Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Բռնության սպառնալիքն ինչպե՞ս արտահայտվեց

Հունվար 12,2011 00:00

Դատարանը սխա՞լ է կիրառել օրենքը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին է դիմել ամբաստանյալ Վաչագան Սուրենի Գապոյանի պաշտպան Գեւորգ Ստեփանյանը: Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Վ.Մելիքյան) անցյալ տարվա նոյեմբերի 5-ի դատավճռով վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկման 5,6 տարի ժամկետով: Ըստ վերաքննիչ բողոքի, Թաթուլ Ասատրյանը եւ Երեւանի բնակիչ, հանգուցյալ Դավիթ Հարությունյանը 2003 թ. ապրիլի 28-ին հիմնադրել են «Դավիթ-Թաթուլ» ՍՊԸ-ն: Գործունեության համար Դ. Հարությունյանը ներդրել է $14 700՝ գնելով 42 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, որից հետո եւս $3000՝ ֆերմայի աշխատանքները կազմակերպելու համար, իսկ տուժող Թաթուլ Ասատրյանը՝ $4900՝ անասնակեր գնելու համար: Անասնապահական ֆերման աշխատել է 50:50 բաժնեմասով, իսկ Թ. Ասատրյանը կազմակերպել է մնացած բոլոր աշխատանքները: 2006թ., Դ. Հարությունյանի մահից հետո, նրա գործունեությամբ զբաղվել է կինը՝ Թամարա Գեւորգյանը: Վերջինս Թ. Ասատրյանին ներկայացրել է գումարային պահանջագիր իր ամուսնու պարտքը վերադարձնելու համար: Վարդենիսի բնակիչ Վ. Գապոյանը 2008թ. դեկտեմբերից մինչեւ 2009թ. մայիս ընկած ժամանակահատվածում Թ. Գեւորգյանի կողմից լիազորված է եղել Թաթուլ Ասատրյանից նախկինում եղած պարտքի գումարը վերցնելու եւ նրան փոխանցելու համար: Վ. Գապոյանը, ըստ գործի նյութերի, «օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կարգի խախտմամբ իր ենթադրյալ իրավունքները ինքնակամ իրականացրել է բռնություն գործադրելու սպառնալիքով, Թաթուլ Ասատրյանին պատճառել է էական վնաս, այն է՝ վերցրել է 2 253 900 ՀՀ դրամ՝ վերջինիս պատճառելով նյութական վնաս»: Տեղեկացնենք, որ 2009թ. հուլիսի 6-ին Վարդենիսի բնակիչներ Ս. Մաթեւոսյանը եւ Ա. Սեսմանուկյանը դիմել են ՀՀ ոստիկանության պետ Ա. Սարգսյանին՝ Վաչագան Գապոյանի կողմից գումար եւ ավտոմեքենա շորթելու կապակցությամբ: Վաչագանն իրեն մեղավոր չի ճանաչել:

Փաստաբանի գնահատմամբ. «Ակնհայտ երեւում է, որ կատարվել է խիստ թերի, մակերեսային, թռուցիկ քննություն, անհիմն ձգձգվել են նախաքննության ժամկետները, նախաքննության տարբեր ժամանակահատվածներում քննությունը կատարվել է տարբեր քննիչների կողմից, ոչ ճիշտ իրավական գնահատական է տրվել իմ պաշտպանյալի արարքներին: Քննությամբ չի պարզվել հանցագործության պատճառահետեւանքային կապը: Նախաքննության ընթացքում խախտվել է մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պահպանության Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված գործի արդարացի քննության՝ Վ. Գապոյանի իրավունքը եւ օրինական շահերը»:

Փաստաբանը գտնում է, որ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը Վաչագանին մեղավոր ճանաչելու մասին՝ անօրինական է, անհիմն է, պատճառաբանված չէ, եւ դատարանը սխալ է կիրառել քրեական օրենքը: Վերաքննիչ բողոքում փաստաբանը շեշտում է, որ դատարանը պետք է որոշում կայացներ քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, իսկ դատավճիռ կայացնելու հիմքում դատարանը պետք է դներ իր կողմից միայն արժանահավատ համարված ապացույցները, մասնավորապես՝ տուժող Թաթուլ Ասատրյանի ցուցմունքները պետք է դիտեր ոչ արժանահավատ: «Վերջինս շատ լավ գիտակցելով, որ հնարավոր է իր կողմից խարդախությամբ հանգուցյալ Դավիթ Հարությունյանի գույքին տիրանալու փաստերն ի վերջո ի հայտ գան, իր հարազատների միջոցով դիմել է իրավապահ մարմիններին՝ նպատակ ունենալով քողարկելու իր ապօրինի արարքները: Թաթուլ Ասատրյանը, օգտվելով Դավիթ Հարությունյանի մահվան հանգամանքից, անընդհատ հղումներ է անում վերջինիս հետ պարտքուպահանջ չունենալու բանավոր պայմանավորվածությունների մասին՝ հասկանալով, որ դա հնարավոր չէ հաստատել: Այդ պատճառով նա ոչ մի հաշվապահական հաշվառում չի տարել, հարկային եւ վիճակագրական մարմիններին ոչ մի հաշվետվություն չի ներկայացրել՝ գործելով հարկային դաշտից դուրս»,- իր բողոքում նշում է Վ. Գապոյանի պաշտպանը:

Տրամաբանությունը հետեւյալն է. եթե Ասատրյանը գումար պարտք չլիներ, 2008թ. նոյեմբերին կդիմեր իրավապահ մարմիններին՝ Գապոյանի կողմից իրենից գումար վերցնելու կապացությամբ: Կամ, ինչպե՞ս է, որ 2007թ. Վարդենիսի պետռեգիստրում համաձայնություն է տվել որպես իրավահաջորդ գրանցելու հանգուցյալ Դավիթ Հարությունյանի կնոջը՝ Թամարա Գեւորգյանին, եթե ոչ մի պարտքուպահանջ չի ունեցել Դավիթ Հարությունյանի հետ, ապա ինչո՞ւ է համաձայություն տվել, որ Թամարա Գեւորգյանը դառնա ֆերմայի 50%-ի բաժնետերը: Ուշադրության է արժանի նաեւ, որ դատարանը, դատավճիռը հրապարակելիս, ամբաստանյալ Վաչագան Գապոյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 322 հոդվածի 2-րդ մասով եւ դատապարտել է ազատազրկման՝ 2 տարի 6 ամիս ժամկետով, մինչդեռ դատավճիռը ստանալիս պարզվեց, որ վերը նշված արարքի համար ամբաստանյալ Վ. Գապոյանը դատապարտվել է ավելի մեծ պատժաչափի:

Վերաքննիչ դատարանից փաստաբան Գեւորգ Ստեփանյանն ակնկալում է Վաչագան Գապոյանի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել