Դավիթ Սերյոժայի Կարապետյանը (Կարեյան)::
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչի որոշմամբ, երեկ ձերբակալվել է Նորագյուղի բնակիչ, «Արցախ-բանկ» ՓԲԸ-ի առաջին կարգի մասնագետ, 28-ամյա Կարեն Գեւորգի Խաչատրյանը, ում նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Մեր տեղեկություններով, նա Նորագյուղի Ավետի ազգականն է:
Վերջինս մեղադրվում է նրանում, որ այս տարվա հունվարի 3-ին, ժամը 21-ի սահմաններում, Բաղրամյան-Ավետիսյան փողոցների խաչմերուկում վարելով BMW X5 մակնիշի 23 ՍՕ 981 համարանիշի ավտոմեքենան, դուրս էր եկել հանդիպակաց երթեւեկելի մաս, վրաերթի ենթարկել մի տղամարդու, ապա հարվածել է Daewoo մակնիշի Տ 4897 համարանիշի տաքսի մեքենային, տաքսին էլ իր հերթին բախվել էր Wolksvagen Passat մակնիշի 23 ԼՏ 684 համարանիշի ավտոմեքենային:
Արդյունքում՝ վրաերթի ենթարկվածը, տաքսու վարորդն ու ուղեւորները (թվով 9 մարդ) մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին տարբեր հիվանդանոցներ: Վրաերթի ենթարկվածը քիչ անց «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել էր:
Վիրավորներին ավտոմեքենայից դուրս բերելու համար վթարի վայր էին ժամանել Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության հատուկ փրկարար ջոկատի փրկարարները:
Դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի եւ պարեկապահակային ծառայության գնդի աշխատակիցները հազիվ էին կարողացել բորբոքված բազմության ձեռքից ազատել BMW-ի երիտասարդ վարորդին, ով, ի դեպ, հայհոյանքներ էր տալիս հավաքված բազմությանը:
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչները, ովքեր դեպքի վայրի տեղազննման եւ չափագրման աշխատանքներ կատարելուց հետո հանձնարարել էին ՃՈ աշխատակիցներին, որպեսզի վթարված ավտոմեքենաները տեղափոխվեն ՃՈ տուգանային հրապարակ, իսկ BMW-ի վարորդին տեղափոխեն բուժկենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը:
Մեր տեղեկություններով, պարզվել է, որ Կարեն Խաչատրյանը BMW-ն վարել է ոչ սթափ վիճակում: Դեպքի հաջորդ օրը հայտնի էր դարձել, որ վրաերթի ենթարկվածը Բաղրամյան 79 շենքի բնակիչ, մասնագիտությամբ նկարիչ, արվեստագետ՝ 37-ամյա Դավիթ Սերյոժայի Կարապետյանն է (Կարեյան):
Վիրավորները, այդ թվում տաքսու վարորդը՝ Կոտայքի մարզի բնակիչ Մկրտիչ Բաբաջանյանը եւ նրա ուղեւորները՝ Երեւանի Եղիշե Թադեւոսյան 15 շենքի բնակիչներ՝ 27-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը, մեկամյա Գառնիկ Հովհաննիսյանը, 27-ամյա Նազելի Այվազյանը, 20-ամյա Ռուզաննա Կարապետյանը, 5-ամյա Հասմիկ Հովհաննիսյանը, 2-ամյա Լիլիթ Հովհաննիսյանը, 27-ամյա Վարդան Հովհաննիսյանը, տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Մեզ հայտնի դարձավ, որ նրանց մեծամասնությունը դուրս է գրվել հիվանդանոցից եւ բուժումը շարունակվում է տնային պայմաններում:
Նշենք, որ արդեն ձերբակալված Կարեն Խաչատրյանին 2-ամսյա կալանավորման միջնորդությամբ ՃՏՀ քննության բաժնի քննիչը դիմելու է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: