Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Չկայացած տոնի մեղավորը հանրակրթությունն է

Հունվար 12,2011 00:00

Կարծում է «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը

«Հայերի համար տոն՝ նշանակում է ճոխ սեղան»,- երեկ «Հայելի» ակումբում տոները նշելու մասին նման տեսակետ հայտնեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Ազգագրագետի հավաստմամբ, Ամանորը հայկական ներկա իրողության մեջ կորցրել է իր հիմնական եւ կարեւոր նշանակությունը, ձեռք բերել բացասական կողմեր. «Առաջին բացասական կողմը առատ սեղանն է, այն դեպքում, երբ հնում ավանդաբար Նոր տարվա միջոցառումներն անցնում էին Ծննդյան պահքի ընթացքում: Այսօր տոն եւ սեղան հասկացությունները մեր ժողովրդի մոտ նույնն է, իսկ Նոր տարում դա հասնում է իր կուլմինացիային: Սեղանների ճոխությունը հայերի կողմից պատճառաբանվում է տարվա ընթացքում կենցաղային հաջողություններ ունենալու ցանկությամբ»:

Հ. Խառատյանը նկատում է. «Տոներ նշել գիտենք, բայց ներքին ուրախության պակաս ունենք: Աղքատացել է հայկական տոնական մշակույթը, տոնին բնորոշ ուրախության, զվարճանքի հնարավորություն չունենք, մեր ներքին ուրախության պակասը լցվում է սեղանի առատությամբ: Իսկ հնում Նոր տարվա հետ կապված եղել են բազմաթիվ ժողովրդական ավանդություններ, խաղեր, սովորություններ: Հիմա դրանք չեն էլ հիշատակվում»:

Երգչուհի, երգահան Լիլիթ Պիպոյանը դեմ է ամեն տեսակ ավանդականին: Նրա ձեւակերպմամբ, 21-րդ դարում չես կարող հին հայկական ավանդույթները պահպանելով՝ Նոր տարի նշել, իմաստ էլ չունի. «Համամիտ եմ՝ Ամանորը նշելիս պետք է հիշել նաեւ ավանդականը, բայց ոչ արհեստականորեն մտնել ազգագրական կաղապարների մեջ: Դեմ եմ, որ թանգարանային ազգագրությունը արհեստականորեն բերվի 21-րդ դար: Մենք հիմա ուրիշ մարդիկ ենք: Թող իմանանք այդ ավանդույթները, բայց մեր այսօրվա կյանքում դրանք կյանքի կոչել հնարավոր չէ: Նոր տարին հարաբերությունները բարելավելու, ամեն ինչ նոր էջից սկսելու հնարավորություն է»:

Լ. Պիպոյանը համակարծիք էր ազգագրագետի այն մտքին, որ Ամանորի ընթացքում պակասել է տոնի հետ կապված ներքին ուրախությունը. «Էլ չենք երգում, չենք պարում… Մյուս կողմից էլ, այս օրերին դեռ կան մարդիկ, որ հավաքվում են միասին եւ բարիանում…»:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը գտնում է. «Ինչպիսին մեր հասարակական կյանքն է, այնպիսին էլ տոներն են, մասնավորապես՝ Ամանորը»: Ըստ բանախոսի, մեր տոների գորշությունը ապացուցեց գորշ տոնական եթերը. «Ամանորն այնպիսի տոն է, որ ակնկալում ես հեռուստաեթերով կամ ռադիոյով մասնակից լինել Հայաստանի բոլոր շրջաններում առկա տոնական տրամադրությանը, ուրախությանը: Հեռուստաեթերից ակնկալվում էր հասարակության, ժողովրդի հոգսերի, խնդիրների, ավանդույթների հետ կապված հաղորդումների ցուցադրում, մինչդեռ եթերում «թափառում» էին նույն դեմքերը, որոնցից հասցնում ես մեկ օրվա ընթացքում հոգնել»: Ա. Բլեյանի խոսքով՝ տոները, մասնավորապես Ամանորը, պետք է նշել ավանդական ձեւով, ուղղակի յուրովի, նոր մոտեցումներով. «Օրինակ՝ ես իմ սեղանը ողջ հայության պես առատ ուտեստներով, բազմաբնույթ ճոխություններով չէի լցրել: Իմ տանը պասի սեղան էր, եւ ոչ թե նրա համար, որ էժան է, այլ այն պատճառով, որ ավանդական է: Եթե ամեն ինչ սկսվում է սեղանից, պետք է սկսել այն զարդարելուց, խոհանոցից: Խոհանոցը մշակույթ է. երբ ուտեստը պատրաստվի, այն պետք է միավորի ընտանիքին, հարազատներին եւ բարեկամներին: Սա է Ամանորի տոնի խորհուրդը»:

Ա. Բլեյանը գտնում է, որ տոնական մշակույթի անկման համար պատասխանատու է կրթությունը, մասնավորապես՝ հանրակրթությունը. «Տոնին նախապատրաստվելը, դրա ծիսական նախապատրաստությունը պետք է դարձվի ուսումնական աշխատանք, քանի որ ընտանիքը, հեռուստաեթերը կամ փողոցը դա չեն անում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել