Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՊԵՂՈՒՄՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ

Հունվար 12,2011 00:00

Արենի-1 առեղծվածային քարանձավում պեղումները կշարունակվեն մի քանի տասնամյակ, «Արմինֆոյին» հաղորդել է ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը: Աշխարհում ամենահին կաշվե կոշիկի շնորհիվ ճանաչում ձեռք բերած քարանձավը 2011 թվականին ուրախացրեց հնագույն գինեգործարանի մասին վկայող նոր սենսացիոն գտածոյով: Ինչպես հաղորդում է Journal of Archaeological Science-ը, մի քանի կերամիկական գանգերում գտնված նյութերի հետքերի քիմիական վերլուծությունը ապացուցում է, որ այստեղ գինեգործությամբ են զբաղվել մոտավորպես մ.թ.ա. 4000 թվականին: «Հնագույն գինեգործության հետքեր քարանձավում մենք հայտնաբերել ենք դեռ 2007 թվականին, երբ պեղումներ են սկսվել Արենի-1-ում, եւ հետագա 3 տարվա ընթացքում մենք սերտորեն համագործակցել ենք օտարերկրյա մասնագետների հետ»,- նշել է Ավետիսյանը: Նրա խոսքով, գինեգործական համալիրը քարանձավում գտնվում է հիանալի վիճակում, ինչը կարող է հիմք հանդիսանալ հետագայում Արենի-1 թանգարան ստեղծելու համար: Սակայն, Ավետիսյանի խոսքով, մինչ այդ օրը դեռ շատ ժամանակ կա. քարանձավում պեղումները պետք է շարունակվեն մի քանի տասնամյակ: Ինչ վերաբերում է 2011 թ. ծրագրերին, ապա Արենի-1-ում պեղումները կշարունակվեն արդեն ամռանից: Քարանձավում հայտնաբերվել են նաեւ անոթներ, ոսկրե գործիքներ, ինչպես նաեւ կերամիկայի մի քանի հազար բեկորներ: Քարանձավի ամենանշանակալից գտածոն աշխարհում ամենահին կաշվե կոշիկն է, որի տարիքը 5500 է: 2010 թվականին պեղումների ընթացքում հայտնաբերվել են նաեւ հագուստի հինավուրց առարկաներ: Դրանց թվում են՝ վուշե կտորները, ինչպես նաեւ ծղոտե կիսաշրջազգեստը: Հագուստի տարիքը դեռ պետք է ճշտվի Օքսֆորդի եւ Կալիֆոռնիայի համալսարանի լաբորատորիաներում, սակայն արդեն այսօր հայ մասնագետները համակարծիք են, որ արդուզարդի առարկաները հայտնի կոշիկից ավելի հին են: Եթե կաշվե կոշիկի տարիքը կազմում է 5500, ապա ծղոտե կիսաշրջազգեստը կարող է 500 տարով ավելի մեծ լինել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել