Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյան. «Մեզ եւ ռուսներին ՈՒԵՖԱ-ի պատժամիջոցներ պետք չեն»

Հունվար 12,2011 00:00

\"\"2011 թվականին հայկական ֆուտբոլի համար ամենակարեւոր իրադարձությունը, թերեւս, մարտ ամսին Երեւանում կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Ռուսաստան ազգային հավաքականների հանդիպումը կլինի:

Այդ հանդիպման արդյունքն անչափ կարեւոր է լինելու հատկապես մեր ընտրանու համար, որը եզրափակիչ մրցաշար անցնելու եզակի հեռանկար ունի: Անկասկած, այդ օրը ստադիոնում հայ ֆուտբոլասերների դերակատարությունն էլ մեծ է լինելու: Սակայն չմոռանանք, որ այդ օրերին Հայաստան է ժամանելու ռուս ֆուտբոլասերների ստվար բանակ: Իսկ ռուս ֆանատները, մեղմ ասած, տրիբունաներում օրինապահությամբ այնքան էլ աչքի չեն ընկնում: Այս հարցին անդրադարձել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Նա վստահություն է հայտնել, որ պատկան մարմինները կլուծեն իրենց առջեւ դրվելիք խնդիրները եւ ոչինչ չի ստվերի երեւանյան այդ հանդիպումը: Նրա կարծիքով, ռուսաստանցի ֆուտբոլասերներն ամենաանկարգապահներից են Եվրոպայում եւ այդ առումով չեն զիջում հույներին եւ թուրքերին: ՀՖՖ նախագահը կոչ է արել մեր ազգային հավաքականի երկրպագուներին՝ չշիկացնել մթնոլորտը եւ խաղի ժամանակ զերծ մնալ չմտածված քայլեր կատարելուց, որոնք կարող են հանգեցնել անցանկալի հետեւանքների: «Խուլիգանական գործողությունները, իհարկե, եթե այդպիսիք լինեն, ժամանակին կկանխվեն: Կարծում եմ, ոչ մեզ, ոչ ռուսներին պետք չեն ՈՒԵՖԱ-ի պատժամիջոցները՝ հանդիպման ժամանակ արտակարգ իրադարձություններ կատարվելու դեպքում»,- Ռուբեն Հայրապետյանի խոսքերը մեջբերում է «Սպորտ Էքսպրեսը»:

Նախատեսվում է, որ Երեւան ժամանող ռուսաստանցի ֆուտբոլասերներին կդիմավորեն արդեն օդանավակայանում եւ նրանց կվերահսկեն ոչ միայն հանդիպման ժամանակ, այլեւ քաղաքում, ընդհուպ՝ մինչեւ հայրենիք վերադառնալը: «Ռեգնում» գործակալությունը հիշեցնում է, որ ավելի վաղ տեղեկացվել էր, թե ՀՖՖ-ն հյուրերին կարող է տրամադրել ընդամենը 725 տոմս, ինչը «Հանրապետական» ստադիոնի ընդհանուր տարողունակության 5 տոկոսն է կազմում:

«Եվրո 2012»-ի ընտրական մրցաշարի «B» խմբի առաջատարը Ռուսաստանն է՝ 9 միավորով: Նրան հաջորդում են յոթական միավոր վաստակած Հայաստանը, Իռլանդիան եւ Սլովակիան, իսկ մրցաշարային աղյուսակը եզրափակում են Մակեդոնիան՝ 4 եւ Անդորրան՝ 0 միավոր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել