Մոտ 1 ամիս՝ 5 ընտանիք, մանուկներով հանդերձ, բնակվում էր մայրաքաղաքի համարյա կենտրոնում տեղադրված վրաններում
Նշենք, որ այս ընտանիքներն անօթեւան էին մնացել Կորյունի փողոցում՝ Պոնչիկանոցի հետնամասում տեղի ունեցած մեծ հրդեհի պատճառով: Այս ընտանիքները՝ մեծից փոքր, քնում, ճաշում ու իրենց այլ կարիքները հոգում էին այդ վրաններում, որտեղ նույնիսկ կենցաղային տարրական պայմաններ գոյություն չունեին: Նկատենք, որ նախատոնական օրերին նրանց էր այցելել նորընտիր քաղաքապետ Կարեն Կարապետյանը եւ խոստացել հրդեհից տուժածների հարցը վերջնականապես լուծել: Երեկ «Առավոտը» տուժած բնակիչներից հետաքրքրվեց, թե նրանք տեղափոխվե՞լ են բնակարաններ, ինչպես որ քաղաքապետն էր խոստացել: Մեզ հետ զրույցում տուժածներից մեկը՝ Արթուր Սարգսյանը պատմեց, որ Ամանորի նախաշեմին քաղաքապետն իսկապես մեծ անակնկալ է մատուցել՝ 5 ընտանիքներին ցուցաբերելով դրամական աջակցություն, որպեսզի նրանք 4 ամիս բնակվեն վարձով, որից հետո կլուծեն նրանց մշտական բնակության հարցը: «Նոր տարվա շեմին մեզ լավ նվեր մատուցվեց եւ վերջապես պալատկաներից դուրս եկանք: Մեզ վստահեցրին, որ սա ժամանակավոր է եւ մեր հարցը կլուծվի: Իսկ առայժմ վարձով կբնակվենք, ընդ որում, այնպիսի հարմար գումար է տրամադրել քաղաքապետարանը, որ կարող ենք կենտրոնում տուն վարձել: Հակառակ դեպքում կդժվարանայինք, երեխաները կենտրոնում են դպրոց հաճախում»:
Ըստ բնակիչների, քաղաքապետը իրենց հետ շրջել է հրդեհի վայրում, զննել տարածքը եւ խոստացել, որ ճարտարապետին կուղարկի, որպեսզի տեղանքը մանրամասն ուսումնասիրելուց հետո որոշվի՝ արդյոք հնարավոր կլինի՞ տեղում բազմաբնակարան շենք կառուցել եւ հենց այդ շենքում էլ տուժածներին բնակարաններ կտրամադրվի: Բնակիչների խոսքերով՝ «Նոր քաղաքապետը հույս եւ վստահություն ներշնչեց: Մենք հավատում ենք նրան, եւ վստահ ենք, որ մեր գլխի տակ փափուկ բարձ չի դրվում, այլ իսկապես խնդիրը կլուծվի»: