Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«100 ԴՐԱՄԱՆՈՑ ՊԻՍՏԱԼԵՏՆԵՐԻՑ ՉՏԱՍ»

Հունվար 12,2011 00:00

Երեխաները Ձմեռ պապից նվերի փողն են ուզում

«Տարեցտարի ավելի ու ավելի շատ երեխաներ են մեզ անհարմար վիճակի մեջ գցում: Եթե առաջ փողոցում երեխաները հիացած նայում էին, ուզում էին լավ տպավորություն թողնել, որ Ձմեռ պապն իրենց հիշի, հիմիկվա երեխաներն ամեն կերպ ուզում են բացահայտել, թե ո՞վ է թաքնված կարմիր զգեստի ու մորուքի տակ՝ իրենց բարեկա՞մը, հարեւա՞նը, թե՞ ծնողը: Սա շատ ցավալի է, որովհետեւ կորել է երեխաների հավատը: Նրանք այլեւս հեքիաթների չեն հավատում»,- մեզ հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց Սամվել Մկրտչյանը, որն արդեն քանի տարի է՝ Ամանորի օրերին Ձմեռ պապի ծառայություններ է մատուցում: Նրա խոսքերով՝ անգամ 4-5 տարեկան երեխաներին դժվարությամբ են համոզում, որ իրենք իրական են. «Պնդում են, որ դու կեղծ ես, Ձմեռ պապ չկա, մորուքդ արհեստական ա, կոշիկներդ ծանոթ են եւ այլն: Ավելի մտահոգիչը նրանց ուզած նվերներն են: Երբ ձեռքս տանում եմ տոպրակը, որ նվեր հանեմ՝ երեխան արդեն գոռում է՝ էն պլաստմասսից 100 դրամանոց ստից պիստալետներից չտաս: Ասում եմ՝ ի՞նչ ես ուզում նվիրեմ, ասում է՝ «Լեքսուս», առաջին դասարանի մի աղջիկ հեռախոսի ջյոստիկ էր ուզել, ես սկի չգիտեմ դա ի՞նչ է, որտեղի՞ց նրան ջյոստիկ առնեմ»: Ըստ Ձմեռ պապի, այս տարվա ամենաանմեղ նվերներն ու երեխաների ամենաթեթեւ ցանկությունները եղել են Վինքսի դուխիները, պայուսակները, «Սպունգ Բոբի» խաղալիքները. «Երբեմն փոքր երեխաներին հարցնում էի՝ ի՞նչ եք ուզում, որ հյուսիսից ձեզ համար եկած Ձմեռ պապը նվիրի, միանգամից ասում էին, թե՝ փողը տուր, մենք ինչ ուզենանք՝ կառնենք: Ինտերնետն այնքան է փչացրել մեր մանուկներին, որ անգամ մուլտֆիլմից ինչ-որ բան չեն ուզում, «i-Phone» են ուզում, գերարագ ինտերնետ են ուզում, կոմպյուտեր են ուզում: Էնպիսի ֆիրմաների անուններ են տալիս, որ կյանքումս ոչ լսել եմ, ոչ էլ կարող եմ կրկնել»: Ս. Մկրտչյանը նաեւ պատմում էր, որ երբ պատվերներից մեկի ժամանակ ծնողների տված նվերը երեխային է հանձնել, վերջինս, ի զարմանս իրեն, վերցրել է նվերն ու շպրտել Ձմեռ պապի վրա. «Ծնողներն ասել էին, որ իր ուզած խաղալիքն է, բայց էդ երեխան ոչ մի կերպ չէր վերցնում, նեղացել էր, պարզվում է՝ ինքը անպայման «Ռեյմայից» էր ուզել ու հիասթափվել էր, երբ տեսել էր, որ սովորական տոպրակից եմ նվերը հանում, հազիվ կարողացա համոզել, որ հենց այդ խանութից եմ գնել, ուղղակի իմ տոպրակի մեջ եմ դրել: Երեխաներից մեկն էլ տուն մտնելուն պես սկսեց հարցուփորձ անել՝ պապաս ասում ա՝ էս տարի հարկայինը խեղդել ա, շատ ես սահմանի վրա հարկ մուծել, դրա համար քիչ նվերներ ես բերել, էդ ճի՞շտ ա: Ես միանգամից հասկացա, որ գործ ունեմ ապագա բիզնեսմենի հետ»:

Նշենք, որ ներկայումս ամբողջ աշխարհում Ձմեռ պապի գոյությունը ժխտող մարդկանց մի մեծ ալիք է բարձրացել: Շատ ծնողներ գերադասում են Ամանորին իրենք իրենց անունից նվերներ տալ, քան տարիներ շարունակ երեխային համոզել, որ Ձմեռ պապ իրականում կա: Նրանց համոզմամբ՝ երեխան, մեծ տարիքում իմանալով, որ իրեն խաբել են՝ սթրես է ապրում ու կորցնում վստահությունը ծնողների հանդեպ: Որոշ հոգեբաններ նույնպես կիսում են այս տեսակետը: Ուստի շատ ծնողներ կանգնել են երկընտրանքի առջեւ՝ ո՞րն է լավ, դառը ճշմարտությո՞ւնը, թե՞ քաղցր սուտը: Իհարկե, վաղ թե ուշ բոլոր երեխաներն իմանալու են ճշմարտությունը, մանավանդ՝ ինֆորմացիայի այս դարում, բայց հարցն այն է, որ Ձմեռ պապը գոյություն ունի այնքան ժամանակ, քանի դեռ մարդն ուզում է: Ես հիշում եմ, թե ինչպես էի Ամանորի գիշերը մտահոգվում, որ Ձմեռ պապը կարող է դուռը շփոթել, նկուղի դուռը թակել ու հեռանալ՝ առանց նվերը թողնելու: Մտածում էի, որ մեր տանը ծխնելույզ էլ չկա, որ խեղճ Ձմեռ պապը մտնի: Զրկել երեխային կախարդանքի ու հրաշքի այդ սպասումից՝ հանցագործություն է: Խուճապը, որ Ձմեռ պապի լեգենդը վերացնեն, առասպելները ջնջեն, եկել է ԱՄՆ-ից, որտեղ, ըստ ինտերնետում տեղադրված տեղեկատվության, 8 տարեկան մի երեխա, այնքան ծանր է տարել համադասարանցիների ծաղրը՝ ինչ է թե ինքը դեռ հավատում է Ձմեռ պապին, որ ուզեցել է ինքնասպան լինել: Իհարկե, նման դեպքեր միշտ էլ լինում են ցանկացած խնդրի շուրջ, բայց այդ պատճառով քարոզչություն տանել, որ ծնողներն իրենց երեխաների կյանքից Ձմեռ պապին ջնջեն՝ իսկապես անիմաստ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել