Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՆԳՐԵՍԸ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻ ԱՅՑԻՑ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ՈՒՆԻ

Հունվար 13,2011 00:00

Հայ ազգային կոնգրեսը որոշակի հույսեր է կապում ԵԽ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգի՝ առաջիկայում Հայաստան կատարելիք այցի հետ, «Ա1+»-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ իրավական աջակցության կենտրոնի համակարգող, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը: «Մինչեւ այժմ եվրոպական կառույցների ներկայացուցիչների՝ Հայաստան կատարած բոլոր այցելություններից ամենաարդյունավետը եղել է Համմարբերգի այցելությունը, որը ոչ թե 100 տոկոսանոց արդյունքներ է տվել, այլ ուղղակի ինչ-որ դրական տեղաշարժեր է ապահովել»,- ասել է Ջհանգիրյանը՝ կարծիք հայտնելով, թե հանձնակատարն իր այցի շրջանակներում կայցելի նաեւ անազատության մեջ գտնվող որոշ քաղբանտարկյալների: «Վստահ եմ, որ դա որոշ տեղաշարժեր, այնուամենայնիվ, կարձանագրի ԵԽԽՎ թիվ 1677 բանաձեւի կատարման ուղղությամբ: Պատահական չէ, որ նա ավելի վաղ է այցելում Հայաստան, քան համազեկուցողները»,- նկատել է Ջհանգիրյանը:
Նրա դիտարկմամբ, քաղբանտարկյալների առկայությունը մահակ է իշխանությունների գլխին, եւ «եվրակառույցները, կապված ղարաբաղյան հարցի շուտափույթ հանգուցալուծման տեմպերի արագացման հետ, այդ մահակը մեծ հաջողությամբ օգտագործելու են, ու մեր վարչախումբը կցանկանա շուտափույթ ազատվել այդ մահակից»:
Սակայն Կոնգրեսը, Ջհանգիրյանի ասելով, անկախ քաղբանտարկյալների ազատ արձակումից, շարունակելու է իր ակտիվ պայքարը, որի հիմնական նպատակը շարունակում է մնալ իշխանափոխությունը. «Այս վարչախմբին իշխանությունից հեռացնելու հիմնական խնդիրը, որի շուրջ ձեւավորվել է ՀԱԿ-ը, օրվա պահանջ է, եւ ոչ մեկը չի հրաժարվել այդ մտքից, եւ մեր ամբողջ պայքարն այդ տրամաբանության մեջ է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել