Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆԸ ՄԵԶ ՀԵՏ Է

Հունվար 13,2011 00:00

\"\"

Հայրենիքի այս ծանր ու դժվարին օրերին, այս հարափոփոխ ու խառը մթնոլորտում մեր ժողովրդի համար երիցս կարեւորվում է հոգեւոր արժեքների պահպանումը: Քանզի կա այն հստակ գիտակցումը, որ որեւէ ազգ կվերջանա, կավարտվի, եթե հանկարծ հանդուրժի հոգեւոր «բլոկադա», որի հեղինակը, անշուշտ, միայն մենք ենք լինելու:
Արվեստի ու մշակույթի գործիչները թեեւ երեք տարուց ավելի է, ինչ դուրս են իրենց ստեղծագործական կյանքի բնականոն ընթացքից, այնուամենայնիվ, մտահոգություն կա, փնտրտուք՝ ստեղծելու, արարելու այնպիսի արժեքներ, որոնց շուրջ ժողովուրդ կհավաքի, եւ ամեն ոք իրեն հաղորդակից զգա իսկական արվեստին:
Վկա՝ այսօրվա մեր օպերային թատրոնի ավանդների շարունակումը. գործ, որ վստահված է հանճարեղ երաժիշտ Օհան Դուրյանին:
Տասնյոթ տարի հայրենիքից հեռու ապրեց ու ստեղծագործեց այն հույսով, որ կրկին կբացվեն հայրենիքի դռները, որոնք անհանդուրժողաբար փակվել էին իր առջեւ: Մեծ երաժշտին հիշում է ամեն մի հանդիսատես, ով բախտ էր ունեցել ունկնդրել նրա ղեկավարած նվագախմբին: Այսօր էլ հանրաճանաչ դիրիժորը պատրաստ է երաժշտական իր տաղանդը նվիրաբերել Հայրենիքին, որից ստիպված էր հեռանալ:
– Այնուհանդերձ, Հայաստանի հանդիսատեսը սպասում էր Ձեզ:
– Մեր զրույցը փոքր-ինչ պիտի հեռվից սկսեմ: 1974-ին ստիպված էի թողնել հայրենիքս: Բառիս բուն իմաստով ամեն ինչ արեցին, որպեսզի ես այստեղից հեռանամ: Ահա թե որն է իրական պատմությունը: Երկու տարով պիտի գնայի արտասահման աշխատելու, այդպես էր պայմանագիրը: Երբ ստացա մեկնելու փաստաթղթերը, այնտեղ ժամկետը նշված էր վեց ամիս: Իմ հարցին, թե ինչու վեց ամիս, պատասխանեցին՝ եթե Դուք վեց ամսից ավելի մնալու լինեք, դիմեք տեղի սովետական դեսպանատուն, կերկարացնեն Ձեր արտասահմանում բնակվելու իրավունքը: Այնուամենայնիվ, մեկնեցի Վիեննա: Վեց ամիս հետո գնացի դեսպանատուն: Այնտեղ հայտնեցին, որ Մոսկվայից պիտի համաձայնություն ստանանք: Մեկ շաբաթ հետո կրկին զանգում եմ դեսպանատուն. «Մոսկվայից դեռ պատասխան չի եկել»: Իսկ Մոսկվայից տեղեկացնում էին, թե Ձեր գործերը վաղուց դեսպանատանն է: Եվ այսպես 10 ամիս շարունակ անմարդկային վերաբերմունքի արժանացա, եւ որովհետեւ այլեւս իրավունք չունեի Ավստրիայում մնալ, դիմեցի տեղի կառավարությանը՝ խնդրելով քաղաքական ապաստան տալ: Ինձ հետ պատահածը հաղորդում էին հեռուստատեսությունը, թերթերն ու ռադիոն: Երբ արդեն անձնագիրս հանձնել էի, հաջորդ օրն իսկ դեսպանատնից նամակ ստացա. «Ձեր թղթերը պատրաստ են, կարող եք գալ- ստանալ»: Այսպես ես մնացի հայրենիքից դուրս՝ իմ կամքին հակառակ: Եվ միայն անցած տարի մշակույթի նախկին նախարարը՝ Պերճ Զեյթունցյանը, նամակ գրեց, որով անուղղակիորեն ինձ հրավիրում էր Հայաստան: Ես, բնականաբար, սիրով համաձայնեցի: Եկա մեկ շաբաթով, որպեսզի մասնակցեմ մի քանի համերգների: Դրանից հետո նախարարն ինձ առաջարկեց օպերայի գլխավոր դիրիժորի պարտականությունն ստանձնել:
Այս պատմությունը կրկին խորհելու առիթ է տալիս այն տարիների մասին, երբ բնական էինք համարում իրերն իրենց անուններով չկոչելը, լռելյայն գլուխ էինք խոնարհում անմարդկայինի առջեւ: Անշուշտ, հոգու խորքում համոզված լինելով, որ մի այսպիսի օր, նստած «հայրենիքի դատապարտյալի» առջեւ, ազգային արժանապատվությունդ վիրավորված ես զգալու, ամաչելու ես ուրիշների արարքի համար եւ արդարացում ես փնտրելու: Բեմերից ու ամբիոններից մեծախոս ղեկավարների ելույթները լսելով հավատացինք, թե ազգի հոգեւոր հարստությունը հոգատար ձեռքբերում է: Մինչդեռ այդ նույն հոգեւորը բանտված էր կամ, «լավագույն» դեպքում, ծլարձակում էր ուրիշ հողում: Մեծատաղանդ դիրիժորին գնահատեցին ու արժանին մատուցեցին երաժշտության աշխարհահռչակ դեմքերը: Օհան Դուրյանը տարբեր երկրներում հնչեցրեց երաժշտության գագաթներին՝ Վագներ, Չայկովսկի, Շտրաուս, Վերդի, արժանանալով օտար հանդիսատեսի գնահատանքին: Ղեկավարեց այնպիսի նվագախմբեր, որոնց կնախանձեր ամեն մի դիրիժոր: Սիրվեց ու գնահատվեց ամենուր, որտեղ համերգներ տալու հնարավորություններ էր ընձեռվում: Իսկապես դափնեպսակով էր հյուսվում արվեստի աշխարհում Օհան Դուրյանի անցնելիք ճանապարհը: Սակայն դիրիժորը ամեն օր փնտրում էր հայ հանդիսատես եւ տանջվում հոգու երկփեղկվածությունից:
Օհան Դուրյանը հայրենիքում է: Ղեկավարելով օպերային թատրոնը եւ ռադիոյի ու հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախումբը՝ հայ հանդիսատեսին կրկին բացառիկ պահեր է պարգեւում:
– Վարպետ, ինչպիսի՞ն տեսաք Հայաստանի երաժշտական կյանքը եւ ինչպե՞ս եք գնահատում:
– Երաժշտական կյանքը Հայաստանում շատ ավելի հարուստ է, քան շատ այլ երկրներում: Եվ կցանկանայի, որ այդպես շարունակվեր: Անշուշտ, եթե զարգանալու հնարավորություն կա, ավելին պիտի անել: Հայրենիքի այսօրվա ծանր մթնոլորտում ժողովուրդը կտրված չէ մշակութային կյանքից: Եվ իր մխիթարանքը գտնում է նաեւ երաժշտության մեջ: Հրաշքներ չի կարող գործել երաժշտությունը, բայց չնայած դահլիճների սառնությանը՝ համերգասրահները շարունակում են լցված մնալ հոգեւոր սննդի կարոտ հանդիսատեսներով: Այդ ամենը տեսնելուց հետո ինձ թույլ եմ տալիս ասելու, որ երաժշտությունն իր ապաքինվելու առաքելությունը կատարում է, եւ ես անչափ ուրախ եմ դրա համար: Այս երեւույթն աննախադեպ է, որի մասին կարելի է հպարտորեն խոսել ամենուր: Հավատացեք, Ֆրանսիայի, Անգլիայի ցուրտ դահլիճներում ոչ ոք չի նստի համերգ լսելու:
– Երկարատեւ բացակայությունից հետո ինչպիսի՞ն էր Ձեր հանդիպումը հայ հանդիսատեսի հետ:
– Առաջին զգացումս՝ հուզվեցի, անսահման ուրախացա ժողովրդիս ընդունելության համար: Շատ դահլիճներ եմ տեսել, վստահեցնում եմ, որ Հայաստանի հասարակությունը լավագույններից մեկն է, այս հենց այնպես, որպես հայ չեմ ասում:
– Եվ սա այն դեպքում, երբ դպրոցում՝ մանկության ու պատանեկության տարիներին գրեթե չենք ստանում երաժշտական դաստիարակություն: Երաժշտության, մշակույթի հանդեպ մեր սերը հավանաբար ազգային հատկանիշ է:
– Ճիշտ եք: Ձեր ասածն ավելի է շեշտում այն համոզումը, որ հակառակ այսօրվա հանգամանքին, ժողովուրդը չի մոխրանում կենցաղի մեջ, այլ իրեն վերագտնում է երաժշտության ու մշակույթի աշխարհում: Սա հազվագյուտ բան է:
Ինչ խոսք, հազվագյուտ է նաեւ Օհան Դուրյանի արվեստը, որն ըստ արժանվույն չի ներկայանում մեր ժողովրդին: Ինքը լինելով չափից ավելի համեստ, չթմբկահարելով իր արածը՝ մեզ էլ սովորեցնում է բնական համարել կատարած այն գործը, որն ի սեր ժողովրդի է: Անշուշտ, բնական է: Բնական է ընդհանրապես, սակայն մեծ արվեստը, մեծ արվեստագետը ազգի կենսագրությունն է, չզլանանք՝ ուշադրություն սեւեռենք դեպի այդ կողմ: Գուցե իսկապես պետք էլ չէր աղմուկ-աղաղակով նշվեր, բայց աններելի է, երբ կատարված սխալը կրկին սրբագրվում է սխալով: Չվանենք ազգի հանճարեղ զավակներին, մթնոլորտ ստեղծենք նրանց համար, որ մի օր էլ մեր երեխաներն ամոթով չմնան մեր արարքի առջեւ: Իսկ Օհան Դուրյանը ծրագրեր ու նպատակներ ունի իրականացնելու:
– Ինչ խոսք, խոչընդոտներ շատ կան, բայց ես գոնե կյանքիս վերջին տարիներին պիտի աշխատեմ անել այն, ինչ կարող եմ, ինչքան ուժերս կբավարարեն: Այլեւս աշխարհում ինձ ոչինչ չի հետաքրքրում, բացի իմ ժողովրդի հոգեւոր արժեքներից, բացի իմ հայրենիքի բախտից ու ճակատագրից: Խոստումներ չեմ տալիս, մանավանդ հիմա շատ անորոշ է վիճակը: Իսկ հայրենիքում աշխատելն իմ մեծագույն նպատակն է, եթե կառավարությունը, իհարկե, ցանկանա: Ես հիմա ֆրանսահպատակ եմ, դժբախտաբար, եւ որպեսզի այստեղ կարողանամ աշխատել, պիտի հայրենիքիս ղեկավարության կամքը լինի անպայման:
– Արվեստագետի, հատկապես երաժշտի հիմնական առաքելությունը ո՞րն եք համարում:
– Երաժիշտը պետք է լինի արվեստագետ, արտիստ եւ մարդկային: Արտիստիզմը եւ մարդկայնությունը երկու կարեւորագույն հատկություններ են արվեստագետի համար: Ով մարդկային չէ, չի կարող արվեստագետ լինել: Երաժշտությունն ինքնին մի այնպիսի ասպարեզ է, որ մեզ պարտադրում է մարդկայնություն, բարություն: Այնպես որ, այդ երկուսն իրարից չենք կարող զատել:
Արվեստագետը թեեւ հիացմունքով էր խոսում հայ հանդիսատեսի ու Հայաստանի արվեստասեր մթնոլորտի մասին, այնուամենայնիվ ես համոզված եմ, որ նրա համար հիմա էլ շատ դժվարություններ կան, որոնց մասին ինքը չուզեց խոսել:
– Ես հիմա չեմ ուզում ալիքներ բարձրացնել, ուզում եմ սպասել, ուզում եմ հուսալ, որ լավ կլինի: Այն խմբերը, որոնց հետ աշխատում եմ, իմ սրտով են, եւ մենք կարողանում ենք միասին ստեղծագործել, բայց սրանք միակ նախապայմանը չեն արվեստագետի համար, ուրիշ հանգամանքներ կան, որոնք պիտի օժանդակեն իսկական արվեստագետին:
– Արվեստի զարգացման համար նախ եւ առաջ առողջ մթնոլորտ է պետք: Պարոն Դուրյան, արվեստաշխարհի այսօրվա մթնոլորտը Ձեզ տալի՞ս է այդ երաշխիքը:
– Այո, ես հուսախաբ չեմ: Չմոռանանք՝ հայրենիքի դժվարին վիճակն ամենքիս վրա է անդրադառնում: Դրա համար դժվարանում եմ խոսել ստույգ ծրագրերի նմասին: Չէ որ մենք՝ արվեստագետներս, այս նույն հողի վրա ենք: Եվ չենք կարող երազներով ապրել, կյանքի հետ ենք եւ իրավունք էլ չունենք իրականությունից կտրվել: Մեր ժողովրդի տառապանքն ամեն մի արվեստագետի տառապանքն է եւ անպայման հետք է թողնում:
Հայ ժողովուրդն իր առավել դժվար տարիներին չի մոռացել հոգեւոր արժեքների ստեղծումը, դարերի խորքից մեզ է փոխանցել մշակույթի գանձերը՝ նույն առաքելությունը պարտավորեցնելով ամենքիս: Օհան Դուրյանը վերադարձել է հայրենիք, այս հանգամանքը մեզ համար պիտի խորհուրդ լինի: Ամուր ձեռքով ու հոգատար սրտով պահենք այդ խորհուրդը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել