Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական թիմերը նախապատրաստվում են

Հունվար 13,2011 00:00

Շատերի համար Ամանորի տոները դեռ չեն ավարտվել, սակայն հայկական ֆուտբոլային ակումբների համար արդեն մեկնարկել է մրցաշրջան-2011-ի նախապատրաստական շրջանը:

\"\"

Այդպես, նախորդ մրցաշրջանի արդյունքներով վերջին հորիզոնականը զբաղեցրած, սակայն 2010-ին բարձրագույն խմբի առաջնությունում մասնակցելու իրավունք ստացած «Շիրակը» Սամվել Պետրոսյանի գլխավորությամբ հունվարի 5-ից 12-օրյա ուսումնամարզական հավաք է անցկացնում ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքին մասնակցում են 28 ֆուտբոլիստներ, որոնց թվում են ակումբ վերադարձած Կարեն Ալեքսանյանն ու Արմեն Տիգրանյանը, «Միկայից» Գյումրի տեղափոխված Միքայել Պողոսյանը, ինչպես նաեւ Հայաստանի ազգային հավաքականի նախկին անդամներ Արամ Հակոբյանն ու Եղիշե Մելիքյանը: Բացի այդ, երեկ Երեւան են ժամանել բելառուս դարպասապահներ Բորիս Պոնկրատովը՝ «Դնեպրից» ու Իգոր Լոգվինովը «Բելշինայից»: Նրանք փորձաշրջան են անցնելու «Շիրակում»: Փորձարկումը նշանակված է հունվարի 13-ին ու 15-ին նախատեսված՝ «Ուլիսի» եւ «Արարատի» հետ ստուգողական խաղերում: Նշենք նաեւ, որ «Շիրակը» հունվարի 11-ին արդեն անցկացրել է մեկ ստուգողական խաղ «Փյունիկի» հետ՝ գրանցելով գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0: Այս հավաքից հետո գյումրեցիները կուղեւորվեն Ծաղկաձոր, իսկ փետրվարի 7-ին երկշաբաթյա հավաքի կմեկնեն Անթալիա, ինչից հետո արդեն Հայաստանում կնախապատրաստվեն «Արարատի» հետ մրցաշրջանի առաջին հանդիպմանը: Հիշեցնենք, որ այդ երկու թիմերի համար 2011-ը ավելի վաղ է մեկնարկելու գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի հանդիպումով:
Իսկ ահա նախորդ տարի բոլոր բարձունքները «Փյունիկին» զիջած «Բանանցը» լիարժեք նախապատրաստական փուլը նոր է սկսում, քանի որ մինչ երեկ թիմում չէին լեգեոներներն ու գլխավոր մարզիչ Ստեւիցա Կուզմանոսկին: Հայաստանի փոխչեմպիոնը արդեն հունվարի 15-ին երկշաբաթյա ուսումնամարզական հավաքի կմեկնի Թուրքիա, որտեղ նախատեսված է անցկացնել երեք ստուգողական հանդիպում:
Ընդ որում, առաջին ստուգողական խաղում «Բանանցի» մրցակիցը լինելու է Դոնեցկի «Մետալուրգը», որի կազմում իրենց նախկին թիմի դեմ դուրս կգան Արարատ Առաքելյանն ու Արտակ Դաշյանը: Այդ հանդիպումը նախատեսված է հունվարի 21-ին: Հինգ օր անց Կուզմանոսկու թիմի մրցակիցը կլինի ռումինական «Ունիրեան», իսկ հունվարի 29-ին ծրագրված երրորդ հանդիպման մրցակիցը դեռ որոշված չէ: Հունվարի 30-ին «Բանանցը» կվերադառնա Հայաստան ու հաջորդ արտասահմանյան հավաքին (Թուրքիա կամ Կիպրոս) կմեկնի փետրվարի 10-ին:
Արտասահմանյան հավաքի է արդեն մեկնել Դիլիջանի «Իմպուլսը», որի մարզչական շտաբում որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել: Մասնավորապես, երկրորդ մարզիչ Ստեփան Բաղդասարյանին փոխարինել է Արա Նիգոյանը: Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը հունվարի 11-24-ը կգտնվի Սոչիում: Դիլիջանցիների կազմում 22 ֆուտբոլիստ է մասնակցում հավաքին, այդ թվում նաեւ չորս նորեկներից երեքը՝ Էդուարդ Կակոսյանը, Գագա Թբիլաշվիլին եւ Նարեկ Դավթյանը: Իսկ «Գանձասարից» «Իմպուլս» տեղափոխված Հայկ Չիլինգարյանը վնասվածքի պատճառով մնացել է Հայաստանում: Բացի այդ, Արմեն Գյուլբուդաղյանցը Սոչիում կփորձարկի նախկին արարատցի, ծագումով բելառուս Ռոման Գարկուշային: Երկշաբաթյա հավաքի ընթացքում նախատեսվում է անցկացնել երեք ստուգողական հանդիպում՝ հունվարի 14-ին, 18-ին եւ 22-ին:
«Առավոտը» առաջիկա համարներում փորձելու է անդրադառնալ մեր բարձրագույն խմբի առաջնության մասնակից ակումբների նախապատրաստությանը, իսկ մինչ առաջնության մեկնարկը՝ ամփոփել թիմերի կատարած աշխատանքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել