Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ արժեք ունի դատարանի վճիռը

Հունվար 13,2011 00:00

\"\"Ծեր կնոջ՝ «ծառ բարձրանալու», բայց տրակտորի տակ ընկնելուց տարիներ անց

Հինգուկես տարի առաջ «Առավոտի» «Տրակտորով մահափո՞րձ» հրապարակմամբ անդրադարձանք 2004թ. հուլիսի 23-ի դեպքին, որը տեղի էր ունեցել Արմավիրի մարզի Հացիկ գյուղի բնակչուհի, այն ժամանակ 77 տարեկան Ռոզա Պետրոսյանի հետ:
Նրան տրակտորի տակ էր գցել Խանջյան գյուղի բնակիչ Մասիս Մկրտչյանը, որի նկատմամբ էլ հարուցվել էր քրեական գործ: Ըստ գործի նյութերի, տրակտորը 10-15 կմ/ժ արագությամբ ընթանալով՝ դաշտից տուն վերադարձող կնոջը դարձրել էր հաշմանդամ:
2005թ. Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը, չզրկելով «վարորդին տրանսպորտային միջոցը վարելու իրավունքից», վճռել էր տրակտորիստից բռնագանձել 650 դոլարին համարժեք գումար (այն ժամանակ՝ 300 000 դրամ):
Որքան էլ միայնակ Ռոզա Պետրոսյանը ընդվզեց, որ ինքը դարձել է հաշմանդամ, զրկվել իր 6000 քմ հողատարածքը մշակելու հնարավորությունից, դատարանը մնաց անսասան իր որոշման մեջ: Դեռ այն ժամանակ, երբ Ռ. Պետրոսյանը հիվանդանոցում էր եւ ուշքի չէր եկել, ոստիկաններն առաջ էին քաշել այն վարկածը, թե Ռ. Պետրոսյանը ծառից է ընկել: Սակայն, բարեբախտաբար, կինը ուշքի էր եկել, իսկ ոստիկաններն էլ ամաչել էին ծառը բարձրացող ծեր կնոջ արկածներից:
Ռոզա Պետրոսյանը օրեր առաջ խմբագրությունում էր: Նրա գործը մնացել էր նույն հարթակի վրա: «Իրավական եւ դատական մարմինների կեղծիքների շնորհիվ կատարվածը որակվեց  պատահականություն, ինձ վրաերթի ենթարկած Տիգրան Մկրտչյանի փոխարեն ներկայացվեց Մասիս Մկրտչյանը: Ինձ ցմահ հաշմանդամ դարձնելու համար դատարանը որոշեց չնչին գումար բռնագանձել՝ բուժծախսերս հոգալու համար»,- ասում է Ռոզա Պետրոսյանը:
Վերջինս հայտնեց, որ դատարանի վճիռը մինչ օրս չի կատարվել, քանի որ ամբաստանյալը գումար չունի: ԴԱՀԿ Արմավիրի մարզի բաժնի պետ Ռ. Ղազարյանի գրության համաձայն. «Կատարվել են հարցումներ գյուղապետարան, ՀՀ կենտրոնական դեպոզիտարիա, ՀՀ ԿԱ մաքսային պետկոմիտե, ՀՀ կենտրոնական ռեգիստր, Անշարժ գույքի պետկոմիտե, ՀՀ-ում գործող թվով 20 բանկեր: Կատարված հարցումների արդյունքում պարտապանին սեփականության իրավունքով  կամ համասեփականությամբ պատկանող անշարժ, շարժական գույք, դրամական միջոցներ, ինչպես նաեւ գյուղտեխնիկա չի հայտնաբերվել»:
«Խնդրում եմ Ձեր միջամտությունը եւ օգնությունը՝ արդյոք ի՞նչ արժեք ունի Հայաստանի Հանրապետության դատարանի վճիռը, ո՞րն է «արդարադատություն» բառի իմաստը, մարդու իրավունքը»,- հարցնում է հուսահատության մատնված անօգնական այս կինը: Նա բուժման նպատակով վաճառել է Արմավիրի մարզի Հացիկ գյուղի իր տունը եւ ներկայումս բնակվում է վարձով:

Հ. Գ. Դատական ակտերի հարկադիր ծառայությունը ՀՀ ոստիկանության ՊԱՏ գլխավոր վարչության պետին տեղեկացրել էր, որ պարտապան Մասիս Մկրտչյանին՝ սեփականության իրավունքով պատկանում է «ՎԱԶ 21011» մակնիշի Ֆ 0146 ԱՐ պետհամարանիշի ավտոմեքենան, ինչի նկատմամբ մինչ օրս հետախուզում է հայտարարված: Ոստիկանները մեքենան դեռ չեն հայտնաբերել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել