Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆՈՒՅՆԻՍԿ ՑԱԽԱՎԵԼՈՎ ՊԱՌԱՎԸ ԿԴԱՌՆԱ ՉՔՆԱՂ, ԵԹԵ ՆՐԱՆ ԳՈՎԵՆ ՊՈԵՏՆԵՐԸ»

Հունվար 13,2011 00:00

Համոզված է անազատ պոետը

Ասում են՝ հանուն ազատության մարդիկ պատրաստ են ամեն ինչի: Ոմանք կյանքը կզոհեն հանուն հայրենիքի ազատության, ոմանք սեփական ազատության համար վտանգում են մյուսների կյանքը: Ազատության մասին երազում են նույնիսկ նրանք, ովքեր անազատության մեջ են: Իհարկե, հոգեբանները գտնում են, որ տարիքն էլ նշանակություն ունի մարդկանց մտածելակերպի ու պատկերացումների հետ: Ասել է՝ մարդիկ տարբեր են, ազատության մասին եւս կարծիքները տարբեր են: Երիտասարդները իրենց կյանքում ազատությունը առաջին տեղում են դնում, ավագ սերունդը ոչ ոքից կախում չունենալն ու իրենց ընտանիքների հետ ինքնուրույն ապրելն է համարում ազատության գրավական: Մեր հասարակությունում, երբ որեւէ մեկը դատապարտվում է՝ անկախ կատարած արարքից, հասարակությունը կարծես մերժում է նրան, վանում շրջապատից, որակումներ տալիս: Վտանգավոր կամ արատավոր մարդ ենք պիտակում՝ չմտածելով, որ, անկախ ամեն ինչից, յուրաքանչյուր բանական էակ ունի կյանքի հանդեպ իր հետաքրքրությունները, ունի արժանապատվություն եւ, ամենակարեւորը՝ ներաշխարհ: Որոշեցի հանդիպել անազատության մեջ գտնվող հետաքրքիր մի անձնավորության հետ ու իմանալ նրա պատկերացումները ազատության մասին: ՀՀ արդարադատության քրեակատարողական վարչության մամուլի պատասխանատու Արսեն Բաբայանն ու «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի պետ Արամ Խաչատրյանը խորհուրդ տվեցին հանդիպել պոետի հետ: Անունն արդեն հետաքրքիր էր, պոետ, որը մոտ 10 տարի գաղութում է ու ստեղծագործում է: 56-ամյա Մովսես Ներսիսյանը՝ պոետը, ազատությունից զրկվել է իր զավակներին վիրավորողին պատժելու համար: Նա իրոք հետաքրքիր մարդ է: Կռահում էր հարցերս ու փորձում պատասխանել: Կարծես նախապատրաստվել էր: Հանդիպման հենց առաջին պահից պոետը սկսեց կարդալ դեռեւս անավարտ իր «Հայուհին» պոեմից մի հատված: Անազատության մեջ միջին հասակի, ճերմակած մազերով, ամուր բռունցքներով այս արտասովոր մարդը ճաղերից դուրս էլ երջանկություն ասվածին այդքան էլ ծանոթ չի եղել: «Ես ունեցել եմ դաժան մանկություն, քիչ պակաս դաժան ազատության կորստից».- ասում է նա: Իր իսկ խոսքով, երակներով ազատամարտիկների արյուն է հոսում, ինչը ժառանգել է Մուսալեռում կռված իր պապերից: «Հայրենիքիս համար կյանքով օգտակար լինեմ, դա ինձ համար պարգեւ կլինի»,-  համոզված է պոետը: Վերջինս մանկությունը գորշ գույներով է հիշում՝ աղքատություն, գյուղական տանջանքներ, հոգսեր: Սակայն այդ ամենը չխանգարեց, որ նա հայրենասիրական ոգով դաստիարակվի: Պատմում է, որ պաշտպանել է երկրի սահմանները, նույնիսկ վիրավորվել է ոտքից:
«Մեր վերքերում դեռ երեկ
Օտար էիր ու թունոտ
Մեզ մոտ գիշեր ու ցերեկ
Ճնշում մեր օրն արեւոտ,
Բայց նույն բախտին դու գերի
Քանդված ինչպես հազար շեն
Պատասխանն է դեռ թերի
Չկա Գանձակ, Գետաշեն».- սա Մ. Ներսիսյանի՝ հայրենիքին նվիրված շարքից մի փոքր հատված է:
Կնամեծար, մեծ սիրահար… դժվար է բնորոշել նրա սերը հայուհիների նկատմամբ: Զավակներից հետո, կյանքում նրան ապրեցնում են կանայք: Պոետը առավել քան համոզված է, որ տգեղ կին չկա: «Նույնիսկ ցախավելով այն պառավը, ում տեսքից բոլորը վախենում են, կդառնա չքնաղ, եթե նրան սկսեն գովել պոետները»,- ասում է նա: Նրա աչքերը փայլում էին, երբ խոսում էր կանանց՝ հատկապես «չքնաղ հայուհիների արժանիքների» մասին: Մակեդոնացու, Նապոլեոնի եւ այլ զորավարների հաղթանակը կապում էր սիրելի կնոջ ներկայության հետ: Նրա կարծիքով, միայնակ տղամարդը երբեք չի կարող հաղթել նույնիսկ ամենաթույլ թշնամուն: Զարմանալի է, եթե զրուցակցիս չի ճնշել պատերազմը, աղքատությունը, հիվանդությունը, ապա ինչը կարող է նրա մեջ սպանել կյանքի հանդեպ ունեցած այդքան մեծ կենսասիրությունը: Պատասխանը կարճ էր՝ «դավաճանության բարդույթի մեջ կխեղդվի նաեւ պոետի հոգին»: Պոետը ազատազրկման վայրում ամենաաշխատասեր մարդու համբավ է վայելում: Ստեղծագործելուց բացի, նա ծաղիկներ ու թփեր է մշակում: Երեւի այս կերպ էլ սերն է արտահայտում գեղեցիկի հանդեպ: Սպորտով է զբաղվում, համոզված է, որ ուժեղ պետք է լինել, բայց դեռ սահմանափակ ազատության մեջ են նրա հույզերը, սերը, ատելությունն ու պայքարը. «Հայուհին» պոեմի մասին է մտածում: Ինչն էլ ավարտին հասցնելու համար նրան լիարժեք ազատություն է պետք: «Փակված ինչ-որ տարածքում գրել հայուհու մասին՝ նույնն է, թե ազատության մասին հարց տաս այն մարդուն, ով երբեք, իր սենյակից բացի, ուրիշ մի վայրում մի գիշեր անգամ, իր կամքից անկախ՝ փակ դռան ետեւում չի անցկացրել»,- ասում է նա:
Պոետի կյանքը, իր կարծիքով, այնպիսին չէ, ինչպիսին պիտի լիներ, բայց եթե կյանքն այլ կերպ դասավորվեր, ինքը լրիվ ուրիշ մարդ կլիներ: Ասում է, որ ծառի հաստությունը միայն կտրելուց հետո է երեւում: «Չէի սիրի կյանքը, եթե այն ապրելը շատ հեշտ լիներ, չէի զգա իսկական ընկերը որն է, եթե չդավաճաներ ընկերս ինձ, չէի գնահատի հայրենիքս, եթե նրա ազատության համար պայքարած չլինեի եւ չէի զգա կնոջ կարեւորությունը, եթե չկորցնեի»,- ասում է նա:
Մովսես Ներսիսյանը չի սիրում ներողություն խնդրել, ավելի ճիշտ՝ աշխատում է այնպիսի բաներ չանել, որ հետո ստիպված լինի ներողություն խնդրելու: Սակայն նա միշտ պատրաստ է հայցել բոլորի ներողամտությունը մի բանի համար, որ նա հիմա կալանավայրում է: Կյանքի այս պատմությունը դեռ շարունակվելու է փշալարերից դուրս, երբ ազատության մեջ կլինի պոետը՝ Մովսես Ներսիսյանը: Իսկ անազատության մեջ նրա գրաքննադատները շարունակելու են մնալ բախտակից ընկերներն ու, ինչու չէ, «գաղութի» պետը:

Կարեն ԱՄԻՐՋԱՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել