Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՄԱՆՈՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հունվար 12,2011 00:00

\"\"Ոմանց համար սրանք շփվելու եւ ինֆորմացիա փոխանակելու միջոց են, ոմանք տխրում են, որ հեռացել ենք մեր արմատներից

Տոնական օրերն ավարտվեցին՝ ետեւում թողնելով անվերջանալի թվացող կերուխումերն ու գինարբուքները: Նախորդ տարիներից գրեթե ոչնչով չտարբերվող 2011-ն էլ, ինչպես միշտ, սպասված է երեխաների համար. չէ՞ որ մեկ տարի սպասել են Ձմեռ պապին ու նվերներին. իսկական գլխացավանք մեծահասակների համար՝ ծախսային ու պարտադրանք դարձած հյուրընկալությունների առումով:

Երբ հյուր գնալն ու հյուր ընդունելը դառնում է պարտադրանք՝ հաճույքից վերածվում է հոգսի, դրանից բացի՝ նաեւ մարդու ազատ կամքն է ոտնահարվում. իր կարծիքն «Առավոտին» հայտնեց երաժիշտ Արարատ Երանոսյանը: Ամանորի այցելություններից նա հրաժարվել է երկու տարի առաջ: Հիմա հյուրեր ընդունում է, բայց անձամբ հյուր չի գնում, եթե հյուրընկալողը մերձավոր չէ: «Տհաճ է, երբ հյուրընկալում ես մեկին, ում չես սիրում, բայց ստիպված հետը նստում՝ բաժակ-բաժակի ես խփում եւ ակամա մասնակից դառնում քեզ չհետաքրքրող, անիմաստ ու ձանձրալի քննարկում-բամբասանքներին: Եթե «հյուրն Աստծունն է» կարգախոսով առաջնորդվելով՝ մեծ ջանքերի գնով կարող եմ հարկիս տակ Ամանորի հյուրեր ընդունել, ապա դա չի նշանակում, որ ինքս ինձ կարող եմ ստիպել՝ այլոց հյուրընկալվել: Եթե ես ուզում եմ ընդունել ինձ ցանկալի մարդկանց, դա անում եմ մեծ սիրով: Այլ կերպ պատկերացնել չեմ կարողանում»,- ասաց երաժիշտը: Նրա կարծիքով՝ ավանդական արմատներ ունեցող Ամանորի փոխայցելությունները մեր օրերում նենգափոխվել եւ կորցրել են իմաստն ու ձեւը: Ըստ նրա՝ հնուց եկած այդ սովորույթը ներկայում մրցավազքի է վերածվել, որտեղ նախապատվությունը տրվում է տոնական նվերների արժեքին:

Ամանորի փոխայցելությունների թեմայով «Առավոտի» հետ կարծիքներով կիսված 11 էջմիածինցիներից միայն երեքը հավանության արժանացրին տոնական այցերը: Մնացածի կարծիքով՝ դա ճնշում է, բռնություն, որին ենթարկվում են սովորույթի ուժով:

«Առանց էն էլ տարվա մեջ էդ մի օրն ենք մարդավարի շփվում: Դրանից էլ որ հրաժարվենք, էնա՝ ասա մարդկության շարքերից ջնջվենք-պրծնենք»,- ասաց վարորդ Հովհաննես Կարապետյանը, ով շփվել ասելով՝ նկատի ուներ կերուխումը: Գործազուրկ Էմմա Վարդանյանի համար էլ հյուրընկալությունները ինֆորմացիա փոխանցելու, մի փոքր էլ գինովնալու միջոց են: Իսկ Աիդա Կարապետյանն իր կյանքն առանց հյուրերի չի պատկերացնում. «Ոչ միայն Նոր տարուն, այլ ամեն օր եմ հյուրեր ընդունում: Եթե մի օր էլ հյուր չեմ ունենում՝ ինքս եմ գնում: Միմյանց այցելելն ինձ երբեք չի կարող ձանձրացնել: Կարող եմ սեղանակից լինել նաեւ իմ կողմից անընդունելի մարդկանց եւ դրանից վատ չզգալ: Իսկ երբ խոսքը վերաբերում է Ամանորի հյուրերին, ովքեր էլ լինեն՝ աչքիս վրա տեղ ունեն»:

Նրանցից եւ ոչ մեկը չհիշեց, որ Նոր տարուն միմյանց այցելելը պարզապես ավանդույթ է, որը նաեւ ազգային, գեղեցիկ դրսեւորումներ ունի հատկապես ծիսական առումով՝ Տարեմուտից առաջ նորահարսները փեսային փնջած խնձոր էին ուղարկում, իսկ վերջինս պտուղը ետ էր ուղարկում՝ դրանում տեղադրելով արծաթե դրամներ:

«Ամանորը մեծարանքի ու շնորհավորանքի տոն է: Հնում ոչ մեկն իր տանը չէր նշում, մինչեւ ողջ համայնքի տներով շրջած չլիներ: Այդ շրջայցերը, սակայն, կամայական ու հաշվենկատ չէին, ինչպես հիմա: Ոչ էլ գինարբուքի էին վերածվում: Համայնքի բնակիչները հավաքվում ու առաջինն այցելում էին տանուտերին, հետո՝ վարժապետին: Որից հետո գնում էին ննջեցյալների տուն՝ գլուխն անուշելու: Իսկ նորափեսաները աներոջն ու կնքահորն էին հյուրընկալվում: Հյուր գնալու հատուկ հերթականություն կար, որը երբեք չէր խախտվում: Այդ շարքը շարունակում էին համայնքի ծերերը, որբեւայրիները, նորաստեղծ ընտանիքները: Այցելություններն ավարտվում էին բացօթյա, համայնական սեղանի շուրջ՝ իսկական տոնախմբությամբ: Յուրաքանչյուրը տոնն իրենն էր համարում: Իսկ հիմա այդպես չէ, որովհետեւ գլուխ է բարձրացրել մրցակցությունը. ում սեղանն ավելի առատ կլինի, ում տոնածառն ավելի ճոխ, ում հյուրերն ավելի շատ ու առատաձեռն»,- «Առավոտին» փոխանցեց ազգագրագետ Արուսյակ Սահակյանը: Վերջինս ցավ է ապրում, որ տոները, այդ թվում՝ Ամանորը, տեղափոխել են բնակարաններ: Անընդունելի է համարում այն հրավերքները, որոնք Տարեմուտից առաջ հեռուստառադիոեթերներից հնչեցնում են ռեստորանատերերը: «Բավական չէ դաշտային վիճակից մեր տոները հանեցին ու խցկեցին տներ, հիմա էլ ռեստորաններ են կանչում: Այդ գնված ակտիվությունը ժողովրդին չի ուրախացնում: Ռեստորան լինի, թե հրապարակային միջոցառում, միեւնույն է՝ ժողովուրդը չի ուրախանում. մնում է պասիվ հանդիսատես, որովհետեւ տոնն իրենը չի համարում»:

Ազգագրագետի կարծիքով, հայկական տոնը մեզնից խլել ու տեղը լցրել են գռեհկաճաշակությամբ. «Ինձ հետաքրքիր չէ 35 000 դրամով վաճառվող այն տոնածառը, որը ինչ-որ մարդկանց տանը մի քանի օր զարդարվելուց հետո հայտնվում է աղբանոցում: Հետաքրքիր չեն նաեւ թանկարժեք մթերքով ծանրաբեռնված սեղանները, որոնց նայելով՝ արդեն հագենում ես: Երբ տոնը վերածվում է շուկայի՝ կորցնում է գաղափարն ու դառնում անհետաքրքիր: Երբ հյուր գնալուց առաջ երկար մտածում ես նվեր տանելու մասին, դառնում է հոգս: Մինչդեռ՝ ըստ ավանդույթի, Ամանորի փոխայցելությունների ժամանակ մեր պապերը հարատեւության խորհուրդն ունեցող նուռ եւ սիրո ու հավատարմության պտուղ խնձոր են միմյանց նվիրել»: Արուսյակ Սահակյանը կարծում է՝ եթե հնարավոր լինի վերագտնել ավանդույթի այս տարրը, բավականին կթեթեւանա հենց մարդկանց հոգսը, «ի՞նչ նվեր տանելն» այլեւս հարցերի հարց չի լինի: «Ավանդույթն էլ է օրենք՝ կարգավորված մի համակարգ: Եթե դա էլ հանենք՝ տակը ոչինչ չի մնա: Հեռանալով սովորույթներից, հեռանում ենք արմատներից»,- մտահոգություն հայտնեց ազգագրագետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել