Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՖԻՖԱ-Ի «ՈՍԿԵ ԳՆԴԱԿԸ»՝ ՏԱՐԱԿՈՒՍԱՆՔՆԵՐԻ ՊԱՏՃԱՌ

Հունվար 12,2011 00:00

\"\"
Աշխարհի 2010թ. սիմվոլիկ հավաքականը:

\"\"
Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին:

\"\"
Աշխարհի լավագույն մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

\"\"
Աշխարհի լավագույն կին ֆուտբոլիստ Մարթան:

1956 թվականից ի վեր ֆուտբոլային ամենահեղինակավոր անհատական մրցանակը «France Football» ամսագրի գլխավոր խմբագիր Գաբրիել Անոյի սահմանած «Ոսկե գնդակն» էր, որի հետ դժվարությամբ ոտք էր մեկնում ոչ պակաս կարեւոր ՖԻՖԱ-ի վարկածով «Տարվա ֆուտբոլիստ» մրցանակը: 2010-ին այս երկու մրցանակները միավորվեցին «ՖԻՖԱ-ի ոսկե գնդակ» անվան ներքո:

Հունվարի 10-ին Ցյուրիխում կայացած ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխության ընթացքում էլ հայտնի դարձավ «ՖԻՖԱ-ի ոսկե գնդակի» առաջին մրցանակակրի անունը: Այս կոչմանը նախորդ տարվա արդյունքներով հավակնում էին «Բարսելոնայի» երեք ֆուտբոլիստներ՝ իսպանացիներ Չավին ու Ինյեստան, ինչպես նաեւ՝ արգենտինացի Մեսսին: Երկու իսպանացիների առավելությունը աշխարհի գործող չեմպիոնի կոչումն էր: Բացի այդ, Չավին առանձնանում է իր բազմաթիվ ու դիպուկ փոխանցումներով, ինչպես նաեւ ցուցադրած մենթալ ֆուտբոլով: Ինյեստայի գլխավոր հաղթաթուղթն էլ աշխարհի առաջնության եզրափակչում խփած միակ ու հաղթական գոլն էր: Իսկ նրանց խաղընկեր-մրցակից Մեսսին աշխարհի առաջնությունը ձախողեց, փոխարենը կրկին փայլելով ակումբային ֆուտբոլում, որտեղ 2010-ի միայն երկրորդ կեսի պաշտոնական հանդիպումներում 28 գոլի հեղինակ դառնալով: Ուստի, գրեթե անհնար էր ենթադրել, թե «Բարսելոնայի» երեք վիրտուոզներից ո՞ւմ կնախընտրեր ամենամեծաքանակ ժյուրին: Ինչպես Ինյեստան էր կատակում մրցանակաբաշխությունից առաջ. «ՖԻՖԱ-ն շատ գումար ունի, իսկ ինչո՞ւ երեքին էլ չհանձնի «Ոսկե գնդակը»… ՖԻՖԱ-ն, սակայն, միայն մեկ ոսկե գնդակ հանձնեց: Եվ մինչ ողջ աշխարհը ենթադրություններ էր անում՝ Չավիի՞նն է գնդակը, թե՞ Ինյեստայինը՝ երկրորդ տարին անընդմեջ դրան արժանացավ Լիոնել Մեսսին: Այս ընտրությունը, սակայն, միանշանակ չընկալվեց ու տարակուսանքների առարկա դարձավ ֆուտբոլային եւ մերձֆուտբոլային աշխարհում: Անգամ մրցանակը հանձնող Գվարդիոլան, կարծես, անակնկալի եկավ՝ բացելով ծրարն ու այնտեղ տեսնելով իր սաներից հենց արգենտինացու անունը:

Փոխարենը՝ ողջունվեց տարվա լավագույն մարզիչ անվանակարգում Դել Բոսկե-Գվարդիոլա-Մոուրինյո եռյակից վերջինիս ընտրությունը. 2010-ին պորտուգալացի մասնագետ Մոուրինյոն բոլոր հնարավոր տիտղոսները հասցրել էր նվաճել «Ինտերի» հետ՝ հասցնելով նաեւ Գվարդիոլայի «Բարսայի» հարցերը լուծել:

Լավագույն ֆուտբոլիստուհի անվանակարգում լավագույնը հինգերորդ անգամ անընդմեջ ճանաչվեց 24-ամյա բրազիլուհի Մարթան՝ շրջանցելով գերմանուհիներ Բիրգիտ Պրինցին ու Ֆաթմիրա Բայրամային: Կանանց թիմերի լավագույն մարզիչ դարձավ Գերմանիայի հավաքականի մարզիչ Սիլվիա Նայդը: Ինչպես երեւում է, կանանց ֆուտբոլում բրազիլուհի Մարթայի եւ գերմանական ֆուտբոլի դարաշրջանն է:

Իսկ ահա տղամարդկանց ֆուտբոլում գերմանացիների «բախտը», այնուամենայնիվ, չբերեց: Տարվա խորհրդանշական հավաքականում, որքան էլ զարմանալի է, աշխարհի առաջնությունում հիանալի ֆուտբոլ ցուցադրած Գերմանիայի հավաքականը ներկայացուցիչ չունեցավ: Լավագույն 11-ի կազմում տեղ գտան վեց իսպանացի (Իկեր Կասիլյաս, Խերարդ Պիկե, Կառլես Պույոլ, Անդրես Ինյեստա, Չավի, Դավիդ Վիլյա), երկու բրազիլացի (Լուսիո ու Մայկոն) եւ մեկական հոլանդացի (Ուեսլի Սնեյդեր), պորտուգալացի (Քրիշտիանու Ռոնալդու) ու արգենտինացի (Լիոնել Մեսսի): Ի դեպ, այս 11 ֆուտբոլիստները ընդամենը երեք եվրոպական թիմ են ներկայացնում՝ «Բարսելոնա», «Ռեալ» ու «Ինտեր»:

2010-ի ամենագեղեցիկ գոլ ընտրվեց Մյունխենի «Բավարիայի» թուրք կիսապաշտպան Համիթ Ալթինթոփի գնդակը՝ ուղարկված Ղազախստանի հավաքականի դարպասը: Ի դեպ, հենց ղազախների դարպասապահ Անդրեյ Սիդելնիկովն էլ հանձնեց մրցանակը Ալթինթոփին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել