Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ԱԺ-ՈՒՄ ՉԵ՞Ն ԼԻՆԻ ՄԱՐԴԻԿ, ՈՐՈՆՔ ԶԲԱՂՎՈՒՄ ԵՆ ԲԻԶՆԵՍՈՎ

Հունվար 13,2011 00:00

Վարչապետի այս նախաձեռնությանն ի պատասխան՝ պատգամավորներն առաջարկում են նախ կառավարությունի՛ց հեռացնել բիզնեսմեն նախարարներին:

\"\"
Հարց պատգամավորից՝ ինչո՞ւ վարչապետը չի հայտարարում, թե կառավարությունում չպիտի հայտնվեն
բիզնեսով զբաղվող նախարարներ:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 23-ին «Լրագիր» կայքէջին ասել էր. «Պետք է մենք բացառենք, որպեսզի պաշտոնատար անձինք իրենց պաշտոններն օգտագործեն բիզնեսն առաջ տանելու համար: Սա բավական լուրջ միջոցառում է մեր բարեփոխումների փաթեթում, եւ բավական երկար այդ օրենսդրական նախաձեռնությունը քննարկվել է, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների հետ, եւ մենք այս նոր նստաշրջանում արդեն Ազգային ժողովում պետք է այդ փաթեթը քննարկենք: Խոսքը էթիկայի կանոնների մասին է, քաղծառայության ռեժիմների մասին, որտեղ հստակ մեխանիզմներ պետք է լինեն, որոնք պետք է ապահովեն սահմանադրական այն նորմի կիրառումը, որ նախարարները, պատգամավորներն իրավունք չունեն զբաղվել բիզնեսով անմիջականորեն: Եվ ըստ էության, մենք առաջին անգամ տալու ենք այս հարցի լուծումը: Եվ ցանկալի է, որ մենք դա հնարավորինս շուտ անենք՝ 2011 թվականի առաջին եռամսյակում, որպեսզի 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում այդ սկզբունքները լինեն կիրառելի, եւ պառլամենտում չհայտնվեն մարդիկ, որոնք զբաղվում են բիզնեսով: Առաջին ուղղությունը սա է՝ ստեղծել մեխանիզմներ եւ թույլ չտալ, որ քաղաքական գործունեությամբ զբաղվողները զբաղվեն նաեւ բիզնեսով»:
Վարչապետի ակնարկած նախաձեռնությունը կառավարության հեղինակած «Հանրային ծառայության մասին» օրենքի նախագիծն է, որը շրջանառության մեջ է դրվել 2010 թվականի ապրիլի 14-ին, հետո ներկայացվել է նախագծի լրամշակված տարբերակը, որն էլ հունիսի 24-ին ընդունվել է առաջին ընթերցմամբ: Սեպտեմբերի 14-ին նախագծի քառօրյա նիստերի օրակարգ ընդգրկվելը հետաձգվեց 60 օրով:
Էթիկայի
հանձնաժողովներ՝
ընդդեմ շահերի բախման

«Հանրային ծառայության մասին» օրենքի նախագիծը վերաբերում է ոչ միայն ԱԺ պատգամավորներին, այլ նաեւ քաղաքական այլ պաշտոններ զբաղեցնողներին՝ ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին, նախարարներին, համայնքների ղեկավարներին եւ այլն: Նախագծի 24 հոդվածի համաձայն՝ հանրային ծառայողն իրավունք չունի.
«1) կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից.
2) անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ.
3) լինել երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը գտնվում է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկելի է իր կողմից»: Սահմանափակումներն ավելին շատ են, սակայն մեջբերել ենք միայն նրանք, որոնք առնչվում են վարչապետի վերոհիշյալ հայտարարությանը:
Սահմանված է նաեւ, որ պաշտոնի նշանակվելուց հետո՝ 1 ամսվա ընթացքում, հանրային ծառայողը պարտավոր է առեւտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում 10 եւ ավելի տոկոս բաժնեմաս ունենալու դեպքում դա հանձնել հավատարմագրային կառավարման. «Հանրային ծառայողին արգելվում է համատեղ աշխատել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր եւ քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ»:
Նախագծի համաձայն՝ ՀՀ նախագահի, ԱԺ-ի, կառավարության, նախարարությունների, ԱԱԽ-ի եւ այլ մարմինների աշխատակազմերում, որոնց վրա տարածվում է օրենքի գործողությունը՝ ստեղծվում են հանրային ծառայողի էթիկայի հարցերով հանձնաժողովներ: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար ստեղծվելու է էթիկայի առանձին հանձնաժողով: Այս հանձնաժողովները կարող են քննարկել «զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված, ինչպես նաեւ «թեժ գծերի» միջոցով տեղեկատվություն տրամադրողների կողմից հանրային ծառայողների էթիկայի ու շահերի բախման վերաբերյալ ստացված տեղեկատվությունը»: Շահերի բախումը ծագում է այն դեպքերում, երբ «հանրային ծառայողն ունի անձնական հետաքրքրություն, որն ազդում է կամ կարող է ազդել իր կողմից ծառայողական պարտականությունների անկողմնակալ եւ օբյեկտիվ կատարման վրա»: Էթիկայի կանոնները խախտելու դեպքում կիրառվում են կարգապահական տույժեր՝ նախազգուշացումից մինչեւ զբաղեցրած պաշտոնից ազատում:
Պատգամավորները
ողջունում են, բայց…

Մեզնից տեղեկանալով, որ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե նոր ԱԺ-ում չպիտի հայտնվեն մարդիկ, որոնք զբաղվում են բիզնեսով՝ պատգամավորներից մեկը ծիծաղեց, եզրակացնելով, թե այդ դեպքում չպիտի վերընտրվի ներկա ԱԺ-ի 90%-ը: Հետո հեգնանքով հետաքրքրվեց. «Իսկ կառավարությունում, վարչապետից բացի, կա՞ մեկը, որը բիզնես չունի: Տիգրան Սարգսյանն այդ մասին չգիտի՞: Իսկ ինչո՞ւ այդ մասին էլ չի ասում, թե կառավարությունում չպիտի հայտնվեն նման նախարարներ»:
Այն, ինչ այդ պատգամավորն ասաց՝ խնդրելով չհրապարակել իր անունը, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Ղազարյանը, որը նաեւ «Վեդի Ալկո» ընկերության սեփականատերն է՝ ասաց հրապարակավ, երբ խնդրեցինք հայտնել, թե ինչպես է վերաբերվում վարչապետի վերոհիշյալ հայտարարությանը. «Շա՛տ լավ եմ վերաբերվում: Բայց ես կավելացնեի, որ ոչ միայն խորհրդարանում, այլ նաեւ կառավարությունում չպիտի լինեն սեփական բիզնես ունեցողներ, մարդիկ, որոնք կառավարմանը զուգահեռ՝ զբաղվում են նաեւ անձնական բիզնեսով: Եվ իմիջիայլոց՝ ավելի լավ կլիներ, որ սկսեինք հենց կառավարությունից, քանի որ ԱԺ պատգամավորներն այդքան լծակներ չունեն իրենց բիզնեսի վրա ազդելու՝ լավացման իմաստով: Բոլոր գործիքները կառավարության ձեռքում են: Ուրեմն՝ լավ կլինի, որ կառավարությունից սկսենք, մի հատ լուրջ ուսումնասիրենք՝ այնտեղ ովքե՞ր ունեն բիզնես, ովքե՞ր չունեն, հետո նոր անցնենք ԱԺ-ին»:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աշոտ Ափոյանը, որը նաեւ «Աշտարակ-կաթ» ընկերության հիմնադիրն է՝ կառավարության այս նախաձեռնության կապակցությամբ ասաց. «Օրենքի համաձայն՝ պատգամավոր չի կարող լինել այն անձը, որն աշխատում է ընկերության տնօրեն կամ խորհրդի նախագահ: Եթե այժմ լինի այս նորմի փոփոխություն՝ կարծում եմ, բոլորը պետք է առաջնորդվեն օրենքով: Նորմալ է, որ գործարարները զբաղվեն իրենց աշխատանքով, իսկ քաղաքական գործիչները՝ իրենց գործով: Իհարկե, այդ դեպքում նաեւ լոբբինգը պետք է կրի նորմալ բնույթ: Եվ կարծում եմ, որ եթե լոբբինգի վերաբերյալ դրույթները կանոնակարգվեն օրենքով՝ նորմալ կլինի. ամեն մեկը կկարողանա պաշտպանել իր շահերը նաեւ օրենսդրական դաշտում»:
Սակայն ի՞նչ է փոխվելու
Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության 65 հոդվածի համաձայն. «Պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից»: Սակայն չնայած դեռ 2005-ից գործող այս արգելքին՝ մեր ԱԺ-ի 131 պատգամավորներից թերեւս հազիվ 31-ն են, որ չեն զբաղվում գործարարությամբ: Հիմնական օրենքի այդ արգելքի մասին հիշատակմանը գործարար պատգամավորները հակադարձում են, թե իրենց բիզնեսը հանձնել են հավատարմագրային կառավարման ու միայն եկամուտ են ստանում: Սակայն այսուհանդերձ հանրահայտ է, որ նրանք շարունակում են անմիջականորեն կառավարել իրենց ընկերությունները: Ուրեմն՝ արդյոք հնարավո՞ր է օրենքով նախատեսել գործուն մեխանիզմներ, որոնք կփոխեն այս կապակցությամբ առկա վիճակը՝ մեր այս հարցին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի (այն գլխադասային է կառավարության այս նախաձեռնության համար) նախագահ Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Նախ նշեմ, որ սահմանադրական նման արգելքը բնորոշ է հիմնականում հետխորհրդային եւ հետսոցիալիստական երկրներին: Եվ արեւմտյան ժողովրդավարական երկրներում չկան նման սահմանափակումներ: Այնուամենայնիվ՝ մենք ունենք սահմանադրական արգելք, որն ունի իր դրդապատճառները: Լուծման եղանակը, իհարկե, կարող է լինել հավատարմագրային կառավարումը: Սակայն շատ հաճախ մենք ականատես ենք լինում իրավիճակի, երբ անձը, հայտարարելով հավատարմագրային կառավարման հանձնելու մասին,՝ իրականում շարունակում է առնվազն ներկայացուցչական մասնակցությունը ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող այդ ընկերություններում: Կարծում եմ, որ օրենքով հնարավո՛ր է նախատեսել նման արգելքներ, սահմանելով, թե սա եւս ենթադրում է զբաղվել ձեռնարկատիրությամբ: Ավելի՛ն՝ մենք պետք է խոսենք ոչ միայն զուտ արգելքի, այլ նաեւ շահերի բախման մասին, քանի որ անգամ եթե անձն իր բաժնետոմսերը հանձնել է հավատարմագրային կառավարման՝ նա կարող է որոշակի ազդեցության ներքո կայացնել որոշումներ ԱԺ-ում կամ կառավարությունում, եթե ի վերջո, դա նաեւ վերաբերում է իր անձնական շահին: Իմ խորին համոզմամբ, մենք պետք է գնանք այն ճանապարհով, որ շահերի բախումը պետք է պարտադիր հայտարարվի, իսկ շահերի բախումը չհայտարարելը պետք է նախատեսի որոշակի գործողություններ, որոնք կենթադրեն առնվազն քաղաքական պատասխանատվություն այդ անձի համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել