Լրահոս
Օրվա լրահոսը

Մի ասեղ հետս չեմ տարել

Հունվար 12,2011 00:00

Ասում է գյուղատնտեսության նախկին նախարարը

Գյուղատնտեսության նախկին նախարար ՕԵԿ-ական Գերասիմ Ալավերդյանը հերքում է մամուլի այն հրապարակումը, ըստ որի՝ ինքը գյուղնախարարի պաշտոնից հեռանալուց հետո իր հետ է տարել նախարարության հաշվեկշռում գտնվող հեռուստացույցը: «Ընդհակառակը, ես կահավորել եմ իմ կաբինետը, սիրուն սարքել եմ, նոր թողել-գնացել եմ»,-News.am-ի հետ զրույցում ասաց Ալավերդյանն ու հավելեց. «Երբ ես եկել եմ նախարարի իմ աշխատանքին, սենյակումս ոչ մի բան չի եղել: Ես կահավորեցի այն եւ հեռանալուց նույնիսկ ոչ մի ասեղ էլ հետս չտարա: Դա ինձ ոչ պետք է, ոչ էլ անհրաժեշտ էր, մանավանդ, որ ինձանից հետո իմ քաղաքական թիմի ներկայացուցիչն է անցել գործի»,- բացատրեց Ալավերդյանը:

Նա նշեց նաեւ, որ պատրաստվում է հերքում պահանջել այդ տեղեկությունը տպագրած թերթից, եւ այդ մասին ՕԵԿ մամուլի ծառայությունն արդեն իսկ աշխատանքներ է տանում:

Ինչ վերաբերում է մամուլի այն տեղեկությանը, թե նախարար եղած ժամանակ Ալավերդյանն իր ծննդյան օրվա կապակցությամբ նախարարության աշխատակիցներից որպես նվեր 200-ական դոլար գումար էր հավաքել, Ալավերդյանն ասաց. «Ես այդ մասին արդեն մեկնաբանություն տվել եմ եւ էլ հավես չունեմ մեկնաբանելու: Ասել եմ, որ նման լուրերը հերյուրանքներ են, մարդու վարկաբեկելու խնդիր են հետապնդում: Էլ չգիտեն՝ ինչ գրեն, նման անհեթեթ բաներ են գրում»,- հայտարարեց նախկին նախարարը:

Նշենք, որ թերթերից մեկը գրել էր, թե ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար ՕԵԿ-ական Գերասիմ Ալավերդյանը նախարարական աթոռը լքելուց հետո իր հետ է տարել նախարարության հեռուստացույցը: Նախարարության պատասխանատուները Ալավերդյանին հորդորել են ձեռնպահ մնալ այդ ոչ այնքան գեղեցիկ արարքից, սակայն նա հակադարձել է՝ թե «նայել է» հեռուստացույցի փաստաթղթերը, ու ինքն ամեն ինչ «ճիշտ է անում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել