Լրահոս
Օրվա լրահոսը

«2011-ԻՆ՝ ԱՎԵԼԻ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԵՎ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՄԹՆՈԼՈՐՏ»

Հունվար 13,2011 00:00

\"\"Ակնկալում է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը

– Գաղտնիք չէ, որ քաղաքական ուժերը դեռ անցած տարվանից էին սկսել նախընտրական խմորումները, եւ այս տարին, կարծես, լինելու է բավականին լարված: Ձեր գնահատմամբ՝ այդ լարվածությունը որքա՞ն կարող է շիկանալ, եւ արդյոք մրցակցությունը կարո՞ղ է սրվել ոչ միայն ընդդիմություն-իշխանություն դաշտում, այլեւ իշխող ուժերի միջեւ:
– Ընդհանուր առմամբ, հակված եմ մտածելու, որ 2011-ին կրքերը բոլոր քաղաքական ուժերի միջեւ սուր տեսք են ընդունելու, եւ սա կարելի է բնութագրել որպես շիկացած: Շիկացման աստիճանը պայմանավորված է ընդհանուր մոտեցումների, եւ ինչու չէ՝ պետք է այդ մասին ասեմ՝ նաեւ իշխանության համապատասխան բարձր տեղերում գտնվելու հետ: Եվ որեւէ մեկի ցանկությունից անկախ՝ իսկապես, կրքերը շիկանում են: Բայց, այդուհանդերձ, ակնհայտ է, որ ցանկացած երկրի համար կայունությունը կարեւորագույն գործոն է, կայունությունը՝ տնտեսության, քաղաքականության ասպարեզում, ընդհանրապես՝ մոտեցումների ասպարեզում, եւ իզուր չէ, որ վերջին ժամանակներս Հայաստանի Հանրապետությունում ավելի շատ են բարձրաձայնում այս բառերը՝ հանդուրժողականություն, զսպվածություն, հավատ: Հավատ՝ այն երեւույթների նկատմամբ, որոնք, իսկապես, պետք է մեր երկիրը բարձրացնեն որակական ավելի բարձր մակարդակի՝ թե կառավարման առումով, թե քաղաքական հարաբերությունների առումով: Եվ ես կարծում եմ, որ որոշակի իմաստով կարելի է սա շիկացած մթնոլորտ համարել: Մինչեւ անգամ ժողովրդավարական արմատացած սկզբունքներով հասարակություններում, հարուստ երկրներում նախընտրական պրոցեսը շիկացած է լինում, եւ ես դա համարում եմ տրամաբանական ու բնական, քանի որ տեղի են ունենում ընտրություններ՝ երկրի կառավարման ղեկին ավելի լավին տեսնելու նպատակով: Այս առումով կարող են լինել ոչ միայն այսօրվա կոալիցիոն ուժեր եւ ընդդիմություն հակասություններ, կարող են լինել նաեւ, ինչու ոչ՝ հակասություններ կոալիցիոն ուժերի ներսում, բայց ես դրանք հակված եմ տեսնել միայն կառուցողական դաշտում: 2011-ին ես կուզենայի տեսնել ավելի շատ քաղաքակրթված, մրցակցային մթնոլորտ:
– Ըստ որոշ տեղեկությունների, իշխանության ներսում կադրային փոփոխությունները շարունակվելու են, եւ դեռ փոփոխություններ կլինեն բավականին լուրջ պաշտոններում: Ձեր կարծքիով, ինչո՞վ են պայմանավորված այս փոփոխությունները։
– Ամենայն հավանականությամբ, կառավարության ձեւավորման կոալիցիոն սկզբունքը (շատ հնարավոր է՝ ես կտրուկ սխալվում եմ), կարծես թե, չի ուզում իրեն արդարացնել: Եթե երկիրը մեկն է, իր ձգտումները մեկն են, անկախ այն քաղաքական ուժից, որը ավելի գերակայում է բոլոր տեղերում, երկրի համար անհրաժեշտ են ամենատարբեր տեղամասերի կառավարման բարձր մասնագետներ, ճանապարհ անցած մարդիկ: Իսկ քվոտայի ինստիտուտի պարագայում շատ հաճախ մենք հայտնվեցինք կոտրած տաշտակի առաջ։ Այսինքն՝ լուրջ պաշտոններում հանգրվանեցին մարդիկ, որոնք տվյալ ասպարեզը լավ չէին ճանաչում, չէին կարողանում կողմնորոշվել կառավարման նրբություններում: Եվ այս ամենը որպես հետեւանք՝ բերեց պաշտոնների փոփոխության: Ես մտածում եմ, որ, սա, ըստ էության, վատ բան չի, որովհետեւ մենք, ուզում ենք, թե ոչ՝ գտնվում ենք փնտրտուքի մեջ, բայց, հասկանալի է նաեւ, կառավարումն էլ այդպիսի մեծ մակարդակում մի հասարակ գործ չի, որը մեզ թույլ տա անընդհատ գտնվել որոնումների մեջ: Կադրային ապահովվածության առումով ուզում եմ համոզված լինել, որ մեր հանրապետությունը ունի մարդիկ, եւ ոչ քիչ, որոնք կարող են կրել պատասխանատվությունը, որոնք կարող են ոլորտի ամենազանազան բարդ խնդիրները լավագույն ձեւով լուծել, եւ, բնականաբար, պարզապես մենք պետք է կարողանանք կայունանալ հատկապես այդպիսի մարդկանց ընտրության մեջ:
– Տարվա վերջին ՀՀ նախագահը գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե այլեւս չենք վերադառնա 2008-ի վիճակին, եւ հիմա բոլորովին այլ իրավիճակ է, եւ այս կետից պետք է առաջ գնալ: Ձեր կարծիքով, հետճգնաժամային այս իրավիճակը ինչքանո՞վ ենք ի վիճակի լինելու հաղթահարել:
– Գուցե ես հիմա լավատեսական բան եմ ասելու, բայց, բոլոր դեպքերում, մտածում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը եւ մեր ժողովուրդը, տնտեսվարող սուբյեկտները որեւէ խնդիր չունեն ավելի բարձր հատկանիշներով ներկայանալու, քան կան իրականում: Պարզապես, եթե մենք ունենք որոշակի ոչ ցանկալի երեւույթներ, արդեն պետք է մտածենք՝ դրանք պայմանավորված են տնտեսվարող սուբյեկտներո՞վ, թե՞ կառավարման համակարգով։ Մենք այստեղ հստակ պատասխաններ չունենք, որովհետեւ դժվար թե տնտեսվարող սուբյեկտը ինքը իր համար ստեղծի դժվարություններ, որոնց արդյունքում ստիպված լինի դադարեցնել իր գործունեությունը: Ուրեմն մենք սրան պետք է ուշադրություն դարձնենք: ՀՀ նախագահը ՀՀԿ 20-ամյակի կապակցությամբ իր ելույթում հենց այս հարցերն էր դնում, իհարկե, եղան հարցեր, որոնք չակերտավոր խիստ վերլուծաբանների կողմից որակվեցին, թե այնքան էլ այդ պահին բարձրաձայնելու խնդիրներ չեն, բայց մեր հանրապետության համար, որը գտնվում է ազատական հարաբերությունների որդեգրման եւ արմատավորման ճանապարհին, բնականաբար, փոքր եւ մեծ բաներ գոյություն չունեն: Ամեն ինչը պետք է լինի համապատասխան՝ սկսած օրենքի նկատմամբ հարգանքից եւ օրենքի դիկտատուրայից, սկսած հանդուրժողականությունից, սկսած երկիրը ավելի բարձր տեսնելու ցանկությունից եւ այլն: Երկրի բարգավաճման մասին չմտածող քաղաքացին երկրի քաղաքացի չի կարող լինել:
– ԸՕ բարեփոխումների աշխատանքային խմբում օրերս ընդունվեց Ձեր խմբակցության ներկայացրած առաջարկն այն մասին, թե նախընտրական շրջանում քաղաքական ուժերը եւ գործիչները իրավունք չպետք է ունենան զբաղվելու բարեգործությամբ, Դուք այս առաջարկն անելիս նկատի ունեիք նաեւ «Բարգավաճ Հայաստա՞նը», թե՞ այլ ուժի նկատի ունեիք:
– Որեւէ մեկին նկատի չենք ունեցել: Եթե դուք նկատեցիք, մենք նաեւ առաջարկեցինք, որ ընտրախախտում երեւույթը պետք է պատժվի, եւ այդ պատժի համար պետք է կիրառվի այնպիսի մոտեցում, որը մարդուն թույլ չտա խախտման գնալ: Եվ սա եղել է բոլոր հարցերում, այդ թվում եւ բարեգործության: Հասկանալի է, որ քաղաքական ուժերը (ես չեմ էլ ուզում նրանց մեղադրել) պարտադրված եւ ստիպված են լինում այդ պահին բարեգործությունը հատկապես ուժգնացնել։ Ուրեմն, որպեսզի հավասար պայմաններ լինեն բոլորի համար, պետք է բացառել նման բաները: ԸՕ-ում փոփոխությունները եւ ընդհանրապես բարեգործությանը վերաբերող խնդիրները առաջին հերթին մեր կուսակցության նախագահի կողմից են առաջարկվել, որպեսզի իսկապես հավասար պայմաններ լինեն բոլոր քաղաքական ուժերի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել