Վստահեցնում է կուսակցության նախագահ, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը
Ազգային անվտանգության խորհրդի նախագահ, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը երեկ լրագրողներին հրավիրել էր մամուլի ասուլիսի, որի ընթացքում ամփոփեց ԱԱԽ մեկ տարվա գործունեությունը եւ պատասխանեց լրագրողների հարցերին: ՕԵԿ նախագահը «անհեթեթություն» որակեց լուրը, թե ինքը նշանակվելու է ՀՀ գլխավոր դատախազ, իսկ իր պաշտոնը զբաղեցնելու է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին՝ Արթուր Բաղդասարյանն ասաց. «Դրանք անհեթեթ լուրեր են, եւ մենք արդեն մի քանի անգամ պաշտոնապես հերքել ենք։ Դա մեր հայկական իրականության ամենացավալի կողմերից է, երբ մեկի խելքին կարող է փչել մի նախադասություն գրել, 15 րոպե հետո մի քանի կայքեր դրանք տարածեն, հաջորդ օրը որոշ հեռուստաընկերություններ մամուլի տեսության անվան տակ կարդան, ու դառնա մի պատմություն։ Դա մեր հասարակության ցավոտ կողմերից մեկն է, որովհետեւ անառողջ լուրերի եւ բամբասանքների տարածումը բերում է վատ մթնոլորտ ընդհանուր ներհասարակական եւ ներքաղաքական կյանքում»:
Պատասխանելով ՕԵԿ կադրային բանակին վերաբերող հարցին՝ կուսակցության նախագահը հայտարարեց, թե «Օրինաց երկիրը» ոչ միայն բավարար կադրային պոտենցիալ ունի, այլեւ այդ «կադրային պոտենցիալն անընդհատ համալրվում է. «Օրինաց երկիր» կուսակցությունը զարգացող, համալրվող, մեր երկրի քաղաքական կիզակետում գտնվող, քաղաքական դաշտում գտնվող հիմնական քաղաքական դերակատարներից մեկն է: Մենք ունենք բավարար կադրային ներուժ, բայց մեր կուսակցությունը 2010 թվականին համալրվել է շուրջ 7400 նոր մարդկանցով: Ինձ թվում է, որ յուրաքանչյուր կուսակցությանը դա պատիվ է բերում»: Արթուր Բաղդասարյանը ասաց նաեւ. «Մեր որոշումը՝ գյուղատնտեսության նախարարի պաշտոնում առաջարկել Սերգո Կարապետյանին, մեր քաղաքական թիմի որոշումն է: Պարոն Կարապետյանը տեւական ժամանակ եղել է մեր քաղաքական ուժի համակիրներից մեկը»: Արթուր Բաղդասարյանը դրական գնահատեց Անվտանգության խորհրդի աշխատանքը անցած 2010 թվականին՝ առաջին հերթին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակում համագործակցության ամրապնդման եւ եվրաինտեգրման խորացման ուղղությամբ: Տարվա գլխավոր ձեռքբերումներից մեկը, նրա ձեւակերպմամբ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հայանպաստ ընկալումներն աշխարհի համար հասկանալի դարձնելն էր. «Դա ե՛ւ արձանագրվեց Աստանայի գագաթաժողովում, ե՛ւ ՀԱՊԿ-ի գագաթաժողովում՝ Մոսկվայում»: ԱԱԽ ծրագրերի արդյունքում, ԱԱԽ քարտուղարի ներկայացմամբ, էականորեն բարձրացել է Հայաստանի անվտանգության ապահովման մակարդակը: Մասնավորապես, Ռուսաստանի եւ Եվրամիության աջակցությամբ բարելավվել է Հայաստանի սահմանային անվտանգության ապահովումը: Թուրքիայի եւ Իրանի հետ սահմանի հարցում, որը հսկվում է ռուսաստանյան ուժերի կողմից, համագործակցության ծրագրեր են իրականացվել Ռուսաստանի հետ:
Հայ-վրացական սահմանի մասին խոսելով՝ Արթուր Բաղդասարյանը նկատեց. «ՀՀ-ն լրջորեն համագործակցում է Եվրոպական Միության հետ Հարավային Կովկասի պետական սահմանների համալիր կառավարման ծրագրի շրջանակներում, եւ 2010 թվականին հաստատված հայեցակարգային փաստաթղթերի հիման վրա 2011 թվականին մեր երկրում կիրականացվեն շատ լուրջ բարեփոխումներ պետական սահմանի ողջ երկայնքում, որը հնարավորություն կտա կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան սահմանային ենթակառուցվածքներ, անցակետեր»: