Լրահոս
Օրվա լրահոսը

Գնաճի ցուցանիշով Հայաստանը Top 10-ի առաջատար է

Հունվար 13,2011 00:00

Տեղեկացնում է FAO-ն

ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) տվյալներով, Հայաստանը հայտնվել է այն 10 երկրների շարքում, որտեղ 2010 թվականի երկրորդ կիսամյակում արձանագրվել է պարենային ապրանքների գների ամենաբարձր աճը: Երեկվա ասուլիսում այս մասին ասաց Համաշխարհային բանկի (ՀԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապին:
«Հայաստանում 2010-ին գրանցված գնաճը, իհարկե, շատ ավելին էր, քան կարող էր անբարենպաստ եղանակը նպաստել: Գների առումով այս տարի էլ կլինի որոշակի լարվածություն, բայց հաշվի առնելով Հայաստան ներկրվող սննդամթերքի ներկրման կառուցվածքը, դժվար է որեւէ կանխատեսում անել»,- հավելեց պարոն Հապին: Ավելի ուշ նա նշեց, որ ՀԲ կանխատեսմամբ, 2011-ին Հայաստանում ապրանքների գները կտրուկ կնվազեն, իսկ գնաճը կկազմի 4-5%: ՀԲ-ն կանխատեսում է նաեւ, որ 2011-ին Հայաստանի համախառն ներքին արդյունքը կաճի 4-5%-ով: Ըստ պարոն Հապիի, աճը հնարավոր կլինի ապահովել ընթացիկ բարեփոխումների շնորհիվ՝ հարկաբյուջետային եւ պարտքի կոնսոլիդացման, գործարար միջավայրի բարելավման եւ բարենպաստ եղանակի դեպքում. «Հայաստանի տնտեսությունը դեռեւս փխրուն կողմեր ունի ու խոցելի է, բոլորս տեսանք, թե նախորդ տարի ինչ տեղի ունեցավ գյուղատնտեսության ու շինարարության ոլորտներում»: Նա նաեւ տեղեկացրեց, որ Համաշխարհային բանկը երեկ հաստատել է Հայաստանի բյուջետային ծախսերը ֆինանսավորող $25 միլիոն վարկային ծրագիրը: Ըստ պարոն Հապիի, «Զարգացման քաղաքականության 2-րդ գործառնություն» կոչվող վարկը հիմնականում երկու ուղղությամբ կծախսվի՝ օժանդակելով սոցիալական ծրագրերին ու տնտեսության մրցունակության բարձրացմանը: Նրա խոսքով, գումարներ կհատկացվեն աղքատ համայնքներում նախադպրոցական ծրագրերի մատչելիությունը բարձրացնելու եւ վարակիչ հիվանդությունների բուժման արդյունավետությունն ապահովելու ուղղությամբ: Պարոն Հապին նաեւ տեղեկացրեց, որ «Զարգացման քաղաքականության 1-ին գործառնությունը» Հայաստանին տրամադրվել էր 2009-ին՝ $60 միլիոնի չափով, այս տարի նախատեսել են նաեւ տրամադրել 3-րդ գործառնությունը, բայց ընդհանուր գումարը կհաստատվի ՀՀ կառավարության հետ քննարկումներից հետո: Ըստ նրա, նշված $25 միլիոնից $21 միլիոնը կտրամադրի Միջազգային զարգացման գործակալությունը՝ 20 տարվա մարման ժամկետով, որից 10 տարին՝ արտոնյալ ժամկետով: Մնացած $4 միլիոնը կտրամադրի Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկը՝ 25 տարով, որից 10 տարին՝ արտոնյալ ժամկետով: ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարի խոսքով, ծրագրի շրջանակներում կարեւորվելու են նաեւ էներգախնայողության, էներգաարդյունավետության բարձրացման ու հեռահաղորդակցության ծրագրերը, ընդերքի շահագործման կանոնակարգումը, հարկային ու ֆիսկալ բարեփոխումները: Ինչ վերաբերում է ընդերքի շահագործմանը, պարոն Հապին նշեց, որ ՀԲ-ն Հայաստանի կառավարությանն առաջարկել է ավելացնել հանքարդյունաբերության ոլորտի հարկերը, քանի որ, ըստ նրա, ոլորտը հեշտ հասանելի պտուղներ է պարունակում, այն տնտեսության դիվերսիֆիկացման ու արտահանումից ստացված եկամուտների ձեւավորման կարեւոր աղբյուր է, ինչպես նաեւ լրացուցիչ աշխատատեղերի ստեղծման հնարավորություն: Բայց, ինչպես նշեց պարոն Հապին, ոլորտում թերություններ կան՝ կապված շրջակա միջավայրի պաշտպանության, սոցիալական հաշվետվողականության, ֆիսկալ ու հարկային ռեժիմի հետ: ՀԲ տնտեսագետ Գոհար Գյուլումյանն էլ հավելեց, որ Ազգային ժողովում քննարկվող «Ընդերքի մասին» օրինագծում ներառված են իրենց առաջարկությունները: Իրենք առաջարկել են բարձրացնել բնօգտագործման վճարները՝ 2-3 անգամ, ինչպես նաեւ սահմանել հաստատագրված վճարների սանդղակ, որով հանքարդյունաբերության հարկումը կիրականացվի միջազգային գների բարձրացմանը զուգահեռ: Նա ասաց նաեւ, որ 2004-2008թթ., երբ մետաղների միջազգային աճ էր արձանագրվում, Հայաստանում հանքարդյունաբերությունից պետբյուջե մուտքագրվող եկամուտները բավարար չափով չէին աճում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել