Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒ ՃԱԿԱՏԱԳԻՐ ԵՎ ՆՈՐԻՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆ ՄԵՂԵԴԻՆ

Հունվար 12,2011 00:00

Կամ ի՞նչն է կապում երգչուհիներ Կարինա Բաղդասարյանին եւ Լյուբով Կազարնովսկայային

\"\" \"\"

Երգչական կարիերայի սկզբում միանման ճանապարհ են անցել օպերային երգչուհիներ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ Կարինա Բաղդասարյանը եւ, ռուսական մամուլի բնորոշմամբ՝ սկանդալային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան: 1984թ. երիտասարդ երգչուհիները Մեծ թատրոնի Բեթհովենյան սրահում մասնակցել են ունկնդրման՝ Հունաստանում կայանալիք միջազգային մրցույթի ուղեգրին արժանանալու համար: Ժյուրին, Իրինա Արխիպովայի գլխավորությամբ, երկուսին էլ «որակազրկել» է: Իսկ պատճառը մեկն էր՝ ժամանակին նրանց հանդեպ, մեղմ ասած, համակրանք չեն ունեցել ռուսաստանյան եւ հայաստանյան օպերային երգիչների «ճակատագիրը որոշողները»՝ մեծանուն Իրինա Արխիպովան եւ Տաթեւիկ Սազանդարյանը: Այսօր Լ. Կազարնովսկայան համաշխարհային մեծության աստղ է, իսկ Կ. Բաղդասարյանը փայլեց միայն կամերային բեմերում: Ժամանակին «Առավոտի» հետ ունեցած զրույցի ժամանակ նա ասել էր, որ օպերային բեմ չբարձրանալու պատճառը միայն մեկն էր. Գոհար Գասպարյանի եւ Տիգրան Լեւոնյանի՝ իր հանդեպ ունեցած հակակրանքը:

Ամանորի նախօրեին Կ. Բաղդասարյանին հանդիպեցինք Կամերային երաժշտության տանը՝ իր կազմակերպած «Նորին մեծություն մեղեդի» բարեգործական համերգային ծրագրում, ուր ընդգրկված էին նաեւ հանրահայտ ջազմեն Լեւոն Մալխասյանը, Ս. Երկանյանի ղեկավարած «Տաղարան» անսամբլը, ՀՀ պաշտպանության նախարարության «Զորական» տղամարդկանց կամերային երգչախումբը (ղեկավար՝ Արամ Գալստյան) եւ այլք: Ունկնդիրը ջերմորեն ընդունեց դասական, հանրամատչելի եւ ջազային երաժշտության ընտրանիից կատարումները: Սա երգչուհու՝ իբրեւ կազմակերպիչ, երկրորդ նախագիծն էր. շուրջ երկու տարի առաջ նրա առաջին նախագիծը՝ «Լյուբով Կազարնովսկայան Երեւանում», չկայացավ, թեպետ «Հ1»-ով գովազդվում էր, փակցված էին նաեւ հայտագրերը: Երգչուհուն խնդրեցինք պատմել դրա մասին, նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ չի դիմել ՀՀ նախագահին՝ նման աստղի մենահամերգը բարձր հովանու ներքո անցկացնելու համար: «Ինքս որեւէ կազմակերպություն չեմ ներկայացնում, հետեւաբար դիմեցի մշակույթի նախարարություն, որն էլ ինձ ծանոթացրեց «Երեւան պրոդակշընի» հետ՝ նրանց միջոցով Կազարնովսկայայի երկու համերգներն իրականացնելու համար: Ասացի, որ երգչուհին ելույթ է ունենալու Մեծ թատրոնի նվագախմբի երաժիշտներից կազմված սեքստետի հետ (պրոդյուսերը երգչուհու ամուսինն է՝ Ռոբերտ Ռոստցիկը) եւ պահանջվում է 22 հազար եվրո: Գուցե մեղավորը իմ անփորձությունն էր կամ, ավելի ճիշտ՝ այն, որ ես չսակարկեցի առաջարկված գումարի համար…»,- պատմեց Կ. Բաղդասարյանը, հավելելով նաեւ, որ «Երեւան պրոդակշընն» իրեն ասել է, թե ինքը պետք է գտնի հովանավորներ, իսկ մնացած հարցերը կլուծի կազմակերպությունը: Թե ինչ հարցերի մասին էր խոսքը՝ մինչ օրս երգչուհին չի հասկանում: Ասաց նաեւ, որ ինքը դիմել էր ՀՀ նախագահին, սակայն նրա օգնական Վիգեն Սարգսյանը պատասխանել էր, որ պահանջվող գումարը մեծ է: Չնայած անցյալի դառը փորձին՝ երգչուհին պատրաստվում է կրկին Երեւան հրավիրել Կազարնովսկայային:

Անդրադառնալով Կամերային տանը կայացած երեկոյին, մեր զրուցակիցը հայտնեց, որ համերգը կկրկնվի, քանի որ այս ծրագրում ներկայացվող երաժշտարվեստի տարբեր ոճերի եւ ուղղությունների գործերը բարձրակարգ են եւ կարելի է դրանք համատեղել: Իսկ կարեւորը նորին մեծություն մեղեդին է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել