Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Միգրանտները Մոսկվայում կարող են կամ հավաքարար, կամ բեռնակիր լինել

Հունվար 12,2011 00:00

\"\"Այս տարվա հունվարի 1-ից Ռուսաստանի կառավարությունը նոր սահմանափակումներ է կիրառում միգրանտների նկատմամբ: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ- ն: Վարչապետ Վլադիմիր Պուտինի ստորագրած որոշմամբ, մասնավորապես, օտարերկրացիներին այլեւս արգելվում է վաճառող աշխատել շուկաներում, կրպակներում ու դեղատներում: Կառավարության որոշման համաձայն, այսուհետեւ այդ աշխատատեղերը պետք է զբաղեցնեն Ռուսաստանի քաղաքացիները, միգրանտները լավագույն դեպքում կարող են աշխատել որպես հավաքարար կամ բեռնակիր:

Անցած տարեվերջին ընդունված որոշումներով սահմանափակվել են նաեւ տնտեսության տարբեր ճյուղերում այլազգիների համար նախատեսված պետական քվոտաները. եթե 2007 թվականին Ռուսաստանի կառավարությունը աշխատանքի թույլտվություն էր տվել շուրջ 6 միլիոն ներգաղթյալի, ապա այս տարի այդ ցուցանիշը հասցվել է մեկուկես միլիոնի:

Ընդ որում, մայրաքաղաք Մոսկվայում միգրանտների համար նախատեսված քվոտաները 2010-ի համեմատությամբ կրճատվել են կիսով չափ. ըստ այդմ, այս տարի մեգապոլիսում աշխատանքի թույլտվություն կստանա շուրջ 200 հազար ներգաղթյալ:

«Ես միգրատների դեմ որեւէ բան չունեմ, նրանք պետք են քաղաքին: Մենք, սակայն, պետք է ճշգրտենք՝ ինչպիսի մասնագետների կարիք ունենք եւ տնտեսության որ ճյուղերում են նրանք անհրաժեշտ»,- անցած տարեվերջին հայտարարել էր Մոսկվայի նորանշանակ քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

Տարեսկզբից, ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների, միգրացիոն ծառայությունը եւս փոխել է ռազմավարությունը՝ անօրինական միգրանտներին հայտնաբերելու ուղղությամբ: «Այժմ արդեն մենք ստուգումներ ենք անցկացնում ոչ միայն կոնկրետ օբյեկտներում եւ բնակարաններում, այլեւ՝ փողոցներում, այն վայրերում, որտեղ սովորաբար մարդկանց մեծ կուտակումներ են լինում»,- ասել է Մոսկվայի միգրացիոն ծառայության խոսնակ Զալինա Կորնիլովան: Նոր ռազմավարության օգնությամբ, ըստ պաշտոնյաների, իրավապահները հաջողել են միայն 2011թ. 10 օրերի ընթացքում 200-ից ավելի անօրինական միգրանտների հայտնաբերել Մոսկվայի փողոցներում:

Իշխանությունները պնդում են, թե այսօրինակ սահմանափակումներով փորձում են խթանել սեփական աշխատաշուկան: Փորձագետները, մինչդեռ, թերահավատորեն են վերաբերվում կառավարության այդ քաղաքականությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել