Հատկապես կյանքի առաջին փուլում տարբեր պատճառներով նորածինների մահացության ռիսկը մեծ է լինում: Նման դեպքերը կանխելու փորձերը, սակայն, շատ հաճախ ցանկալի արդյունք չեն տալիս, քանի որ տվյալ պահին անհնար է լինում պահանջվող միջամտություն անել: Ժամանակն ու միջամտության որակը կարեւոր նշանակություն ունեն նորածիններին օգնելու հարցում: Երեկ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ BirthLink հասարակական կազմակերպության տնօրեն Քեթի Մելորը հայաստանցի մի խումբ նեոնատոլոգների հետ այցելել են Մարտունու ծննդատուն: Բջջային օպերատորի եւ BirthLink հ/կ-ի համագործակցության արդյունքում ծննդատունը համալրվել է նեոնատալ խնամք ապահովող ռադիանտ տաքացուցիչներով, վերակենդանացման սարքերով, տաքացնող ներքնակներով, թթվածնային մոնիտորներով եւ ինֆուզիոն պոմպով: Տրամադրվել են նաեւ նորածինների շտապ տեղափոխման պարագաներ:
Նշենք, որ Մարտունու ծննդատանը տարեկան 1600-ից ավելի նորածին է լույս աշխարհ գալիս: Նրանց նեոնատալ խնամքն ապահովելու համար, բուժաշխատողները նախկինում համապատասխան սարքավորումներ չունենալու պատճառով ստիպված են եղել փոքրիկներին օգնել ոչ թե տեղում, այլ՝ մայրաքաղաքում:
Այդուհանդերձ, նորածինների կյանքի խնդիրը շարունակում է սուր լինել մարզերում: Հատկապես՝ խոցելի եւ սահմանամերձ բնակավայրերում: Ռ. Յիրիկյանը նշեց, որ ուշադրության կենտրոնում է լինելու նաեւ մասնագետների վերապատրաստումը:
Ըստ բժիշկ-մասնագետների, այդ սարքավորումների ներդրումից հետո, ընդհանուր առմամբ, հանրապետությունում նորածինների մահացության ռիսկը կրճատվել է 25-30%-ով: