Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նվազագույն աշխատավարձով, բայց՝ հաջողություններով

Հունվար 12,2011 00:00

\"\"Աստղագիտական տարին՝ ըստ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանի

«Աստղագիտության բնագավառում ե՛ւ հայտնիությամբ, ե՛ւ կատարած աշխատանքներով, տարածաշրջանում դեռ որեւէ երկիր չի կարող համեմատվել Հայաստանի հետ: Բայց հայ գիտնականներին առաջին հերթին պետք է պահի եւ ֆինանսավորի մեր կառավարությունը, ոչ թե գրանտները»,- «Առավոտի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը: Նա գտնում է, որ ոլորտի զարգացման համար ընտրված ուղղությունը ճիշտ է, բայց անլուծելի խնդիրներ դեռ շատ կան: Անցած տարում աստղադիտարանի աշխատակիցները կարողացել են հայկական կողմի ֆինանսավորմամբ մի քանի գիտաժողովների մասնակցել, իսկ հիմնական գործուղումները դարձյալ հրավիրող կողմի միջոցներով են եղել: Տարին հայ աստղագիտության համար նշանավորվել է Միջազգային աստղագիտական միության հովանու ներքո կազմակերպված դպրոցի՝ Հայաստանում անցկացվելու փաստով, ինչը, պարոն Հարությունյանի կարծիքով, եւս մեծ դեր կարող է ունենալ մեր երկրի՝ տարածաշրջանային կենտրոն դառնալու համար: Տնօրենի խոսքով, աստղադիտարանն այսօր ունի դիտողական հնարավորությունների ավելացման հետ կապված խնդիրներ. «Մեծ դիտակը պահանջում է նորացում, օպտիկան ու մեխանիկան լավ վիճակում են, բայց հայելապատ անդրադարձնող շերտը ժամանակ առ ժամանակ պետք է նորացվի, քանի որ դրա վրա ժամանակի ընթացքում առաջացել են քերծվածքներ: Նույնը վերաբերում է նաեւ դիտակի ընդունիչ սարքավորումներին: Այն ժամանակ, երբ այն կառուցվում էր, օգտագործվում էին, այսպես կոչված, ֆոտոժապավեններ, հիմա պետք է անցնել էլեկտրոնային տարբերակի, մինչդեռ դիտակի ղեկավարումը դեռեւս արվում է հին սխեմաներով»:

Անդրադառնալով աստղադիտարանում աշխատողների միջին աշխատավարձին՝ Հ. Հարությունյանը հայտնեց, որ իրենց աշխատակիցների միջին աշխատավարձը նվազագույնի կարգի է՝ 30-37 հազար դրամ: «Նման աշխատավարձի պարագայում խոսել աստղագիտության ոլորտի զարգացման մասին՝ անիմաստ է»,- կարծում է մեր զրուցակիցը, միեւնույն ժամանակ հավելում, որ, չնայած ցածր աշխատավարձին, հայ երիտասարդները ձգտում են հանդես գալ աստղագիտության ոլորտում: Իրենք էլ աստղադիտարանում աշխատող երիտասարդ կադրերին ներգրավում են միջազգային տարբեր ծրագրերում, որպեսզի երիտասարդներն ունենան հավելյալ ֆինանսավորում եւ չմնան միայն չնչին աշխատավարձի հույսին: «Երիտասարդներն ավելի պրագմատիկ են, լավ են տեսնում կյանքը, եւ եթե հնարավորություն կա ավելի լավ պայմաններում աշխատելու, նրանք կձգտեն դուրս, եւ ոչ ոք նրանց այդ հարցում չի կարող մեղադրել, որովհետեւ դրսում ե՛ւ աշխատավարձն է բարձր, ե՛ւ կայանալու ավելի մեծ հնարավորություններ կան, նաեւ աշխատանքային պայմաններն են ավելի լավը, կարող են տարբեր գիտաժողովների մասնակցել եւ այլն»,- ասում է տնօրենը:

Հ. Հարությունյանը նշեց, որ համալսարանում ունեն ուսանողների մի խումբ, որոնց հիմնական դասախոսությունները կարդում են Բյուրականի աստղադիտարանի աշխատակիցները. «Նրանց պետք է տեղափոխել Բյուրական, դա պետք է լինի այն մասը, որի վրա պետք է առաջանա տարածաշրջանային գիտակրթական կենտրոն»: Այստեղ էլ, սակայն, մի այլ խնդիր կա՝ ուսանողների բնակության հարցը: Աստղադիտարանն ունի հյուրանոց, որն առայժմ չի ջեռուցվում: Մեր զրուցակիցն ասաց, որ փորձելու են աստղադիտարանի լաբորատոր շենքի ջեռուցման համար իրենք գումար հայթայթել, ոչ թե հույսը դնել պետական միջոցների վրա: «Վրաստանը իր աստղադիտարանի միայն հյուրանոցային համալիրը վերանորոգելու համար պետական միջոցներից տրամադրեց 2 մլն դոլար, Ադրբեջանը նույնը անելու համար 32 մլն դոլար է տվել, Թուրքիայում կառուցում են նոր աստղադիտարան: Պարզ է, որ մեր հարեւանները մեզանից հարուստ են: Մենք 32 մլն չենք ուզում, այլ ընդամենը 1 մլն: Աշխատում ենք քչով բավարարվել, բայց նույնիսկ դա մեզ չի հաջողվում ձեռք բերել, ստիպված ենք երկար սպասել ու պայքարել»,- ասում է աստղադիտարանի տնօրենը: Նման սուղ պայմաններում նա զարմանում է՝ ինչպե՞ս է Վ. Համբարձումյանի անվան մրցանակի համար սահմանվել 500 հազար ԱՄՆ դոլար. «Միշտ ողջունել եմ եւ ժամանակին ինքս էի պնդում, որ պիտի լինի նման մրցանակ: Հասկանալի է, որ միջազգային մրցանակը երկրի իմիջի հարցն է, բայց երբ տեսնում եք, որ մրցանակի համար կարելի է տալ 500 հազար դոլար (ինքն առաջարկել էր 10 հազար- Լ. Խ.), բայց աստղագիտական հնությունը զրկված է այս կամ այն բանը ձեռք բերելուց՝ 1000 կամ 10 հազար դոլարի պատճառով, այդ անհամամասնությունը մարդկանց մեջ ոչ միայն կառավարության, այլեւ մրցանակի նկատմամբ է վատ արձագանք ունենում: Համբարձումյանը ավելի կարեւորում էր աստղադիտարանը, քան սեփական անձը: Նրա համար կարեւորը գիտության զարգացման համար պայմանների ստեղծումն էր: Եթե ուզում ենք Համբարձումյանի հիշատակը վառ պահենք, ապա պետք է նախ ստեղծածը պահպանենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել