Լրահոս
Օրվա լրահոսը

Համակարգիչներն ուշանում են

Հունվար 13,2011 00:00

Կամ՝ ինչպես հիասթափեցնել շնորհալի երեխաներին

\"\"

Նախորդ տարվա օգոստոսի 31-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, նախագահական նստավայրում հավաքելով տարվա մեդալակիր շրջանավարտներին, «Կենգուրու-2010» մրցույթի, միջազգային օլիմպիադաների հաղթողներին, Հայաստանի վարկը բարձր պահելու համար շնորհակալություն էր հայտնել հայ պատանիներին, մեծարման խոսքեր շռայլել: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էլ նախագահի ներկայությամբ բարձր ամբիոնից խոստացել էր՝ համաշխարհային օլիմպիադայի 7 մեդալակիրներին՝ որպես խրախուսանք, նվիրել համակարգիչ: Սակայն հաղթող երեխաների հետ աշխատած մանկավարժներից մեկը, որի անունը իր խնդրանքով չենք հրապարակում, «Առավոտին» փոխանցեց, որ մինչ այսօր միջազգային օլիմպիադայի մեդալակիրները նախարարի խոստացած խրախուսական պարգեւը չեն ստացել: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նաեւ դեկտեմբերի 26-ին մեդալակիրներին հավաքել է ռեստորաններից մեկում: Հավաքույթին, սակայն, չեն հրավիրվել երեխաների հետ պարապած մասնագետներն ու հաղթող ուսումնական հաստատությունների տնօրենները՝ «Քվանտ» վարժարանի տնօրեն Ռոբերտ Վարդանյանը, Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը, Վանաձորի «Էվրիկա» վարժարանի տնօրեն Արմեն Ծատուրյանը, պարապող ուսուցիչներից՝ Լիդա Սահակյանը, Տիգրան Մարգարյանը, Նաիրի Սեդրակյանը, Արմեն Անդրեասյանը, այլք: Մինչդեռ, ինչպես հայտնեց մեր զրուցակիցը, այդ օրը մեդալակիրների կողքին ներկա են եղել նախարարության շատ «իշխանիկներ», նախարար Աշոտյանն էլ սեղանակիցներին ներկայացրել է՝ «Այստեղ նստած է մեր ապագան», ապա խոստովանել, որ հաղթողներին այնքան էլ լավ չեն ճանապարհել եւ ընդունել: «Իրականում ոչ ճանապարհել են, ոչ էլ ընդունել»,- վրդովված ասում է զրուցակիցս: «Երեխաները ոգեւորված էին, որ հանրապետությունում կրթության այդպիսի մակարդակի ցուցաբերումը խրախուսվում է: Բոլորը սպասում էին, որ տարին կամփոփեին ու խոստացած խրախուսանքը կտային: Երեխաներին հրավիրեցին ռեստորան, մտածում էին, որ սա արդեն վերջին փուլն է, եւ կտան խոստացած խրախուսանքները: Միջոցառումը վերջացավ, բայց հաղթողներին մրցանակներ տալու մասին այդպես էլ չհիշեցին: Դա խորը հիասթափության, ապագայի նկատմամբ հավատը ջարդելու հերթական քայլ էր, ցավալին այն է, որ այս անգամ հույսն ու հավատը ջարդում էին ոչ թե մեծահասակների, այլ 15-16 տարեկանների մեջ, որոնք մտածում են՝ լավ սովորելով հայրենիքի համար մեծ գործ են արել, կրթական այս անապատում օազիսներ սարքել, ունենալ մրցունակ մակարդակ»,- ցավով նշում է նա: Մանկավարժը անհասկանալի է համարում՝ ինչպե՞ս կարելի է աստղագիտության բնագավառում Վ. Համբարձումյանի անվան մրցանակի համար տրամադրել 500 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ, բայց 7 երեխայի համար մեկական համակարգիչն ափսոսալ. «Ո՞ւր է պետական մոտեցումը, արդյո՞ք մեր բարձր իշխանավորները տեղյակ են, որ այդ մրցումների ժամանակ նույնպես բարձրացվում է Հայաստանի դրոշը, չէ՞ որ իրենք ստվեր են գցում երկրի դրոշի վրա»: Երեկ  փորձեցինք պարզաբանում ստանալ ԿԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վարչության պետ Արթուր Բաղդասարյանը հավաստիացրեց, որ ԿԳ նախարարությունը մշտապես հավատարիմ է իր տված խոստումներին. «ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը խոստացել էր միջազգային օլիմպիադայի հաղթողներին տրամադրել մեկական համակարգիչ, որը պետք է ձեռք բերվեր բուհերի աջակցությամբ: Հաշվի առնելով գնումների գործընթացի առանձնահատկությունները, համակարգիչների ձեռքբերման գործընթացը կիրականացվի փետրվարի սկզբին, եւ աշակերտներին կհանձնվի հանդիսավոր պայմաններում: Օլիմպիադայի հաղթողները հրավիրվել են նաեւ տարեվերջյան տոնակատարության, որը մեկ անգամ եւս հավաստում է գիտելիքի կարեւորման եւ օժտված երեխաների հանդեպ նախարարության մոտեցումը»: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել