Երեկ առավոտյան պայթյուն է տեղի ունեցել Վրաստանի պաշտպանության նախարարության Կրծանիսիի ուսումնական կենտրոնում: Այդ տեղեկությունը հաստատել է երկրի պաշտպանության նախարարությունը՝ հավելելով, որ պայթյունի արդյունքում զոհվել է 3 եւ վիրավորվել՝ 13 զինծառայող: Պայթյունը տեղի է ունեցել Աֆղանստան ուղեւորվող վաշտի զորավարժությունների ժամանակ, ենթադրաբար՝ զինծառայողներից մեկի անզգուշության հետեւանքով: Վրաստանի պաշտպանության նախարարության գլխավոր տեսչությունը եւ ռազմական ոստիկանությունը դեպքի կապակցությամբ քննություն են սկսել, իսկ մինչ դրա ավարտը զորավարժությունները դադարեցվել են:
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին իր ցավակցություններն է փոխանցել զոհվածների ընտանիքներին: Նախագահի մամուլի քարտուղարը հայտնել է, որ զոհվածները կհուղարկավորվեն պետության հաշվին, պետությունը նաեւ օգնություն կհատկացնի նրանց ընտանիքներին: