Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵԽԱՆԵՐԸ ԼՎԱՑՔ ԵՆ ԱՆՈՒՄ, ԱՄԱՆ ԼՎԱՆՈՒՄ ՈՒ ԿՈՆՅԱԿ ԽՄՈՒՄ

Հունվար 13,2011 00:00

Գովազդներում երեխաներին ոնց պատահի եւ երբ պատահի՝ օգտագործում են

«Արգելվում է անչափահասների կերպարների տեսաձայնային կամ այլ ձեւով օգտագործումը գովազդում, եթե այն չի վերաբերում անչափահասների համար նախատեսված ապրանքներին»,- սա «Գովազդի մասին» օրենքի 14-րդ հոդվածն է, որը խախտվում է ամեն օր՝ բոլոր հեռուստաընկերությունների կողմից: Այդ խախտման համար նախատեսվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի մինչեւ 100-ապատիկի չափով: Բայց քանի որ վերահսկողը՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը «Գովազդի մասին» օրենքի ոչ մի խախտում չի գտնում՝ այդ գումարը չի մտնում ՀՀ պետբյուջե: Արդյունքում՝ եթերում հայրիկի «սուպեր ժամացույցից» մինչեւ մայրիկի «սուպեր լվացքի փոշին» գովազդում են անչափահաս երեխաները: Նրանք օգտագործվում են անգամ ալկոհոլային խմիչքի գովազդներում: Դա ցույց տվեց դեկտեմբեր ամսվա ընթացքում «Առավոտի» կատարած տոնական եւ նախատոնական գովազդների մոնիտորինգը:
Օրինակ, «Lenor» լվացքը փափկեցնող կոնդիցիոների գովազդում 2-3 տարեկան երեխան գոռում է՝ «Մայրի՜կ, «Լինորով» լվացքն այնքան փափուկ է, որ ես ասես ամպերի մեջ լինեմ»: Այդ տարիքում երեխան պետք է մտածեր Ձմեռ պապի, նվերների ու խաղալիքների մասին, ոչ թե «Lenor»-ի ու լվացքի: Ո՞վ է տեսել դպրոց՝ դասագրքի, տետր ու գրիչի փոխարեն, «Tide» տանեն ու լվացք անեն: «Tide»-ի գովազդում, օգտագործելով անչափահասներին, մաթեմատիկական բանաձեւերի փոխարեն «մաքրության երաշխավորը» դպրոցական երեխաներին բացատրում է «Tide»-ի նոր բանաձեւը, ուսուցիչներն էլ սիրով ընդհատում են դասն ու լվացք անում՝ «Tide»-ի ուժը տեսնելու համար:
Չգիտենք, թե Ալլա Լեւոնյանին որքան փող են տվել՝ հայ ընտանիքների համար «փոքր գաղտնիքներ» բացելու ու իր անչափահաս երեխաներին ներկրված պահածոների գովազդում նկարահանելու համար, բայց նա ակնհայտորեն խախտում է օրենքի մի քանի կետ: «Գովազդի մասին» օրենքի համաձայն, արգելվում է այն գովազդը, որտեղ պարունակվում են տեսաձայնային այնպիսի դրվագներ, որոնք կարող են բարոյական կամ ֆիզիկական վնաս պատճառել անչափահասներին: Բացի այն, որ «Vernet» պահածոների գովազդում օգտագործվում են երգչուհու երեխաները, խախտվում է նաեւ օրենքի վերը նշված կետը: Անչափահաս երեխան՝ Ժանուլիկը, ուղղում է մորը, թե իրենք «Վերնետը» նախընտրում են ոչ միայն աղցանների համար, այդպես էլ է շատ համեղ ու անմիջապես թիթեղյա տարայի միջից ուտում չլվացված, պահածոյացված ջրով եգիպտացորենի հատիկները: Մի փոքր գաղտնիք էլ երգչուհու ընտանիքի համար մենք բացենք, ու բարի կամքի դեսպանին հիշեցնենք, որ թիթեղյա տարայից առհասարակ սնունդ ուտելը կարող է ֆիզիկական վնաս հասցնել նաեւ մյուս երեխաներին, ովքեր տեսնում ու ընդօրինակում են հեռուստատեսությունից: Գովազդի համար իր եւ մյուս երեխաների կյանքը վտանգելը ավելի շուտ չար կամքի դրսեւորում է եւ օրենքի կոպիտ ոտնահարում:
«Գրանդ Քենդի» ընկերության գովազդում երեխաները պատմում են «Գրանդ կոմերցի» ողջ բիզնեսի մասին՝ պոնչիկից սկսած, փղով ու պաղպաղակով վերջացած: Գովազդում օգտագործված երեխաներից մեկը վստահեցնում է, որ երբ քնելուց առաջ կակաո է խմում՝ լավ երազներ է տեսնում: Բացի այն, որ գովազդում փոքրիկներին ստիպում են սուտ խոսել, որովհետեւ երազի բովանդակությունը բացարձակ կապ չունի կակաոյի հետ եւ կարող է մոլորություն առաջացնել երեխաների շրջանում, մանկաբույժների հավաստմամբ՝ քնելուց առաջ խորհուրդ չի տրվում մանուկներին կակաո խմել: Այն թարմացնող հատկություն ունի, ուժի եւ էներգիայի աղբյուր է, խթանում է նյարդային համակարգի աշխատանքը, պարունակում է կոֆեին եւ նախընտրելի է նախաճաշին օգտագործել:
«Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության դաստիարակչական գովազդում նույնպես խախտում են օրենքը: Գովազդում ասվում է՝ զիջել հետիոտներին պարտադիր է, հարգել մեծերին պարտադիր է եւ այլն: Դասը հասնում է այնտեղ, որ մայրը իր դեռեւս չխոսող, ատամ չհանած մի քանի ամսական երեխային սովորեցնում է մամա-պապայի փոխարեն ասել ԱՊՊԱ, որը երեւի հետագայում երեխայի համար հայր էլ, մայր էլ է դառնալու: «Ամառ է» բնական հյութերի գովազդում նույնպես չխոսող, չքայլող մի քանի ամսական փոքրիկին ղժժացնում են՝ հեռուստադիտողներին համոզելու, թե նա «Artfood»-ի նարնջի համով հյութի տուփին նայելիս՝ նարինջ է տեսնում: «Իդեալ» համակարգի գովազդում մոտ 20 անչափահաս երեխաներ Ձմեռ պապի հետ պարում են՝ գովազդելով շինանյութի խանութ-սրահները: «Նաթֆուդի» «Բիելլա» երշիկների գովազդում նույնպես անչափահաս երեխա է օգտագործված: Անգամ «Անելիք» դրամական փոխանցումների համակարգը, որտեղ թվում է, թե երեխան ոչ մի կապ չպետք է ունենար փողի, փոխանցումների, դրամ-դոլարի հետ, բայց այն նույնպես գովազդում են անչափահաս փոքրիկները:
Մեր հեռուստաեթերում բանը հասել է նրան, որ մանուկները գովազդում են ոչ միայն ամանի հեղուկ, լվացքի փոշի, յուղ, ձեթ ու պահածոներ, այլ նույնիսկ՝ ալկոհոլային խմիչք: ՄԱՊ ընկերության «Արամե» կոնյակի գովազդում 3-4-րդ դասարանի երեխային Կարեն Ջանիբեկյանը հեքիաթի փոխարեն պատմում է կոնյակի ու կաղնու մասին, ինչը խիստ արգելվում է օրենքով, ըստ որի, ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի գովազդում ոչ միայն արգելվում է օգտագործել անչափահասներին, այլեւ նույնիսկ արգելվում է նկարահանել եւ պատկերել 25 տարեկանից ցածր տարիք ունեցող անձանց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել