Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱՑԻՈՆԱԼԻԶՄ

Հունվար 13,2011 00:00

\"\"Ինչպե՞ս հասկանալ այն

Հայաստանյան, կարծում եմ նաեւ՝ ռուսաստանյան, որոշակի հասարակական շրջանակում արմատավորված տեսակետ կա, թե Հայաստանն առանց Ռուսաստանի մեկ վայրկյան անգամ չի կարող գոյատեւել: Դա խորհրդային շրջանից իներցիայով եկող տեսակե՞տ է, թե՞ այն իր մեջ, այնուամենայնիվ, ռացիոնալ հատիկ պարունակում է՝ նկատի ունենալով Հայաստանի աշխարհագրական դիրքը: «Միացում» նախաձեռնության անդամ Ալեք Ենիգոմշյանը նման մտածելակերպն արդեն համարում է ինքնաոչնչացման եւ ինքնության պահպանման դրժման կեցվածք. «Նման մոտեցումը հայերիս համար պետք է մերժելի լինի: Այլ խնդիր է, որ Հայաստանն իր աշխարհագրական դիրքից, աշխարհաքաղաքական իրողություններից եւ տվյալ պահի իր հզորություններից ելնելով պետք է դաշնակիցներ գտնի: Եվ ոչ մի սխալ չկա, որ Հայաստանն ու Ռուսաստանը փոխադարձաբար դաշնակցեն: Բայց որքան Հայաստանն ունի Ռուսաստանի դաշնակցության կարիքը, այնքան էլ այս աշխարհամասում Ռուսաստանն ունի Հայաստանի դաշնակցության կարիքը: Այլ խնդիր է, որ Ռուսասռտանն այժմ Հայաստանի հետ չի վարվում հավուր պատշաճի՝ որպես փոքր դաշնակցի: Բայց դրա մեղավորը Ռուսաստանը չէ»: Ինչքան էլ հայ-ռուսական հարաբերությունները լինեն գործընկերային կամ ֆորպոստային, ամեն դեպքում ավելի ձեռնտու չէ՞ Ռուսաստանին թե տնտեսապես, թե քաղաքականապես ավելի ուժեղ Հայաստանի գոյությունը, մանավանդ որ՝ վերջին շրջանում հարեւան Վրաստանն արագորեն ազատականացնում է իր տնտեսությունը եւ հսկայական օտարերկրյա կապիտալ ներդնում սեփական տնտեսության մեջ: Ալեք Ենիգոմշյանը թեեւ այդ տրամաբանությունը չի հասկանում, բայց հղումներ անելով պատմությանը՝ նկատում է, որ Ռուսաստանի դարավոր քաղաքականությունն այնպիսին չի եղել, որ հզորացնի թեկուզ իրեն ենթակա պետությունները: Նա վստահ է, որ եթե Ռուսաստանն ավելի խելամիտ գտնվեր եւ նպաստեր Հայաստանի հզորացմանը՝ բոլոր առումներով, վերջին հաշվով ինքն էր օգտվելու եւ շահած դուրս գալու: Ինչեւէ. «Մենք դարեր շարունակ տեսել ենք Ռուսաստանի այս քաղաքականությունը, որը ռացիոնալ բացատրություն չունի կամ էլ ռուսական ռացիոնալիզմի սահմաններում է: Բայց ունենք այն, ինչ ունենք, եւ մենք պետք է ելնենք այս իրողությունից: Ժամանակավրեպ է ակնկալել, որ այդ քաղաքականությունը կփոխվի»:
Նա չի կիսում վերջին շրջանում մոդայիկ դարձած այն տեսակետը, որ Հարավային Կովկասի բանալին Ռուսաստանի ձեռքում է. «Գուցե ավելի ճիշտ է ասել, որ մնացյալ խաղացողները փոքր-ինչ ետ են քաշվել եւ դաշտն ավելի շատ թողել են Ռուսաստանին, բայց դա չի նշանակում, որ նրանք իրենց աչքերը հեռացրել են տարածաշրջանից: Հետեւաբար, չպետք է կարծել, որ Ռուսաստանն անելու է այն ամենը, ինչ որ կամենա՝ անկախ մնացյալ խաղացողներից: Բայց սա էլ չպետք է լավատեսական գույներով միայն տեսնել, քանի որ տարածաշրջանում ով էլ խաղա՝ իր շահից է ելնելու»: Այս համատեքստում անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ կարող է շահել կամ կորցնել Հայաստանը Ռուսաստանի ներկայիս գերիշխանությունից, մեր զրուցակիցը խնդիր է համարում հայ-ռուսական միայն որոշ փաստաթղթերում ռազմավարական հռչակված հարաբերությունները եւ կարծում է, որ կշահենք, թե կկորցնենք՝ հատկապես մեզանից է կախված. «Եթե մենք (նկատի ունի ՀՀ իշխանություններին-Ն. Գ.) շարունակենք ռազմավարական հարաբերություններն ընկալել միակողմանի, զիջողական՝ դա միայն մեր մեղքն է: Տարիների ընթացքում մենք Ռուսաստանին տվել ենք գրեթե բոլոր հիմնական տնտեսական ռազմավարական ռեսուրսները, նաեւ իշխանությունների ներքին լեգիտիմության պակասի պատճառով՝ քաղաքական ռեսուրսները. դրանից հետո Ռուսաստանը բնական է, որ պետք է վարվի այնպես, ինչպես ուզում է»: Մեր զրուցակիցը հասկանում է, որ հզոր Ռուսաստանի եւ փոքր Հայաստանի ռազմավարական հարաբերությունները չեն կարող իրապես համահավասար լինել, սակայն համոզված է, որ առողջ տրամաբանության սահմանները թույլ տալիս են այլ դիրքերից հանդես գալու: «Եվ ինչքան էլ մեզ դուր չգա Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, մենք չենք կարող այդ երկրին մեղադրել: Մեկ հարց ենք պարտավոր տալ ինքներս մեզ՝ իսկ մենք՝ մեր տնտեսական, ներքին, արտաքին քաղաքականությամբ, շարժվո՞ւմ ենք մեր շահերից ելնելով: Ես կարծում եմ, որ ՀՀ իշխանություններն անում են ճիշտ հակառակը»,- ասում է Ալեք Ենիգոմշյանը: Այս տեսանկյունից մեր զրուցակիցը չի մեղադրում ՌԴ-ին անգամ Հայաստանին վաճառվող գազի գնի առաջիկա բարձրացման համար: Նա կիսում է հարցադրումը, որ հզոր Ռուսաստանը տնտեսապես էական կորուստ չի կրի, եթե այս փոքր Հայաստանին մի քիչ ավելի պակաս գնով գազ վաճառի, մանավանդ, եթե նկատի ունենանք նաեւ, որ Հայաստանի ռազմավարական շատ ոլորտներ պատկանում են Ռուսաստանին: Բարոյական հարթությունում նա ճիշտ եւ անհիմն չի համարում հարցի բարձրացումը՝ արդյոք հարի՞ր է դաշնակիցներին նման փոխհարաբերությունը, բայց. «Ռուսաստանն ունի իր շահը, իր քաղաքականությունը: Մենք չպետք է զարմանանք եւ նույնիսկ զայրանանք այդ քաղաքականությունից, այլ փորձենք մեր խնդիրների լուծումները գտնել: Եվ եթե ժամանակին ամեն ինչ Ռուսաստանին տված չլինեինք, հիմա պաշտպանվելու ավելի լայն հնարավորություններ կունենայինք»: Ի դեպ, գազի գնի առաջիկա թանկացման առումով մեր զրուցակիցը նկատում է, որ Հայաստանի իշխանությունների վարած ներքին սոցիալ-տնտեսական բարձիթողի քաղաքականությունն է, որ ավելի դժվար է դարձնելու ժողովրդի վիճակը եւ հարմարվելը գազի ու հնարավոր այլ գների թանկացմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել