Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) քարտուղարությունից հայտնել են, որ օրերս Բրատիսլավայի կենտրոնական հրապարակում կազմակերպվել է հանրահավաք՝ նվիրված վերջին շրջանում հավատի հողի վրա քրիստոնեության դեմ կազմակերպված արշավանքներին: Ինչպես հաղորդում է «Արմինֆո»-ն, ակցիայի գլխավոր կազմակերպիչը՝ Սլովակիայի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը, հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է, որ միայն վերջին երկու շաբաթվա ընթացքում կազմակերպված հակաքրիստոնեական ակտերի արդյունքում սպանվել են տասնյակ քրիստոնյաներ Եգիպտոսում, Իրաքում եւ այլուր: Քրիստոնյաների պաշտպանությանը նվիրված հանրահավաքներ արդեն կազմակերպվել են մի շարք եվրոպական երկրներում, այդ թվում՝ Հունաստանում, Ավստրիայում, Լեհաստանում:
Բրատիսլավյան հանրահավաքում ելույթ է ունեցել նաեւ Սլովակիայի նախկին վարչապետ Յան Չառնոգուրսկին, որը դիմելով ԵՀՄՖ-ի եւ երկրի հայկական համայնքի նախագահ պարոն Աշոտ Գրիգորյանին՝ հույս է հայտնել, որ Սլովակիան էստաֆետը կհանձնի Հայաստանին՝ որպես մահմեդական ճակատում քրիստոնեական պատվար հանդիսացող երկրի, համանման հանրահավաք կազմակերպելու համար: