսայից ստացած նամակը… Խորհրդային բանակում ծառայելու ժամանակ նա փրկել էր Մուսայի կյանքը, ու այդ օրվանից դարձել էին ընկերներ: Աշոտը ուրախանում է այդ նամակով, սակայն կինը դեմ է, որ ամուսինը պատասխանի «թուրքի» նամակին, ինչի համար պատճառ ունի. ազերիները մի գիշերվա ընթացքում կոտորել էին նրա եղբոր ամբողջ ընտանիքը, իսկ եղբորը 5 ամիս պահել գերության մեջ՝ ենթարկելով անմարդկային տանջանքների… Այսպես են սկսվում «Թեկուզ» պայմանական վերնագիրը կրող ֆիլմի գործողությունները:
Ֆիլմի ռեժիսոր Գագիկ Աթասյանը արցախցի է, որը երեք տարի մասնակցել է արցախյան ազատագրական պայքարին: Վերջին տարիներին հաստատվել եւ աշխատում է Մոսկվայում, որտեղ շուտով պետք է նկարահանվի նրա սցենարով գրված՝ արդեն մեծ աղմուկ հանած «նՑՏ ԾՏրՍՉՈ…» ֆիլմը: Այժմ Գ. Աթասյանը Հայաստանում է, որպեսզի, ինչպես ինքն է ասում՝ «ձեռք բերած փորձն օգտագործի» ու նկարահանի արցախյան հերոսամարտի մասին պատմող ֆիլմը:
«Կարծում եմ՝ իմ այս նախագծի շուրջ կհամախմբվեն իմ ընկերները, ովքեր համաշխարհային կինոյի ու շոու-բիզնեսի ներկայացուցիչներ են։ Մենք գիտենք մեր պատմությունը, արցախյան գոյամարտի իրականությունը, սակայն օտարազգիները չգիտեն… եւ ֆիլմը մի քայլ առաջ կլինի նաեւ այս ոլորտում»,- ասում է ռեժիսորը:
«Թեկուզ» ֆիլմի սցենարիստը արցախցի լրագրող եւ գրող Արփի Վանյանն է: «Պատերազմի առաջին օրվանից մինչեւ վերջին օրը եղել եմ իմ հարազատ քաղաքում: Դեռեւս դպրոցական տարիներից տեսել ու զգացել եմ այն ամենը, ինչը կոչվում է պատերազմ: Ֆիլմում նկարագրված գրեթե բոլոր պատերազմական դեպքերը կապված են իմ, ընտանիքիս եւ հարազատներիս հետ: Գրեթե բոլոր այդ դեպքերի ականատեսն էի»,- պատմում է Արփին:
Ֆիլմում կխոսվի եւ կցուցադրվեն (երբեմն նաեւ արխիվային) կադրեր՝ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Բաբայանի, Կոմանդոսի, Մոնթեի, Քերոլայն Քոքսի, ինչպես նաեւ բարերարներ Լեւոն Հայրապետյանի եւ այլոց մասին:
Մեծամասշտաբ այս ֆիլմում նկարահանվելու են անվանի շատ դերասաններ՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանից ու արտերկրից: Արդեն ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ: Ֆիլմի նկարահանումները կիրականացվեն գեղարվեստական ֆիլմերի համար նախատեսված ժամանակակից տեխնիկայով: Այս օրերին լուծվում են ֆիլմի ֆինանսավորման հարցերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել