Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Միլիոնների խախտումներ՝ Տավուշում

Հունվար 12,2011 00:00

\"\"2010 թվականի մայիսի 12-ից հուլիսի 3-ը ՀՀ վերահսկիչ պալատը Տավուշի մարզում ստուգումներ էր կատարում: Դրանց արդյունքները ամփոփվեցին Ծննդյան տոներից առաջ՝ դեկտեմբերի 27-ին, նախատոնական աշխույժ եռուզեռի օրերին:

Վերահսկիչը ստուգել է Դիլիջան, Իջեւան, Բերդ, Այրում քաղաքների եւ 10 գյուղերի, ինչպես նաեւ Տավուշի մարզպետարանի կողմից բյուջետային միջոցների ծախսման օրինականությունը: Մարզպետարանում քաղաքաշինության ոլորտում բացահայտվել է 98 միլիոն դրամից ավելի խախտում: Ուսումնասիրվել է ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված ընտանիքների 28 տոկոսի գործերը եւ պարզվել, որ սոցիալական ծառայություններ մատուցող տարածքային գործակալությունները 222 գործերում խախտումներ են կատարել, 88 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից՝ խախտումների չափը՝ 20 միլիոն դրամ: Տավուշի մարզպետարանում բացահայտվել է 144 միլիոն 955 հազար դրամի խախտում:

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը հայտնեց, որ շինարարության ոլորտում խախտումներ թույլ տված կազմակերպությունների ղեկավարներին հանձնարարական է տրվել՝ վերացնել դրանք, նորից է կատարվել 79 միլիոն դրամի աշխատանք: Իջեւանի, Բերդի եւ Նոյեմբերյանի սոցիալական ծառայությունների պետերի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ սոցիալական ծառայություններում աշխատանքից ազատվել են մեծ թվով խախտումներ թույլ տված աշխատակիցներ, գումարների 70 տոկոսը վերականգնվել է: Ոչ մի գործ Վերահսկիչը դատախազություն չի ուղարկել: Չբացառելով հանդերձ կոռուպցիոն ռիսկերը, խախտումների հիմնական պատճառ՝ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը համարեց օրենքների չիմացությունը, դրանք չկիրառելը, անկատար օրենքները: Իշխան Զաքարյանը դրական համարեց նաեւ գումարների վերականգնումը, հայտարարելով, որ պատճառված վնասի 70 տոկոսը վերականգնվել է: Սակայն՝ եթե Վերահսկիչը չբացահայտեր այդ խախտումները, դրանք «մարսվելու» էին: Բայց Վերահսկիչ պալատը Տավուշում ամեն տարի ստուգումներ չի կատարելու, որ վնասները վերականգնվեն: Միգուցե Վերահսկիչը բացահայտե՞ր առեղծվածը, թե ինչու տարիներ շարունակ մարզի շինարարական մրցույթներում հիմնականում նույն կազմակերպություններն են հաղթում:

ՀՀ կառավարության սահմանած չափորոշիչների համաձայն, Տավուշի մարզը լավագույնն էր 2009 թվականին («Առավոտ», 25. 02. 2010՝ «Գերազանցիկը» էլի Տավուշն է»): Եթե այսքան խախտում կա լավագույն մարզում, ապա դժվար չէ հասկանալ, թե ինչ է կատարվում 10 մարզերի մեջ 10-րդ տեղը զբաղեցրած Արարատում, 9-րդը ճանաչված Արագածոտնում կամ թեկուզ երրորդ տեղում գտնվող Սյունիքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել