Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԵՐԱԿՈՒՅՏԸ ՀԱՂԹԵՑ

Հունվար 13,2011 00:00

\"\"«Ակադեմիական» խաղերը շարունակվում են

ՀՀ գիտությունների ակադեմիայի ընդհանուր ժողովը դեկտեմբերի 27-28-ին անցկացրեց ակադեմիկոսների եւ թղթակից անդամների ընտրություններ, որոնք, ընտրությունների մասնակիցների ու ակադեմիայի հետ քիչ թե շատ կապ ունեցողների բնորոշմամբ՝ խայտառակ էին: Այս անգամ ակադեմիկոսի կոչում ստացան Գեղամ Գեւորգյանը (մաթեմատիկա), Արամ Շահինյանը (քիմիա), Աշոտ Սաղյանը (կենսատեխնոլոգիա), Յուրի Սուվարյանը (տնտեսագիտություն): Ի թիվս այլոց, ԳԱԱ թղթակից անդամներ դարձան Լեւոն Թավադյանը (ֆիզիկական քիմիա), Սուրեն Խառատյանը (ֆիզիկական եւ անօրգանական քիմիա), Ալբերտ Խառատյանը (պատմություն), Ռուբեն Սաֆրաստյանը (արեւելագիտություն), Լավրենտի Հովհաննիսյանը (լեզվաբանություն), Աելիտա Դոլուխանյանը (գրականագիտություն), Վիգեն Ղազարյանը (արվեստագիտություն): Ակադեմիկոս կամ թղթակից անդամ դառնալը շահեկան է նաեւ այն առումով, որ ձեռքերը ծալած նստելու դեպքում էլ ակադեմիկոսները ստանում են 150 հազար, իսկ թղթակից անդամները՝ 100 հազար դրամ:
Ինչ վերաբերում է հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքին, ակադեմիկոսների 3 տեղի համար ներկայացված էր 6 հայտ, թղթակից անդամների 6 տեղի համար՝ 23:
Ակադեմիական ծերակույտը, փաստորեն, դեմ է եղել Արվեստի ինստիտուտի տնօրեն Արարատ Աղասյանին, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանին, իրավաբանականի դեկան Գագիկ Ղազինյանին, անվանի պատմաբան Բաբկեն Հարությունյանին, անգամ փոխարտգործնախարար, պատմաբան եւ դիվանագետ Արման Կիրակոսյանին:
Սա այն դեպքում, երբ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոսներն ու թղթակից անդամները հիմնականում 70- 80 տարեկանից բարձր են, հեռու համակարգչային գիտելիքներից ու ինտերնետից օգտվելու հնարավորություններից, գաղափար անգամ չունեն, թե ինչ է գիտնականի միջազգային ռեյտինգը:
Մամուլը լեփլեցուն է ՀՀ ԳԱԱ-ի մասին «չեպե»-ներով, բայց էլի ակադեմիան գործում է հին ոճով՝ սուղ բյուջեից գումարների վատնումով:
Ո՞վ չգիտի, որ հզոր հայագիտական կենտրոնները գտնվում են Իտալիայում եւ Ավստրիայում, քանի որ այդ երկրներում են Վենետիկի եւ Վիեննայի մխիթարյան միաբանությունները, սակայն պարզվում է, որ մինչ օրս ՀՀ ԳԱԱ-ն Ավստրիայի ԳԱԱ-ի հետ որեւէ պայմանագիր չունի, իսկ բրիտանական ակադեմիայի հետ կնքված է ստորացուցիչ պայմանագիր: Նույն Բրիտանական եւ Վրաստանի գիտությունների ակադեմիայի հետ պայմանագրի արդյունքում վրացիները պարտավոր են օժանդակություն եւ աջակցություն ցուցաբերել բրիտանացիներին, վերջիններս էլ՝ մեր հարեւաններին, իսկ մեր եւ բրիտանացիների պայմանագրով ընդամենը ամրագրված է բրիտանացի գիտնականներին օգնելն ու օժանդակելը:
Մի նկատառում եւս՝ կաստայացած ակադեմիականները հիմնականում ջնջել են այն մարդկանց, որոնք քաղաքային մտավորական ծագում ունեն, ինչպես, օրինակ՝ Ավիկ Իսահակյանը, Արման Կիրակոսյանը, Հրաչյա Թամրազյանը, Արամ Սիմոնյանը, Լեւոն Չուգասզյանը: Նույն Արամ Սիմոնյանը 10 հոգուց 6 ձայն է ստացել, այն դեպքում, երբ քվեարկողների մեջ նաեւ իր հայրը՝ Հրաչյա Սիմոնյանն էր:
Ի դեպ, ԳԱԱ անդամների հիմնական մասը ընտրվել է այն ժամանակ, երբ ցուցակները Մոսկվան ու ԿԳԲ-ն էին հաստատում: «Առավոտը» զրուցեց չընտրված գիտնականների հետ:
Գրականագետ Ազատ Եղիազարյանը չցանկացավ մեկնաբանել ակադեմիայի ընտրությունները. «Իմ կարծիքը այս պահին տեղին չի լինի, որոշ ժամանակ անց հենց ձեր թերթում հանդես կգամ»: Մեր հարցին՝ արդա՞ր էին, արդյոք, ընտրությունները, նա պատասխանեց. «Ի՞նչ արդարության մասին է խոսքը, ուղղակի չեմ ուզում այս պահին իմ արձագանքը լինի»:
Գրականագետ Ավիկ Իսահակյանը եւս չցանկացավ խոսել. «Ես աշխատում եմ ակադեմիայի ցանցում, այդ օրերին էլ Ֆրանսիայում գիտական ժողովի էի, երբ եկա՝ արդեն արդյունքները կային, որոնց մասին ընդամենը կասեմ՝ նո քոմենթ: Չեմ ուզում մեկնաբանել՝ ինչ է եղել, ինչ չի եղել, թող ընտրվածները խոսեն… Իսկ մենք եկեք խոսենք, թե ինչ մեծ մարդ էր Օհան Դուրյանը, ի դեպ, երբ նա եկավ Հայաստան, Վարպետը դեռ կենդանի էր…»:
Գրականագետ, ԵՊՀ դասախոս Սամվել Մուրադյանը «Առավոտին» հայտնեց, որ ակադեմիայի մասին չի ուզում լսել եւ չի ցանկանում որեւէ կապ ունենալ: Մատենադարանի տնօրեն, գրականագետ Հրաչյա Թամրազյանն էլ գործավարուհու բերանով փոխանցեց, թե ԳԱԱ մասին ընդհանրապես խոսելու ցանկություն չունի:
Մոտավորապես նույնն էր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի պատասխանը. «Ես չեմ ուզում որեւէ բան ասել ընտրությունների մասին, քանի որ դա կդիտվի որպես սուբյեկտիվ մի բան»:
Շատ կուզենայինք նաեւ արտգործնախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի կարծիքը լսել, սակայն ԱԳՆ համապատասխան աշխատակիցներն այնքան բարդացրին ամեն ինչ, որ դրա հնարավորությունը չունեցանք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել