Գյումրի-Պեմզաշեն էլեկտրագնացքը վերացման վտանգի տակ է, քանի որ, ըստ պատասխանատուների, չի դիմանում մրցակցությանը:
Մի քանի օր է՝ Շիրակի մարզում շոշափվող միակ թեման Գյումրի-Պեմզաշեն-Արթիկ մարդատար էլեկտրագնացքի լինել-չլինելն է. մի կողմից պեմզաշենցիներն են բողոքի ակցիա անցկացնում՝ պահանջելով ձեռք չտալ մոտ 80 տարվա երթուղուն, իջեցնել ուղեվարձն ու ուղեւորներին հետ բերել, մյուս կողմից էլ «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի պատասխանատուներն են բողոքում երթուղու բացարձակապես անշահավետ լինելուց: Ստեղծվել է մի զավեշտալի իրավիճակ. հայկական երկաթուղին կոնսենսիոս կարգով ռուսներին հանձնելուց հետո անգամ մտածում են տեղի համայնքների աղքատ բյուջեներից դոտացիա ստանալու մասին, այսինքն՝ եթե այս պահին արթիկցիներն ու պեմզաշենցիները շատ են ուզում գնացքով երթեւեկել, ապա այս երկու համայնքների համայնքապետերը պատրաստակամություն պիտի ցուցաբերեն տեղական բյուջեից երկաթուղու համար ներդրումներ կատարելու: Պեմզաշենցիների ներկայացնելով, անցած տարիներին, երբ ուղեվարձը 150 դրամ էր, ուղեւորի պակաս չկար, վիճակը բարդացավ 200 դրամ դառնալուց հետո: Մինչդեռ «Գյումրի» կայարանի միավորման տնօրեն Վահան Գասպարյանը այլ հիմնավորումներ է ներկայացնում: Պաշտոնյան հետեւյալ պարզաբանումն է տալիս. «Տվյալ երկաթուղին ժամանակին աշխատել է շատ ավելի լավ, քան էսօր: Ինչի՞ց է բխում սա, եթե մենք ուշադիր նայենք, կտեսնենք, որ Հայաստանը, լինելով փոքր պետություն, երկաթգիծը Արթիկից մինչեւ Գյումրի, ունենալով շատ քիչ տարածք, հեռավորություն՝ 32 կլիոմետր ընդամենը, եւ նաեւ գործելով մրցունակություն ավտոտրանսպորտի եւ երկաթուղու միջեւ, բերում է նրան, որ էդ մրցունակության մեջ մեկը պետք է անպայման զիջի դիրքերը: Ավտոտրանսպորտը իր վրա վերցրել է մեծ հնարավորություններ, որ ինքը կարող է մարդուն տեղափոխել տնից մինչեւ իր մյուս տունը կամ դռնից մինչեւ դուռ: Այսինքն՝ էսօր Արթիկի մեր ուղեւորներից շատերը նախընտրեցին ավտոտրանսպորտը, ասեմ, որ առաջներում մեր էդ գնացքից մեծամասամբ օգտվում էին ուսանողները, ինչու չէ՝ նաեւ բնակիչներից շատերը, բայց քանի որ էստեղ ավտոտրանսպորտը ստեղծեց հնարավորություն, որ ինքը կարող է Արթիկ քաղաքից էդ ուղեւորին իր ինստիտուտը կամ բնակավայրը հասցնել, ուղեւորների հիմնական մասը նախընտրեց ավտոտրանսպորտը»: Վահան Գասպարյանի ասելով, այս հարցում գնային քաղաքականությունը շատ քիչ դերակատարություն ունի, քանի որ գնացքի տոմսը զգալիորեն զիջում է ավտոտրանսպորտին. Գյումրի-Արթիկ գնացքի տոմսն արժե 200 դրամ, իսկ ավտոտրանսպորտինը՝ 300 դրամ: «Մենք չունենք էն քանակի ուղեւորներ, որով կկարողանանք էդ գնացքը շահագործել, սա խնդիր է երկաթուղու առջեւ, որովհետեւ կապված է մեծ ծախսերի հետ, երեկ ունեցել ենք 9 ուղեւոր, մենք միայն 9 ուղեւորի համար պետք է էդ գնացքը ուղարկենք 32 կիլոմետր, գնա ու հետադարձ գա»,- ասում է Գյումրու կայարանապետը: Իսկ մի՞թե մրցակցությունից դուրս մնալու հարցում մեղավորը հենց «Հարավ-կովկասյան երկաթուղին» չէ, կատարե՞լ է արդյոք այս ընկերությունը իր խոստացած ներդրումները, հետաքրքրվեցինք մենք: Փաստն այն է, որ այսօր Գյումրի- Արթիկ միկրոավտոբուսները չափից դուրս ծանրաբեռնված են աշխատում, մարդիկ առանց չափազանցության միմյանց շալակ են ելնում տեղափոխվելու համար, եւ այդպիսի պայմաններում ուղեւորներին դժվար թե չգրավեր այլընտրանքային տրանսպորտային միջոցը: Վահան Գասպարյանի ասելով, այսօր բոլոր ներդրումները կատարված են, վերոհիշյալ գնացքը թե տաք է, թե հարմարավետ, համապատասխանում է ժամանակակից բոլոր պահանջներին, այդուհանդերձ՝ ուղեւորները գերադասում են ավտոտրանսպորտը: «Ուղեւորը նախընտրում է՝ ավելի լավ է սեղմված կամ վատ վիճակում գնա, նաեւ ժամանակի առումով հասնի իր ուզած վայրը, քան թե գնացք նստի, հետո նորից ավտոտրանսպորտ, որպեսզի շարունակի իր ճանապարհը»,- պարզաբանում է կայարանապետը: Ըստ պաշտոնյայի, ծայրահեղ վիճակ է առաջանում՝ կամ երկաթգիծը պիտի զիջի իր դիրքերը ու ամեն ինչ տա ավտոտրանսպորտին, կամ հակառակը՝ ավտոտրանսպորտը, որպեսզի երկուսից մեկը կարողանա գործել: Պարոն Գասպարյանի ասելով, իրենք շահագրգռված չեն որեւէ երթեւեկություն հանելու, քանի որ դա իրենց «կերակրող, սնուցող երակն է», բայց չեն կարողանա աշխատել այդպիսի վնասով: Ըստ նրա, գնացքով ուղեւորափոխադրումները միշտ էլ վնասով են եղել, եւ բոլոր զարգացած երկրներում երկաթուղին միշտ աշխատել է դոտացիայով, հետեւաբար այս մասին պիտի մտածեն նաեւ համայնքները, այլապես երկաթուղին չի կարող միայն «իր ուսերի վրա» վերցնել այս խնդիրը:
Ի դեպ, երեկ այս հարցը քննարկման էր դրվել «Հարավ-կովկասյան երկաթուղու» տնօրինության ու տրանսպորտի նախարարության կողմից: Իսկ այսօր նախատեսվում է հանդիպում Արթիկի, Պեմզաշենի համայնքապետերի հետ: Մի խոսքով, երկու օրից վերջնականապես հայտնի կդառնա Գյումրի-Արթիկ երկաթգծի լինել-չլինելը, եւ եթե նկատի ունենանք, որ այս տարի կառավարությունը զգալիորեն կրճատել է համայնքներին հատկացվող դոտացիան, ապա «Հարավ-կովկասյան երկաթուղուն» դժվար թե հաջողվի համայնքների հաշվին հարց լուծել: