Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՅՈՒՆԻՔԸ՝ ԻՆՉՊԵՍ ՈՐ ԿԱ

Հունվար 13,2011 00:00

Հայաստանի հարավային դարպաս Սյունիքի գյուղերը շարունակում են դատարկվել, իսկ մնացողները դեռ հույս ունեն,  որ դրական փոփոխություններ կլինեն:

\"\"

34 հոգանոց
Շրվենանցի հոգսերը

Նոր տարին Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի Շրվենանց գյուղում նշել են սովորական, ավանդական ձեւով՝ ուղիղ կեսգիշերին յուրաքանչյուրն իր ընտանիքում՝ Ամանորի սեղանի շուրջ: Ավանդական թոնրի գաթան ու թոնրի խորովածն անպակաս էր շրվենանցիների սեղանից: Թոնրի գաթայի մեջ հնուց եկած դովլաթ են դնում, ում բաժին է ընկնում՝ ավանդույթի համաձայն տարվա բոլոր հաջողությունները նրա հետ են կապում: Ոմանք Ամանորին Կապան էին իջել տոնը հարազատների հետ նշելու, ոմանք էլ քաղաքից էին գյուղ եկել տատիկ-պապիկների հետ տարվա ամենաուրախ տոնը միասին անցկացնելու: Շրվենանցը շատ քիչ բնակիչ ունի՝ այստեղ մշտական ապրում է 34 հոգի: Գյուղը գնալով դատարկվում է, տխուր պատկերն այստեղ ցայտուն երեւում է հատկապես ձմռանը: Այստեղ մարդաշատ է լինում միայն ամռանը, երբ գյուղ հովեկներ են գալիս:
Շրվենանցիներից շատերը տարվա այս հատվածում իրենց գյուղը նմանեցնում են խաղողի չորացած հատիկի, որը այդ վիճակում անգամ պահպանել է գյուղին բնորոշ համ ու հոտը: Տեղաբնակներն իրենց գյուղն առանձնացնում են մյուս գյուղերից, ասում են, որ եզակի գյուղ է, որտեղ բնակիչները միասնական են ամեն հարցում, չկա տարանջատում, պահպանվել է մարդկայինը, ուրիշ է գյուղի նիստուկացը, մնում է գյուղի պայմանները բարելավել եւ այս փոքրիկ բնակավայրի կենցաղն ավելի աշխուժացնել:
2010-ը գյուղի համար այնքան էլ հաջող տարի չէր, սեպտեմբերից սկսեց չգործել գյուղի միակ դպրոցը, որը տարածաշրջանի հնագույն դպրոցներից մեկն էր, 2010-ին բազմաթիվ հոգսեր ու խնդիրներ այդպես էլ իրենց լուծումը չստացան: Շրվենանցում հոգսերը քիչ չեն, ամենակարեւորը՝ գյուղտեխնիկայի բացակայությունն է: Գյուղացիները մինչեւ օրս շարունակում են ծանր աշխատանքը ձեռքով անել կամ հարեւան գյուղերից են գյուղտեխնիկա խնդրում: Իսկ ձմռանը լրջանում է ջեռուցման խնդիրը: Գազատարը գյուղից մոտ 100-150 մ է հեռու, բայց գյուղը գազիֆիկացված չէ՝ սակավաբնակ լինելու պատճառով, մոտակա անտառից վառելափայտ կտրելն էլ արգելվում է: Խմելու ջրի խողովակաշար կառուցելու անհրաժեշտություն էլ կա: 2007թ.-ին ջրամբար է կառուցվել, սակայն ջրի քիչ լինելու պատճառով հնարավոր չի եղել ջուրը լիարժեք օգտագործել, ջրագիծ է պետք: Մոտ 3 կմ ջրագծի կառուցման համար 8-9 մլն դրամ է պետք, սակայն այս խնդիրն էլ, մնացած շատ խնդիրների պես, ֆինանսների բացակայության պատճառով՝ չի լուծվել: Ինչպես չի լուծվել գյուղի մշակույթի տան նորոգման հարցը: Շրվենանցը գրադարան ունի, բայց այն աշխատող չունի, համայնքի բյուջեի սղության պատճառով գրադարանավարի պարտականությունը գյուղապետարանի աշխատակիցներից մեկի վրա է դրված: Գյուղապետը ցավով է նշում, որ գյուղում գնալով հոգսերը շատանում են, իսկ գյուղը տարեցտարի մարում է, անհրաժեշտ ուշադրություն չի ստանում: «Գնալով գյուղը մարում է, քաղաքից հոսք չկա, երիտասարդները լքում են գյուղը աշխատանք չլինելու պատճառով, ոչ մի ծրագիր մեր գյուղում չեն իրականացնում, քանի անգամ դիմում եմ, պատճառաբանում են, թե գյուղում քիչ բնակիչ կա, դպրոց չկա: Բայց պետք է պայմաններ ստեղծեն, չէ, որ մարդիկ ցանկություն ունենան գան իրենց հարազատ գյուղում ապրելու, ինչ-որ բանով զբաղվելու: Դպրոցը փակվելուց հետո՝ ես իմ երեխային քաղաք եմ ուղարկել, հարազատներիս տանն է մնում, որ դպրոց հաճախի, միայն շաբաթ-կիրակի է գյուղ գալիս: Կառավարությունը պետք է մի կոնկրետ ծրագիր մշակի դատարկվող գյուղերը փրկելու համար: Ես ամեն ինչ անում եմ, որ գոնե մի փոքր ծրագիր բերեմ գյուղ: Ամեն անգամ երբ գյուղնախարար է փոխվում՝ նոր առաջարկներով դիմում եմ, վերջին անգամ ոչխարաբուծության զարգացման ծրագրի համար էի դիմել, բայց գյուղնախարարը փոխվեց եւ չգիտեմ՝ ինչ կլինի»,- ասում է Շրվենանցի գյուղապետ Արմինե Մանուկյանը:
Շրվենանցում յուրաքանչյուր ընտանիք իր տնամերձ հողերն է մշակում, անասուն պահում, խոշոր ֆերմեր գյուղում չկա, ամեն մեկն իր համար անասուն է պահում՝ ապրուստը հոգալու համար միայն: Այստեղ կան կանայք, ովքեր առանձնանում են ու աչքի են ընկնում իրենց ձեռքի աշխատանքով՝ կարպետներ եւ ձեռագործ այլ գեղեցիկ աշխատանքներ ունեն: Գյուղապետ Արմինե Մանուկյանը ասում է, որ եթե այս ուղղությամբ որեւէ մեկը գյուղում մի ձեռնարկի սկիզբ դնի, դա մեծ օգտակար քայլ կլինի, ձեռագործի վարպետ կանայք կկարողանան ցուցադրել, վաճառել ու մի փոքր եկամուտ ստանալ իրենց աշխատանքից:
Հոգսաշատ գյուղում, սակայն, չեն հուսահատվում, համախմբված ապրում են ու օգնում իրար դժվար պահերին՝ հույս ունենալով, որ գյուղն առաջվա պես մարդաշատ ու կյանքով լի կլինի: «Մենք ուրիշ տեղ ապրել չենք ուզում: Շատերին թվում է, թե ես ռոմանտիկայով եմ տարված, բայց ես մեր գյուղի համար լուսավոր հեռանկար եմ կանխատեսում: Անկախ առկա հոգսերից ու խնդիրներից, Շրվենանցը ապրում է, պիտի ապրի եւ ոչ թե գոյատեւի…»,- 2011 թվականից լավ ցանկությունների սպասումով եզրափակում է իր զրույցը Շրվենանցի գյուղապետ Արմինե Մանուկյանը:
Լորը հպարտանալու առիթներ ունի
Սիսիանի տարածաշրջանի Լոր գյուղում, սովորության համաձայն, Ամանորի գիշերը՝ ուղիղ կեսգիշերին յուրաքանչյուրն իր ընտանիքում Նոր տարին դիմավորելուց հետո դուրս են եկել տներից, հավաքվել գյուղամիջում՝ միմյանց շնորհավորել եւ մինչեւ լուսաբաց համագյուղացիներով գյուղի կենտրոնում շարունակել ուրախությունը: Ավելի քան 100 տարվա պատմություն ունեցող Լոր գյուղի համար 2010-ը բարեհաջող տարի էր, նորոգվեց գյուղի միակ դպրոցը, նշվեց գյուղի 105-ամյակը, բայց դժվարություններ եւս կային: Նախ ճգնաժամային տարի էր, եղանակային անբարենպաստ պայմանները՝ երաշտն ու ցրտահարություններն իրենց հերթին ավելացրին գյուղացու հոգսը: Այնուհանդերձ Լորի գյուղապետ Դավիթ Առուստամյանը 2010 թվականը գյուղի համար լավ տարի է համարում եւ 2011-ի անելիքների մասին խոսում: Այս տարի գյուղում իրականացվելիք ծրագրերը քիչ չեն: Լոր գյուղը հայտնի է Համո Սահյանով, լորեցիները միշտ հպարտացել են, որ մեծանուն բանաստեղծը իրենց գյուղի ծնունդ է: Այս տարի նախատեսվում է նորոգել Լորում գործող Համո Սահյանի տուն-թանգարանը: «2010 թ.-ին սոցներդրումների հիմնադրամի միջոցներով կլուծենք բանաստեղծի տուն-թանգարանի նորոգման հարցը, լուծելի խնդիրներից են նաեւ խմելու ջրագծի կառուցումն ու մշակույթի տան վերանորոգումը: Մեր գյուղը զարգանալու միտումներ ունի, 420 բնակիչ ունեցող գյուղում 130 ընտանիք է ապրում, զբաղվում գյուղատնտեսությամբ: Լորը հայտնի է նաեւ «Կարմրկենի» կոչվող խնձորատեսակով: Ժամանակին գյուղի գեղեցկությամբ հիացել է նաեւ Խրիմյան Հայրիկը: Հպարտանալու շատ առիթներ ունեն լորեցիերը»,- մեզ հետ զրույցում հպարտացավ Լորի գյուղապետ Դավիթ Առուստամյանը:
Կոռնիձորը
դատարկվում է

Գորիսի տարածաշրջանի Կոռնիձոր գյուղի համար տարին սկսվեց տխրությամբ: Նոր տարվա առաջին իսկ օրը գյուղում մահ գրանցվեց, իսկ դեկտեմբերի 31-ի գիշերը կոռնիձորցիները իրենց ընտանիքներում տոնական սեղանի շուրջ ավանդական ձեւով նշեցին ու ամփոփեցին անցնող տարին: Ըստ Կոռնիձորի գյուղապետ Սուրեն Սիմոնյանի՝ 2010-ը գյուղի համար շատ վատ տարի էր, քանի որ խիստ անհաջող էր գյուղատնտեսության համար, ամենաանհաջողը՝ վերջին 100-ամյակում: 1300 բնակչություն ունեցող Կոռնիձորում հիմնականում զբաղվում են խաղողագործությամբ, բուսաբուծությամբ, հողագործությամբ:
Ինչպես բոլոր գյուղերում, այստեղ էլ բազմաթիվ խնդիրներ կան՝ ոռոգման ջրի, ջրահեռացման, գյուղը միջպետական ճանապարհին կապող անմխիթար վիճակում գտնվող ճանապարհահատվածի նորոգման, մշակույթի տան կառուցման… «2011-ին անելիքներ շատ կան գյուղում: Կոռնիձորը բարեկարգման անհրաժեշտություն ունի, երիտասարդները դուրս են գալիս գյուղից՝ արտագնա աշխատանքի մեկնում, շատերն էլ ընտանիքով են լքում գյուղը, հոսքը գյուղից ամենաառաջնային խնդիրներից է Կոռնիձորի համար: 2010-ը լավ տարի չէր մեզ համար, 2011-ից սպասելիքներն այնքան էլ մեծ չեն»,- հավելում է Կոռնիձոր գյուղական համայնքի ղեկավար Սուրեն Սիմոնյանը:
Առաջաձորի հույսը դրսի օգնությունն է
Առաջաձոր գյուղի բյուջեն թույլ չտվեց գյուղում Նոր տարվա տոնական մեծ միջոցառում կազմակերպել: Տարեվերջին գյուղապետարանը հասցրեց միայն մարել բոլոր պարտքերը եւ գյուղապետարանի համար որոշ գույք ձեռք բերել: Գյուղապետ Դավիթ Մովսեսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ, ի տարբերություն այս տարվա, ամեն տարի տոնական օրերին գյուղացիների համար տոնական միջոցառումներ կազմակերպել է: Առաջաձորում մեծամասամբ ծերեր են ապրում՝ բնակչության 90 տոկոսը տարեցներ են: Այստեղ ապրուստը հոգում են տնամերձ այգիները մշակելով, անասնապահությունն էլ գնալով մարում է՝ տարեցները առաջվա ուժն ու եռանդը չունեն շատ անասուն պահելու համար: 60 ընտանիք կա գյուղում, իսկ ձմռանը՝ 120-130 բնակիչ է մնում գյուղում: Միայնակ տատիկ-պապիկները այս ժամանակահատվածում իրենց երեխաների մոտ՝ քաղաք են իջնում: «Ոչ մի առաջընթաց գյուղերում չկա, ծերանում-դատարկվում են գյուղերը, հոգսերն ու խնդիրները՝ շարունակ ավելանում: 2010թ.-ին կարողացանք միայն խմելու եւ ոռոգման ջրագիծը նորոգել եւ մշտական ջրով ապահովել գյուղի բնակիչներին: 1430 թվականի եկեղեցու վերականգնումը, գյուղամիջյան խիստ քանդված ճանապարհի ու դեպի միջպետական ճանապարհ տանող 1,5 կմ հատվածի նորոգումը թողել ենք այս տարվա հույսին: 2011թ.-ին նախապատրաստվում ենք համագյուղական մեծ հավաք կազմակերպել՝ հրավիրելով Հայաստանի ներսում եւ արտերկրում ապրող մեր համագյուղացիներին, կփորձենք գոնե այդ հավաքի ժամանակ համագյուղացիների ուշադրությունը հրավիրել Առաջաձորի խնդիրների վրա եւ հնարավոր աջակցությունը նպատակաուղղել գյուղի խնդիրներին»,-անցած տարին ամփոփում եւ այս տարվա անելիքների մասին կիսվում է Առաջաձորի համայնքի ղեկավար Դավիթ Մովսեսյանը:
Կուրիսում Նոր տարին դիմավորել են
15 ընտանիքով

Մեղրու տարածաշրջանի Կուրիս գյուղը Սյունիքի մարզի սակավաբնակ գյուղերից է: Ձմռան ամիսներին գյուղում քիչ մարդ է մնում, շատերն այս սեզոնին քաղաք են տեղափոխվում՝ Մեղրի կամ Ագարակ: Այս տարի գյուղում Ամանորը նշել է ընդամենը 15 ընտանիք: Գյուղում ընդունված է՝ Ամանորին մեկմեկու են այցելում, բոլորի տներով շրջում ու Նոր տարին շնորհավորում: Այս տարի առաջինը այցելել են գյուղի ամենատարեցին, ով Կուրիսում ապրող միակ վետերանն է: «Գյուղում այնքան քիչ մարդ է մնացել, որ հասցնում ենք բոլորի օջախները հյուր գնալ ու շնորհավորել Ամանորը: Առաջվա համ ու հոտը չի մնացել գյուղում, նախկինում շատ լավ էր: Հիմա գնալով նվազում է բնակչությունը: Գյուղում դպրոց չկա, դպրոցահասակ երեխա ունեցող ընտանիքները ստիպված քաղաք են իջնում՝ երեխաներին ուսում տալու նպատակով: Ձմռանը գյուղն ավելի է դատարկվում: Բայց անկախ այս ամենից, նախադրյալներ կան, որ գյուղը կզարգանա՝ պայմանավորված Ագարակի կոմբինատի հետ»,- նշում է Կուրիսի գյուղապետ Սուրիկ Գրիգորյանը: Գյուղում 2010 թ.-ին այդպես էլ լուծում չստացան ոռոգման ցանցի, մշակույթի տան կառուցման հարցերը: Սակայն գյուղապետը Կուրիսի ապագան կապում է դպրոցի հետ, կրթօջախ ունենալու դեպքում հնարավոր կլինի զսպել արտահոսքը գյուղից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել